Regulation

Քաղաքացիները կկարողանան իրենց եկամտային հարկի մի մասը ուղղել լրատվամիջոցներին, ՀԿ-ներին և կուսակցություններին

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Նոր օրենսդրական նախաձեռնությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս իրենց վճարած եկամտային հարկի հաշվին անհատույց դրամական հատկացումներ կատարել հասարակական և քաղաքական հատվածի կառույցներին:

Ըստ նախագծի՝ սոցիալական ծախսերի համակարգի ընդլայնման արդյունքում ֆիզիկական անձինք կկարողանան տարեկան հայտարարագիր ներկայացնելիս ընտրել, որ իրենց հարկերի մի մասը փոխանցվի հասարակական կազմակերպություններին (ՀԿ), կուսակցություններին կամ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերին):

Հայտարարագրերի և սոցիալական ծախսերի կտրուկ աճ. ՊԵԿ վիճակագրություն

Այս փոփոխությունը ներդրվում է քաղաքացիների կողմից հայտարարագրերի լրացման և սոցիալական կրեդիտներից օգտվելու ակտիվության աճի ֆոնին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալները փաստում են համակարգի ընդլայնման մասին.

  • 2024 թվականի ամփոփ տվյալներով՝ սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար դիմել էր 81 հազար քաղաքացի, որոնց վերադարձվել էր 6.3 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ (մեկ անձի հաշվով միջինում շուրջ 77,700 դրամ)։
  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ եկամուտների տարեկան հայտարարագիր է լրացրել արդեն 119 հազար քաղաքացի։ Նրանցից 92 հազարը դիմել է սոցիալական ծախսերի փոխհատուցման համար՝ ստանալով ընդհանուր առմամբ 7.5 մլրդ դրամ (մեկ անձի հաշվով միջինում շուրջ 81,500 դրամ)։

Հազարավոր պոտենցիալ շահառուներ մեդիա և հասարակական դաշտում

Հայտարարագրեր ներկայացնող քաղաքացիների այս հսկայական զանգվածն արդեն 2026 թվականի արդյունքներով կարող է դառնալ նաև հանրային կազմակերպությունների և մեդիադաշտի ֆինանսավորման աղբյուր: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով (2024-ի վերջ)՝ Հայաստանում գրանցված է 6,907 հասարակական կազմակերպություն և 123 կուսակցություն:

Ըստ «Media Ownership Monitor Հայաստան 2025»-ի շտեմարանի՝ երկրի 42 ամենաազդեցիկ լրատվամիջոցները պատկանում են 39 ընկերությունների (մեծամասնությունը՝ ՍՊԸ, 6-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ հիմնադրամ):

Ինչպե՞ս է գործելու մեխանիզմը

Որպեսզի քաղաքացին կարողանա օգտվել հարկերի վերահասցեագրման այս իրավունքից, նա պարտավոր է սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը):

Թե որքա՞ն կլինի փոխհատուցման կամ հատկացման առավելագույն չափը և ինչպիսի՞ չափանիշների պետք է բավարարեն ստացող կազմակերպությունները թափանցիկությունն ապահովելու համար, առաջիկայում կսահմանի ՀՀ կառավարությունը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառվելու է 2026 թվականի և դրան հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված կամ վճարված եկամտային հարկի գումարների նկատմամբ: Գործադիրը պարտավորվել է օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում հաստատել բոլոր անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը:

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}