Սուրճի, թեյի և շոկոլադի փառատոն Երևանում. սուրճի և թեյի տեղական իրացումն աճել է 39,8%-ով, շոկոլադինը՝ 26,6%-ով

Երևանի Seasons Park-ում հոկտեմբերի 3-ին բացվեց սուրճի, թեյի և շոկոլադի իններորդ միջազգային փառատոնը։ Այս տարի տաղավարներ են բացել 75 ընկերություններ՝ անցյալ տարվա 60-ի փոխարեն, և այդ աճը պատահական չէ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի առաջին կիսամյակում սուրճ, թեյ, շոկոլադ և քաղցրավենիք արտադրող հայկական ընկերությունները տեղական շուկայում վաճառել են 24,1 մլրդ դրամի (մոտ 64,4 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք՝ 35,4%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։
Ամենաարագն աճում է սուրճը։ Սուրճ և թեյ մշակող ընկերությունները կես տարում տեղական շուկայում վաճառել են 16,6 մլրդ դրամի արտադրանք՝ 39,8%-ով ավելի, քան 2025-ի առաջին կիսամյակում (11,9 մլրդ դրամ)։ Աճը միայն գներով չի բացատրվում. արտադրության ֆիզիկական ծավալն ավելացել է 42,6%-ով։ Ընդհանուր իրացումը հասել է 20,6 մլրդ դրամի (+50,1%)։ Արտահանումն աճում է էլ ավելի արագ. ԱՊՀ երկրներում վաճառքն աճել է 2,2 անգամ՝ մինչև 3,8 մլրդ դրամ, որից 3,7 մլրդ դրամը՝ ԵԱՏՄ-ում։ Այդ պատճառով տեղական շուկայի բաժինը 86,8%-ից իջել է 80,8%-ի, թեև դրամով այն շարունակում է մեծանալ։
Շոկոլադն ու քաղցրավենիքը մի փոքր ետ են մնում, բայց նույնպես աճում են։ Կակաո, շոկոլադ և շաքարե հրուշակեղեն արտադրողները տեղական շուկայում վաճառել են 7,5 մլրդ դրամի արտադրանք՝ 26,6%-ով ավելի (5,9 մլրդ դրամ)։ Ընդհանուր իրացումը կազմել է 9,7 մլրդ դրամ (+25,6%), ֆիզիկական ծավալն աճել է 7,3%-ով։ ԵԱՏՄ երկրներում վաճառքն աճել է 12,3%-ով՝ մինչև 1,46 մլրդ դրամ, այլ երկրներում՝ 55,7%-ով՝ մինչև 745 մլն դրամ։ Տեղական շուկայի բաժինը գրեթե չի փոխվել՝ 77,3% (76,6%)։
Արտադրանք և իրացում ըստ ճյուղերի, մլրդ դրամ
Յուրաքանչյուր մոմի ներքևի եզրը՝ 2025-ի հունվար-հունիս, վերևի եզրը՝ 2026-ի հունվար-հունիս, մլրդ դրամ։ Համադրելի գներով արտադրանքը (սպիտակ մոմ) համեմատված է 2025-ի ընթացիկ գներով արտադրանքի հետ։ Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե։
Սուրճն ավելի շատ է նաև ներմուծվում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2026-ի առաջին կիսամյակում Հայաստան է բերվել 10,4 հազ. տոննա սուրճ՝ 53,5 մլն ԱՄՆ դոլարի. տոննաներով՝ 83%-ով, դոլարով՝ 56,5%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Սուրճի արտահանումն աճել է 76,1%-ով՝ մինչև 25,5 մլն դոլար, և գրեթե ամբողջը՝ 97,5%-ը, ուղևորվել է ԵԱՏՄ երկրներ։
Շոկոլադի ներմուծումն աճել է 33,4%-ով՝ մինչև 41,5 մլն դոլար, որից 24,4 մլն դոլարը՝ ԵԱՏՄ երկրներից, իսկ արտահանումը կրկնապատկվել է՝ հասնելով 13,8 մլն դոլարի։ Հատիկավոր կակաո բերվել է գրեթե երեք անգամ ավելի՝ 374,6 տոննա 126,6-ի դիմաց։ Թեյի թվերն ավելի համեստ են. ներմուծումն աճել է 9,2%-ով՝ մինչև 1,98 մլն դոլար, իսկ արտահանումը նվազել է 30,5%-ով՝ մինչև 303 հազ. դոլար։
Արտահանում ըստ ԱՏԳ ԱԱ ապրանքային խմբերի, հազ. ԱՄՆ դոլար
| ԱՏԳ ԱԱ | Ապրանք | Չ/Մ | 2025-ի հունվար-հունիս | 2026-ի հունվար-հունիս | Արժեքի փոփոխություն | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Քանակ | Արժեք | այդ թվում՝ ԵԱՏՄ | Քանակ | Արժեք | այդ թվում՝ ԵԱՏՄ | ||||||
| քանակ | արժեք | քանակ | արժեք | ||||||||
| 0901 | Սուրճ, սրճի թեփուկներ և հատիկների պատյաններ, սուրճի փոխարինիչ | տոննա | 1790,5 | 14 454,0 | 1691,2 | 13 736,5 | 2884,8 | 25 454,6 | 2795,8 | 24 814,2 | +76,1% |
| 0902 | Թեյ | տոննա | 100,2 | 436,6 | 99,9 | 429,9 | 85,6 | 303,4 | 85,2 | 294,6 | -30,5% |
| 1803 | Կակաոյի մածուկ | կգ | 226,5 | 3,7 | 108,0 | 1,0 | 0,0 | 0,0 | 0,0 | 0,0 | -100,0% |
| 1804 | Կակաո-յուղ, -ճարպ | կգ | 24,0 | 0,9 | 24,0 | 0,9 | 125,8 | 4,8 | 12,0 | 0,4 | ×5,3 |
| 1805 | Կակաո-փոշի | կգ | 62,5 | 0,6 | 62,5 | 0,6 | 3995,5 | 21,6 | 3855,5 | 20,2 | ×36,0 |
| 1806 | Շոկոլադ և այլ կակաո պարունակող սնունդ | տոննա | 776,8 | 6617,9 | 517,4 | 4893,4 | 1549,3 | 13 806,3 | 868,9 | 9070,9 | ×2,1 |
| 2101 | Սուրճի, թեյի կամ մատեի խտահյութ, բնահյութ | տոննա | 121,1 | 1405,5 | 39,3 | 377,2 | 238,9 | 2304,5 | 133,3 | 1392,4 | +64,0% |
Աղբյուրը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե, օպերատիվ տվյալներ։
Ներմուծում ըստ ԱՏԳ ԱԱ ապրանքային խմբերի, հազ. ԱՄՆ դոլար
| ԱՏԳ ԱԱ | Ապրանք | Չ/Մ | 2025-ի հունվար-հունիս | 2026-ի հունվար-հունիս | Արժեքի փոփոխություն | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Քանակ | Արժեք | այդ թվում՝ ԵԱՏՄ | Քանակ | Արժեք | այդ թվում՝ ԵԱՏՄ | ||||||
| քանակ | արժեք | քանակ | արժեք | ||||||||
| 0901 | Սուրճ, սրճի թեփուկներ և հատիկների պատյաններ, սուրճի փոխարինիչ | տոննա | 5708,4 | 34 158,4 | 194,9 | 1740,6 | 10 446,8 | 53 460,0 | 147,5 | 1746,0 | +56,5% |
| 0902 | Թեյ | տոննա | 236,5 | 1816,1 | 77,9 | 910,0 | 231,9 | 1983,7 | 95,1 | 1207,6 | +9,2% |
| 0903 | Մատե կամ պարագվայական թեյ | կգ | 409,9 | 1,4 | 1,6 | 0,0 | 724,0 | 2,8 | 4,0 | 0,1 | ×2,0 |
| 1801 | Հատիկավոր կակաո | կգ | 126 602,7 | 1541,5 | 4,0 | 0,1 | 374 581,1 | 1966,9 | 0,0 | 0,0 | +27,6% |
| 1803 | Կակաոյի մածուկ | կգ | 20 009,1 | 321,5 | 8,0 | 0,7 | 14 364,4 | 124,5 | 154,4 | 4,3 | -61,3% |
| 1804 | Կակաո-յուղ, -ճարպ | կգ | 3811,2 | 61,6 | 3285,1 | 36,3 | 17 903,5 | 185,0 | 443,6 | 10,2 | ×3,0 |
| 1805 | Կակաո-փոշի | տոննա | 635,1 | 4452,4 | 43,8 | 249,4 | 434,8 | 2746,9 | 39,1 | 254,5 | -38,3% |
| 1806 | Շոկոլադ և այլ կակաո պարունակող սնունդ | տոննա | 6012,3 | 31 082,8 | 4053,6 | 17 330,6 | 6783,3 | 41 464,4 | 4588,9 | 24 436,7 | +33,4% |
| 2101 | Սուրճի, թեյի կամ մատեի խտահյութ, բնահյութ | տոննա | 1072,6 | 6565,5 | 772,0 | 3942,8 | 1274,1 | 8531,7 | 827,4 | 4889,3 | +29,9% |
Աղբյուրը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե, օպերատիվ տվյալներ։ Քանակը՝ նշված չափման միավորով, արժեքը՝ հազ. ԱՄՆ դոլար։ Փոփոխությունը՝ 2026-ի հունվար-հունիսը 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Ի՞նչն է նպաստել տեղական շուկայում սպառման աճին
Թվերի ետևում կոնկրետ մարդիկ ու բիզնեսներ են, և մենք հարցրինք փառատոնի մասնակիցներին, թե ինչն է աճի շարժիչը։ De’Longhi Group-ի տաղավարում զրուցեցինք ընկերության հայաստանյան թիմի ղեկավար Մերի Գևորգյանի հետ։ Ընկերությունը ցուցահանդեսին մասնակցում է արդեն երրորդ տարին, և, ըստ նրա, արդյունքն ակնհայտ է։ Սուրճի ապարատները հիմնականում գնում են տան համար. «տան պայմաններում մարդիկ սիրում են ունենալ համով ու որակյալ սուրճ»։ Գնորդների մեջ կան նաև փոքր գրասենյակներ։
Հստակ թվեր Գևորգյանը չնշեց, բայց աճի մասին խոսում է վստահ. անցած տարվա համեմատ՝ մոտ 90%, «ամեն տարի մենք կրկնակի աճ ենք ունենում»։ Կապվա՞ծ է դա 2022-ից հետո Ռուսաստանից եկածների հետ. «Աճը միշտ գրանցել ենք, բայց այդպես առանձնացնել չեմ կարող»։ Վիճակագրությունը նրա խոսքերը հաստատում է. կես տարում սուրճի և թեյի տեղական վաճառքն աճել է գրեթե 40%-ով, իսկ սուրճի ներմուծումը տոննաներով՝ 83%-ով։
Մեծ գովազդի փոխարեն ընկերությունը հույսը դնում է մարդկանց վրա. «Ամեն գնորդի հետ յուրաքանչյուրին յուրահատուկ մոտեցում ենք ցույց տալիս»։ Տեխնիկայի խանութներում աշխատում են De’Longhi-ի ներկայացուցիչներ, որոնց համար տարին երկու անգամ և ամեն նոր ապարատի թողարկման հետ թրեյնինգներ են անցկացվում, «որ գնորդին կարողանան ավելի ճիշտ մատուցել ինֆորմացիան ու գնորդը կարողանա ավելի հեշտ օգտագործել սարքը»։
«Դերժավա-Ս» ընկերությունների խումբը, որը ներկայացնում է լուծվող սուրճ, սուրճ և թեյ, փառատոնից ոչ մի տարի չի բացակայում, պատմում է մարկետոլոգ Աննա Մովսիսյանը։ Նրա համոզմամբ՝ այսօր գովազդից լավ աշխատում է գնորդների խոսքը. «Գովազդը վաճառողն է ուզում անի, որ վաճառի իր ապրանքը, իսկ сарафанное радио-ն գնում է սպառողից։ Եթե սպառողը հավանել է, ասում է, ավելի շատ վստահություն է ներշնչում դիմացինի մոտ»։
Աճի թվեր նա չնշեց, պատասխանը կարճ էր. «Մեր հայերը սուրճ սիրող ազգ են։ Միշտ աճ կա»։ Ընկերությունը վաճառում է և՛ տնային տնտեսություններին, և՛ HoReCa-ին (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ), և Մովսիսյանի գնահատմամբ՝ HoReCa-ն ավելի շատ է գնում. ռեստորանում մարդը «պարտադիր պետք է սրճի, վայելի այդ պահը», իսկ տանը՝ «ոնց հարմար կլինի, ոնց կհասցնեն»։ Ռելոկանտները, նրա խոսքով, աճին նպաստել են «ինչ-որ տոկոսով»։ Ապրանքը հասնում է նաև մարզեր. «Ամենափոքր խանութն էլ, ամենախորը մարզերում էլ մենք պարտադիր առաքում ենք»։
Փառատոնը միայն սուրճով չի սահմանափակվում. տաղավարներում կան տեղական դեղաբույսային և լեռնային թեյեր, մեղր, քաղցրավենիք, չիր, ժենգյալով հաց և ազնվամորու գինի։ Կարելի է մասնակցել Վիետնամի, Չինաստանի, Հնդկաստանի և Կորեայի թեյախմության արարողություններին։ Ծրագրում նաև Հայ բարիստաների առաջնությունն է. 25 րոպեում մասնակիցը միջազգային ժյուրիի առջև պետք է պատրաստի 4 էսպրեսո, 4 կապուչինո, 4 բաժակ ավազի վրա եփած հայկական սուրճ և 4 բաժակ իր հեղինակային սրճային խառնուրդը։ Փառատոնը կազմակերպել են «Պրոմ Էքսպո», Check in Armenia և «Ազդ» ընկերությունները, այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը։














