ՍԱՏՄ. գազավորված ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերջին երկու ամսում ստուգել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություն։ Խախտումներ չեն հայտնաբերվել միայն 2-ում, 39-ի գործունեությունը կասեցվել է։
Ստուգումներն անցկացվել են հանրապետության մարզերում։ 54 տնտեսավարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ. նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել են։
39 ընկերությունների գործունեությունը կասեցվել է։ 37-ի դեպքում հիմք են դարձել թե՛ լաբորատոր փորձաքննության, թե՛ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, 2-ի դեպքում՝ միայն լաբորատոր հետազոտության արդյունքները։
Խախտումներ չեն հայտնաբերվել Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան Ա/Ձ-ին պատկանող («Նոր Գառնի» ապրանքանիշ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող («Առռոմա» ապրանքանիշ) արտադրամասերում։



