ԵՄ խորհուրդը վերջնական հաստատել է հայկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր կասեցումը

Եվրոպական միության խորհուրդը սեպտեմբերի 24-ին պաշտոնապես ընդունել է հայկական ապրանքների համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ։ Դրանք կազատականացնեն ԵՄ ուղղությամբ հայկական արտահանման մոտ 80 տոկոսը։ Ներմուծման մաքսատուրքերը կկասեցվեն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների համար։ Ժամանակավոր արտոնյալ ռեժիմը կգործի երկու տարի։
Խորհրդի հաղորդագրության համաձայն՝ միջոցների նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո։
Միջոցները պետք է նպաստեն Հայաստանից ԵՄ առևտրային հոսքերի աջակցմանն ու ամրապնդմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) նպատակներին համահունչ։ Արտոնյալ ռեժիմը ենթադրում է որոշակի պայմաններ։ Այն ներառում է նաև պաշտպանական միջոցներ, որոնք կկիրառվեն, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ արտադրողների վրա։
Վերջնական ընդունումը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Եվրահանձնաժողովի առաջարկին առանց փոփոխությունների կողմ քվեարկելուց հետո։ Սեպտեմբերի 2-ին Խորհուրդն արդեն պաշտպանել էր այդ միջոցները։
«Մենք ուժեղացնում ենք մեր աջակցությունը Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք, չնայած արտաքին ճնշումներին, հստակորեն ընտրել են եվրոպական ուղին։ Այսօրվա որոշումը կօգնի առևտրային սահմանափակումներից տուժած Հայաստանի տնտեսությանը և ցույց է տալիս, որ մեր գործընկերները միշտ կարող են հույս դնել ԵՄ-ի վրա»,– ասել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մաքենթին։
Հաջորդ քայլերը
Կանոնակարգը այժմ կստորագրվի և կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ Այն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը և կգործի ուժի մեջ մտնելուց երկու տարի։
Քվոտավորման ենթակա ապրանքների ամբողջական ցանկն՝ այստեղ։
TRIPP-ի, ԵՄ արտոնությունների և ՌԴ ճնշումների հետ կապված Հայաստանի հնարավոր գործողությունների վերաբերյալ ստուգացանկը՝ այստեղ։



