Regulation

Հայաստանի կլիմայական ռիսկերը՝ ինտերակտիվ քարտեզում. ինչ կարող է պարզել օգտատերը

Որտե՞ղ են գրանցվել սողանքներ ու սելավներ, ինչպե՞ս են փոխվել ջերմաստիճանն ու տեղումները, և ի՞նչ կլիմայական վտանգներ են բնորոշ Հայաստանի տարբեր բնակավայրերին։ Այս տեղեկություններն ուսումնասիրողների համար Կենտրոնական բանկը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, մշակել է Հայաստանի կլիմայական ռիսկերի ինտերակտիվ քարտեզը։ Ծրագրի արդյունքները ներկայացվել են սեպտեմբերի 29-ին ԿԲ-ում։

Քարտեզները բնակավայրերի մակարդակով մեկտեղում են կլիմայական և բնական վտանգների վերաբերյալ տվյալները՝ ընդհանուր տեղեկատվական հիմք ստեղծելով դրանց նախնական գնահատման համար։ Ներառված են երաշտի, շոգի, ջրհեղեղների, սելավների, սողանքների, կարկուտի, ցրտահարության և ջրի հասանելիության վերաբերյալ շերտեր։

Հարթակի ինտերակտիվությունը թույլ է տալիս օգտատիրոջն ընտրել, թե որ տեղեկությունն է ցանկանում տեսնել։ «Հենքեր և շերտեր» կոճակով բացվող ցանկում հնարավոր է միացնել կամ անջատել մարզերի և բնակավայրերի սահմանները, ինչպես նաև սողանքների, սելավների ու հեղեղման դեպքերի շերտերը։ Նույն ցանկում առկա են 2011–2025 թվականների ջերմաստիճանի և տեղումների փաստացի փոփոխությունների, երաշտի պատմական հաճախականության ու 2018–2025 թվականների այրված տարածքների շերտերը։

Օրինակ՝ սողանքների շերտն ընտրելով՝ օգտատերը կարող է դիտարկել քարտեզում ներկայացված սողանքային տարածքները, իսկ տեղումների փոփոխության շերտով՝ ուսումնասիրել համապատասխան ցուցանիշի տարածքային պատկերը։ Քարտեզը խոշորացնելու և տարբեր շերտեր ընտրելու հնարավորությունն օգնում է ուշադրությունը կենտրոնացնել հետաքրքրող տարածքի ու վտանգի վրա։ Հնարավոր է փոխել նաև քարտեզի հիմքը՝ ընտրելով, օրինակ, արբանյակային պատկերը։

«Ֆիզիկական վտանգներ» բաժնում առանձին ընտրանքներով ներկայացված են սողանքները, սելավները, հեղեղման դեպքերը, հեղեղային պաշտպանական կառույցներն ու այրված տարածքները։ Բնակավայրերի նշաններն էլ ունեն տեղեկատվական նշանակություն. կետի չափը ցույց է տալիս բնակչության թվաքանակի խումբը, իսկ գույնը՝ բնակավայրի տեսակը՝ քաղաք կամ գյուղ։

Այսպիսով, քարտեզի գործնական արժեքը տվյալներն ընտրելու և տարածքային համատեքստում դիտարկելու հնարավորությունն է։ Օգտատերը կարող է ուսումնասիրել առանձին վտանգներ, համեմատել բնակավայրերը և առանձնացնել այն տարածքները, որոնց համար անհրաժեշտ է ավելի մանրամասն գնահատում։

Գործիքը նախատեսված է առաջին հերթին ֆինանսական կազմակերպությունների համար։ Քարտեզների տվյալները հաճախորդների, ակտիվների և պորտֆելների վերաբերյալ տեղեկության հետ համադրելով՝ դրանք կարող են գնահատել կլիմայական ֆիզիկական ռիսկերը վարկավորման, գրավի գնահատման, ապահովագրության և պորտֆելի կառավարման գործընթացներում, ինչպես նաև դիտարկել հարմարվողականության հնարավոր միջոցառումները։

Ծրագրի ներկայացման ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը նշել է, որ կլիմայական ռիսկերը գնալով վերածվում են տնտեսական ռիսկերի. դրանց դրսևորումներն արդեն տեսանելի են և դառնում են չափելի ցուցանիշներ։ Նրա խոսքով՝ քարտեզների տվյալները կարող են կիրառվել ոչ միայն վարկավորման որոշումների, այլև կանխարգելիչ, սոցիալական ու ֆինանսական ծրագրերի մշակման ընթացքում։ Պետական կառավարման մարմինները ևս կարող են դրանք ներառել որոշումների կայացման գործընթացում՝ ապագա ռիսկերը գնահատելու և կանխարգելելու համար։

ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան ընդգծել է կլիմայական ռիսկերի ազդեցությունը տնտեսության և ֆինանսական համակարգի վրա։ Նրա խոսքով՝ գործիքը կօգնի այդ ռիսկերը գնահատել վստահելի տվյալների հիման վրա, իսկ ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ֆինանսական համակարգի դիմակայունության և կլիմայական ռիսկերին արձագանքելու կարողությունների ամրապնդմանը։

Ծրագրի հիմնական արդյունքները ներկայացրել են ԿԲ ֆինանսական համակարգի կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը և ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության ծրագրերի պատասխանատու Մարինե Նիկողոսյանը։ Ներկայացվել են նաև քարտեզների մշակման մեթոդաբանությունը, օգտագործված տվյալներն ու աղբյուրները։ Նիկողոսյանի խոսքով՝ հարթակը մեկտեղում է կլիմայական և ջրային ռիսկերի վերաբերյալ տվյալները՝ նպաստելով ավելի հիմնավորված որոշումների կայացմանը։

Քարտեզները կարող են կիրառվել նաև տարածքային ու ենթակառուցվածքային պլանավորման, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և հետազոտությունների համար։ Սակայն, ինչպես նշվում է ԿԲ-ի նկարագրությունում, դրանք տալիս են նախնական պատկեր և չեն փոխարինում կոնկրետ գույքի կամ նախագծի տեղային ուսումնասիրությանը և մասնագիտական գնահատմանը։ Քարտեզում վտանգի առկայությունը դիտարկելը գնահատման մեկնակետ է. առանձին շենքի, հողամասի կամ ներդրումային ծրագրի հնարավոր վնասը պարզելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}