ԱՐՄՆԱԲ-ը կմիանա EA MLA-ին. ՀՀ լաբորատորիաների և սերտիֆիկացման արդյունքները կճանաչվեն Եվրոպայում

Հավատարմագրման եվրոպական համագործակցությունը (European co-operation for Accreditation, EA) դրական որոշում է կայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (National Accreditation Body, ARMNAB)՝ EA բազմակողմ ճանաչման համաձայնագրին (EA Multilateral Agreement, EA MLA) միանալու վերաբերյալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է Ֆրանսիայի Ռուասի-ան-Ֆրանս քաղաքում տեղի ունեցած EA Բազմակողմ ճանաչման համաձայնագրի խորհրդի (EA Multilateral Agreement Council, MAC) 55-րդ նիստում։
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՐՄՆԱԲ-ի փոխադարձ գնահատման արդյունքները։ Խորհուրդը դրական որոշում է կայացրել ԱՐՄՆԱԲ-ի՝ EA MLA համաձայնագրի ստորագրող կողմ դառնալու վերաբերյալ հետևյալ առանցքային ոլորտներում.
- Փորձարկման լաբորատորիաներ (EN ISO/IEC 17025)
- Տրամաչափարկման լաբորատորիաներ (EN ISO/IEC 17025)
- Կառավարման համակարգերի սերտիֆիկացում (EN ISO/IEC 17021-1)
Փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի վերջին՝ EA գագաթնաժողովի ընթացքում։
Համաձայնագրերի կնքման արդյունքում կկրճատվեն թե՛ արտադրողի, թե՛ ներմուծողի ծախսերը, քանի որ կկրճատվի կամ կվերանա արտադրանքի (ծառայության) մյուս երկրում վերագնահատման անհրաժեշտությունը, ինչն էլ կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը։
Համատեքստ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է փորձարկման լաբորատորիաների միջազգային հավատարմագրման ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի նախագիծ։ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված լաբորատորիաները, որոնք կստանան ILAC MRA-ի անդամ հավատարմագրման մարմնի հավատարմագրում, կարող են ստանալ ծախսերի մինչև 70%-ի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ (մոտ 13 800 ԱՄՆ դոլար), իսկ հավատարմագրման ոլորտը ընդլայնելու դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026-ին նախատեսվում է 6 մլն դրամ, 2027-ից՝ տարեկան 16 մլն դրամ, իսկ ծրագիրը կգործի մինչև 2030-ի նոյեմբերի 10-ը։
2026-ի հունիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական բուսական և կենդանական ծագման արտադրանքի ներմուծման նկատմամբ։ ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ դրանք վերաբերում են արտադրանքին, որի արտահանումը 2025-ին կազմել է ՀՆԱ-ի շուրջ 1,2%-ը։ Ծաղիկների, ձկնամթերքի և կորիզավոր մրգերի արտադրության մեծ մասն արտահանվում է Ռուսաստան, և կարճաժամկետ հեռանկարում այլ շուկաներ վերակողմնորոշվելու հնարավորությունները սահմանափակ են։
Սեպտեմբերի 24-ին Եվրոպական միության խորհուրդը վերջնականապես ընդունել է հայկական ապրանքների համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները։ Դրանք ընդգրկում են ԵՄ ուղղությամբ հայկական արտահանման մոտ 80%-ը և կգործեն երկու տարի։ Խորհրդի հաղորդագրության համաձայն՝ միջոցների նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի կիրառած սահմանափակումներից հետո։



