Regulation

Գույք գնահատողների պարտադիր ապահովագրության կանոնները կհստակեցվեն. նախագիծ

Կադաստրի կոմիտեն մշակել է «Գնահատման գործունեության մասին» օրենքում և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծեր, որոնք մանրամասնում են գույք գնահատողների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության կանոնները։ Տարեկան նվազագույն ապահովագրական գումարը մնում է նույնը՝ յուրաքանչյուր գնահատողի կամ ծառայություններ մատուցողի համար 150 մլն դրամ (մոտ 414 հազար ԱՄՆ դոլար)։

Նախագծերը հրապարակվել են e-draft.am հարթակում, հանրային քննարկումը կտևի մինչև հոկտեմբերի 23-ը։ Գործող օրենքը սահմանում է միայն ապահովագրելու պարտականությունն ու նվազագույն գումարը։ Նախագծով մանրամասնվում է, որ գնահատման կազմակերպությունը պետք է ապահովագրի իր պատասխանատվությունը՝ մասնագիտական սխալի, բացթողման, մասնագիտական պահանջների կամ գնահատման ստանդարտների խախտման հետևանքով պատվիրատուին կամ շահառուին պատճառված դրամական վնասը հատուցելու համար։

Ապահովագրական պատահար կհամարվի այն դեպքը, երբ միաժամանակ առկա են հինգ պայման՝ գնահատման ընթացքում թույլ է տրվել սխալ կամ խախտում, դրա հետևանքով գույքը թերագնահատվել կամ գերագնահատվել է, պատվիրատուն կամ շահառուն կրել է փաստացի դրամական վնաս, խախտման և վնասի միջև կա անմիջական պատճառահետևանքային կապ, և վնասը ծագել է ապահովագրության ժամանակահատվածում կատարված գնահատման հետևանքով։ Գնահատումից հետո գույքի շուկայական արժեքի փոփոխությունն ինքնին ապահովագրական պատահար չէ, եթե չի հաստատվել, որ տարբերությունը պայմանավորված է գնահատման պահին թույլ տրված սխալով։

Գնահատված արժեքի անարժանահավատությունը կհաստատի մասնագիտական հանձնաժողովը, իսկ նրա իրավասությունից դուրս հաշվետվությունների դեպքում՝ դատարանը։ Հանձնաժողովի եզրակացությունն ինքնին հատուցման բավարար հիմք չէ. վնասի փաստը, չափը և պատճառահետևանքային կապը պետք է հաստատվեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Ապահովագրության պայմանագրի կամ գնահատման կազմակերպության գործունեության դադարեցումը չի վերացնի այդ ընթացքում կատարված գնահատումների համար պահանջ ներկայացնելու և հատուցում ստանալու հնարավորությունը։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխանաբար ամրագրվում է, որ պայմանագիրը տարածվում է նաև դրա գործողության ընթացքում հաստատված հաշվետվությունների հետևանքով պայմանագրի ավարտից կամ վաղաժամկետ դադարումից հետո առաջացած պատահարների վրա։

Ապահովագրողի նկատմամբ պահանջի հայցային վաղեմության ժամկետը կհաշվարկվի այն օրվանից, երբ տուժողն իմացել է կամ պետք է իմանար վնասի և դրա՝ գնահատման ընթացքում թույլ տրված խախտմամբ պայմանավորված լինելու մասին։ Գնահատման կազմակերպության դեմ նույն վնասի համար դատական վարույթի ժամանակահատվածը ժամկետում չի հաշվարկվի, իսկ եթե դրանից հետո մնացած ժամկետը վեց ամսից պակաս է, այն կերկարաձգվի մինչև վեց ամիս։

Մնացած պահանջները պահպանվում են. գնահատման կազմակերպությունը, ինչպես և այժմ, պետք է աշխատանքային պայմանագիր ունենա առնվազն մեկ գնահատողի հետ, ով այլ գործատուի մոտ որպես գնահատող հիմնական հաստիքով չի աշխատում, և հաշվառվելիս ներկայացնի ապահովագրության գործող վկայագիրը։ Պարտադիր ապահովագրության բացակայությունը հիմք կլինի կազմակերպության նկատմամբ օրենքով նախատեսված միջոցներ կիրառելու համար։ Օրենքներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ Հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեի եկամուտներում փոփոխություն չի նախատեսվում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}