Առևտրի էլեկտրոնային հարթակները ՊԵԿ կներկայացնեն ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների տվյալները

Առևտրի էլեկտրոնային հարթակները շահագործողները 2027-ի հունվարի 1-ից ամեն ամիս Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) կներկայացնեն տեղեկատվություն այն ապրանքների մասին, որոնք հայաստանյան ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը հարթակների միջոցով վաճառում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրների ֆիզիկական անձանց։
Կառավարությունը հոկտեմբերի 8-ին ընդունել է որոշում, որով սահմանվել են ներկայացվող տեղեկատվության շրջանակը, դրա ներկայացման և հասանելիության կարգը։ Հիմնավորման համաձայն՝ 2026-ի մարտի 4-ի Հարկային օրենսգրքի փոփոխություններով (ՀՕ-83-Ն օրենք) նման վաճառքների դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) 0% դրույքաչափի կիրառումը պետք է հիմնավորվի հենց հարթակը շահագործողի ներկայացրած տեղեկատվությամբ։ Խոսքը ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասին է, որոնք մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց։ Նախագիծը մշակել է ՊԵԿ-ը։
Հարթակը շահագործողը կնշի իր և հարթակի անվանումը, կայքի հասցեն, ապրանք մատակարարող ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալներն ու ՀՎՀՀ-ն, տրանսպորտային (ապրանքաուղեկցող) փաստաթղթի համարն ու ամսաթիվը՝ առկայության դեպքում։ Յուրաքանչյուր ապրանքի համար կներկայացվեն ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ առնվազն 6 նիշով, անվանումը, արտիկուլը, չափման միավորը, քանակը, արժույթը, միավորի գինը և ընդհանուր արժեքը՝ վաճառողի զեղչը հաշվի առնելով, ինչպես նաև գնորդին հանձնելու ամսաթիվը։
Նույն տվյալները կներկայացվեն նաև վերադարձված ապրանքների կամ այն դեպքերի մասին, երբ գնորդը հրաժարվել է արդեն վճարված ապրանքից, այդ թվում՝ երբ վերադարձված ապրանքը հետ է ներմուծվում Հայաստան, նշելով վերադարձի կամ հրաժարման ամսաթիվը։
Տեղեկատվությունը կներկայացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ ՊԵԿ-ի սահմանած ծրագրային ձևաչափով, որը կհրապարակվի ՊԵԿ կայքում, յուրաքանչյուր ամսվա համար՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 20-ը։ Սխալներ հայտնաբերելու դեպքում հարթակը կներկայացնի ճշտված տեղեկատվություն։ ՊԵԿ-ը ստացված տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կտեղադրի տվյալ հարկ վճարողի անձնական էջում՝ հաշվետվությունների էլեկտրոնային համակարգում։
Հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։



