Industry

«Սևան» ԱՊ-ի 10-ամյա պլան. լողափերի վարձավճարները կկապվեն զբոսաշրջային գրավչությանը, տնտեսական գոտին կկրճատվի

Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման դրել է «Սևան» ազգային պարկի 2026-2036 թվականների զարգացման պլանի նախագծի փաթեթը։ Նախագիծը փոխում է լողափերի վարձակալության սկզբունքը, նախատեսում է տնտեսական գոտու կրճատում և ներմուծում է էկոհամակարգային ծառայությունների վճարման սխեմա։

Պլանը հաստատվում է շրջակա միջավայրի նախարարի հրամանով։ «Սևան» ազգային պարկը հիմնադրվել է 1978-ին, ընդհանուր մակերեսը 152.2 հազար հեկտար է, որից 127.8 հազարը՝ ջրային, 24.4 հազարը՝ ցամաքային մակերես։ Տարածքն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքները։

Լողափերի վարձավճարները՝ ըստ գրավչության

2027-ի չորրորդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել ափամերձ տարածքների գոտիավորում և սահմանել վարձավճարների սանդղակ՝ ըստ զբոսաշրջային գրավչության աստիճանի։ Սանդղակը պետք է հաստատվի «Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ի և Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված փաստաթղթով։

Նույն ժամկետում նախատեսվում է բարելավել լողափերի կառավարման և շահագործման հանձնման մեխանիզմները։ Պլանի նախագծում նշվում է, որ վարձակալության պայմանագրերի բարելավումն ուղղված է «Սևան» ԱՊ-ի հասույթների հավաքագրմանը։

Վարձակալական վճարների նոր սխեման հիմնվելու է տարածքների գոտիավորման վրա, ինչը, ըստ պլանի, «թույլ կտա առանձնացնել առավել արժեքավոր տեղամասերն ու համապատասխանաբար ապահովել ավելի շատ եկամտի գեներացում»։

Տնտեսական գոտին կկրճատվի, բայց ոչ անմիջապես

Գոտիավորումը նախատեսվում է երկու փուլով։ Առաջին փուլում արգելոցային գոտին ավելանում է սահմանափակ տարածքով, երկրորդ փուլում՝ էապես ընդլայնվում տնտեսական գոտու հաշվին։ Երկրորդ փուլի փոփոխությունները նախատեսվում է մեկնարկել պլանի գործողության հինգերորդ տարում։

Գործող վարձակալների համար փաստաթղթում ամրագրված է կարևոր վերապահում. նախատեսվող արգելոցային և արգելավայրային գոտիներում արդեն վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի պարագայում գոտու փոփոխությունը կիրառելի է բացառապես վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Գոտիների ընդլայնումը հիմնավորվում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմին-Մոնրեալ գլոբալ շրջանակի 30×30 նախաձեռնությամբ։

Պետություն-մասնավոր հատված. հինգ ուղղություն

Պլանը թվարկում է ՊՄՀ համագործակցության հնարավոր հինգ ուղղություն՝ ափամերձ տարածքների և զբոսաշրջային ենթակառուցվածքների կառավարում, արոտավայրերի և հողատարածքների կառավարում, ձկնաբուծության և ձկնորսության ոլորտների կառավարում, զբոսաշրջային համակարգերի կազմակերպում, տնկարանային տնտեսության զարգացում։

Գործընկերների ներգրավումը նախատեսվում է ուղղակի հաղորդակցության միջոցով՝ քննարկումներ, շրջայցեր, փաստացի տվյալների ուսումնասիրություն։

Չորս ֆինանսական նպատակ մինչև 2036

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եկամուտները նախատեսվում է ավելացնել առնվազն 10 տոկոսով ընթացիկ մակարդակի համեմատ՝ 2018-2022 թթ. փաստացի աճի տեմպի շրջանակում։ ՊՈԱԿ-ի կողմից գեներացվող հասույթների տեսակարար կշիռը եկամուտների կառուցվածքում պետք է աճի 10 տոկոսով։

Նախատեսվում է նաև առնվազն երկու համատեղ ծրագիր միջազգային դոնոր կազմակերպության ներգրավմամբ և երեք տնտեսվարողի հետ էկոհամակարգային ծառայությունների վճարների սխեմայի ներդրում։

Նոր եկամտի աղբյուրներ

Ամենամեծ գումարը՝ 12 000 հազար դրամ կամ 12 միլիոն դրամ, նախատեսվում է ներդնել գովազդային ենթակառուցվածքների զարգացման համար. Երևան-Թբիլիսի մայրուղու երկայնքով «Սևան» ազգային պարկին պատկանող հատվածներում տեղադրվելու են գովազդային վահանակներ։ Ժամկետը՝ 2027-ի երրորդ եռամսյակ։ Աղյուսակի վերնագրի համաձայն՝ գումարները ներկայացված են հազար ՀՀ դրամով, 2026 թվականի ֆինանսավորման աղբյուրի և պահանջվող գումարի սյունակում։

2030-ի երկրորդ եռամսյակում նախատեսվում է Սևանա լճում ստեղծել սիրողական ձկնորսության համար հարմարեցված վայր՝ ժամավճարով և որսված ձկան քաշով վճարման պայմաններով։ Նպատակը ձկնագողության բացառումն է հատուկ վերահսկողության միջոցով։

2028-ի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել ազգային պարկի պահպանման ֆոնդ։ Առափնյա ռեստորաններում և հանրային սննդի կետերում վճարման հաշիվներում առանձին տողով ներկայացվելու է ֆոնդին հատկացվող գումարը։

ՄիջոցառումըԺամկետըԳումարը, հզր դրամ
Գովազդային վահանակներ Երևան-Թբիլիսի մայրուղու երկայնքով2027, III եռ.12 000
Լողափերի գոտիավորում և վարձավճարների սանդղակ2027, IV եռ.բյուջեի շրջ.
Ափամերձ տարածքների կառավարման մեխանիզմի բարելավում2027, IV եռ.բյուջեի շրջ.
Տեղեկատվական և գովազդային ցուցանակներ2027, IV եռ.3500
Վրանային հանգստի տարածքների կահավորում2028, I եռ.7500
Ազգային պարկի պահպանման ֆոնդի ստեղծում2028, I եռ.3500
Սիրողական ձկնորսության վճարովի վայր2030, II եռ.8500
Տնտեսական գոտու կրճատում՝ արգելոցային գոտու օգտինպլանի 5-րդ տարի—

Աղբյուրը՝ «Սևան» ազգային պարկի 2026-2036 թթ. զարգացման պլանի նախագծի ֆինանսական և շուկայավարման ծրագիր։ Գումարները՝ հազար ՀՀ դրամով, ըստ աղյուսակի «2026թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը» սյունակի։ «Բյուջեի շրջ.» նշանակում է, որ միջոցառումը նախատեսվում է ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեների շրջանակներում՝ առանձին գումար նշված չէ։

Առաջնահերթ էկոհամակարգային ծառայությունները

Մարզի բնակչության և տնտեսվարողների կողմից առանձնացվել է 13 էկոհամակարգային ծառայություն, մասնավորապես, ձկների և խեցգետնի մատակարարում, ջրի որակ և քանակ, հանգիստ և զբոսաշրջություն, թռչունների և կենդանիների բնադրավայրեր, սննդի և կերերի արտադրություն, էլեկտրականություն և էներգիա, անտառ և հատապտուղներ։

Տնտեսական ֆոնը

Գեղարքունիքը տարածքի մեծությամբ ՀՀ ամենամեծ մարզն է՝ երկրի տարածքի 18 տոկոսը, 5351.32 քառակուսի կիլոմետր, շուրջ 213 200 բնակչությամբ։ Մարզում գործում է մոտ 40 հազար գյուղացիական տնտեսություն, 42 բնակավայրում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներ։

Մեկ շնչին ընկնող միջին ամսական եկամուտը կազմում է 40 927 դրամ, որից վարձու աշխատանքը՝ 15 341 դրամ կամ 37.4 տոկոս, պետական նպաստներն ու թոշակները՝ 8687 դրամ կամ 21.2 տոկոս, գյուղմթերքի և կենդանիների վաճառքից ստացված եկամուտը՝ 5941 դրամ կամ 14.5 տոկոս։

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}