Ռիելթորական ոլորտը խորացնում է թվայնացումը. Կադաստրի կոմիտեի երկու նախագծերը քննարկման են

Հայաստանում անշարժ գույքի վաճառքի կայքերը, որոնք կմիանան ռիելթորական գործունեության պետական Միասնական տեղեկատվական համակարգին, պետք է ապահովեն միջին ամսական առնվազն 99% տեխնիկական հասանելիություն և տեղեկատվությունը ներկայացնեն հայերեն, ռուսերեն ու անգլերեն։ Կադաստրի կոմիտեն՝ անշարժ գույքի պետական գրանցման լիազոր մարմինը, e-draft.am հարթակում հրապարակել է կառավարության որոշումների երկու նախագիծ։ Երկրորդ նախագծով ռիելթորները, անշարժ գույքի կառավարիչները և նրանց կազմակերպությունները 2027-ի հունիսի 1-ից հաշվառման դիմումները կներկայացնեն միայն էլեկտրոնային եղանակով՝ նույն համակարգի միջոցով։
Նախագծերը կիրարկում են «Ռիելթորական գործունեության մասին» օրենքը։ Կայքի սեփականատերը Կադաստրի կոմիտե կդիմի e-request.am հարթակով և կվճարի «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված տուրքը։ Համապատասխանության դեպքում կոմիտեն 30 օրում կայքը կներառի փոխգործելի կայքերի ցանկում, իսկ թերությունների դեպքում դիմողին կտա առնվազն երեք աշխատանքային օր դրանք վերացնելու համար։ Միացումից առաջ անցկացվելու է համակարգի և կայքի տեխնիկական փորձարկում, իսկ փոխգործելի կայքերի ցանկը հրապարակվելու է համակարգում։
Գույքի տվյալները համակարգում ստուգվելուց հետո օգտատերը կընտրի մեկ կամ մի քանի կայք և անկանխիկ կվճարի դրանցից յուրաքանչյուրի սահմանած հրապարակման վճարը։ Վճարումից հետո համակարգն ինքնաշխատ կայքին կփոխանցի գույքի հասցեն, կադաստրային ծածկագիրը, մակերեսը, գինը, նկարագրությունը, լուսանկարները, «Ստուգված է» և «Հաստատված է» կարգավիճակները, ինչպես նաև ստուգման ամսաթիվն ու ժամը։ Պատվիրատուի և սեփականատիրոջ՝ հրապարակման համար չնախատեսված անձնական տվյալները կայքերին չեն տրամադրվի։
Կայքերը «Ստուգված է» և «Հաստատված է» կարգավիճակները պարտավոր են ցույց տալ հայտարարության հիմնական էջում՝ մյուս տվյալներից տարբերվող եղանակով։ Նրանք իրավունք չեն ունենա փոխելու համակարգից ստացված գինը, մակերեսը կամ հասցեն, ինքնուրույն տալու այդ կարգավիճակները կամ որպես գործող ցուցադրելու համակարգից հանված հայտարարությունը։ Համակարգում տվյալների փոփոխությունն ինքնաշխատ կարտացոլվի բոլոր կայքերում, իսկ անհամապատասխանության դեպքում ելակետային կլինեն համակարգի տվյալները։ Կայքերում որոնումը պետք է հնարավոր լինի ըստ գույքի գտնվելու վայրի, տեսակի, մակերեսի, գնի և հայտարարության կարգավիճակի։
Պլանային տեխնիկական աշխատանքների մասին սեփականատերը կոմիտեին կտեղեկացնի 5 աշխատանքային օր առաջ, իսկ տեղեկատվական անվտանգության միջադեպի մասին՝ հայտնաբերումից ոչ ուշ, քան 24 ժամում։ Խախտումների դեպքում կոմիտեն կկասեցնի կայքի փոխգործելիությունը համակարգի հետ։ Վերացվող խախտումների համար սեփականատիրոջը նախապես կտրվի երեք աշխատանքային օր, իսկ անվտանգության կամ քաղաքացիների իրավունքների էական խախտման դեպքում կասեցումը կլինի անհապաղ։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ Հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Հաշվառման դիմումը ներկայացվելու է համակարգի անձնական գրասենյակից և ստորագրվելու է էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Անհատ ձեռնարկատիրոջ և կազմակերպության տվյալները համակարգը կստանա պետական տեղեկատվական համակարգերից, իսկ ռիելթորի որակավորման վկայականի գործող լինելը կստուգի ինքնաշխատ։ Որպես ռիելթոր հաշվառված անձը միաժամանակ կհաշվառվի որպես անշարժ գույքի կառավարիչ՝ առանց առանձին դիմումի։ Անհատ ձեռնարկատերերն ու կազմակերպությունները դիմումին կկցեն սեփականության կամ տնտեսական գործունեության դեմ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին գրավոր հայտարարություն, իսկ կազմակերպությունները՝ նաև ռիելթորի կամ անշարժ գույքի կառավարչի հետ կնքված պայմանագրի օրինակը։
Լիազոր մարմինը դիմումը կուսումնասիրի հինգ աշխատանքային օրում, իսկ թերի փաստաթղթերի դեպքում երկու աշխատանքային օրում այն կվերադարձնի դիմողին։ Թերությունները վերացնելուց հետո կրկին ներկայացված դիմումը կհամարվի նոր, և ժամկետը կհաշվարկվի նորից։ Հաշվառումից հանելու որոշումից հետո երեք աշխատանքային օրում մարմինը կծանուցի և՛ հաշվառումից հանված անձին, և՛ նրա հետ ծառայությունների պայմանագիր կնքած պատվիրատուներին։
Լուսանկարը՝ Magnific



