Industry

Փաշինյանը ստեղծել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի արդյունավետության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է գտնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրների լուծման հնարավորությունները և հստակեցնի հետագա քայլերը։ Վարչապետի N 1022-Ա որոշման համաձայն՝ խումբը ստեղծվել է հոկտեմբերի 14-ին վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով։

Հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզերովի հետ։ Վարչապետը նշել էր, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները հաշվի առնելով՝ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցունակ և ինտեգրել հարևան երկրների ու միջազգային երկաթուղային ցանցին։ Կողմերը քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման շրջանակում ենթակառուցվածքների զարգացման, կառավարման արդյունավետության և առկա խնդիրների լուծման ուղիների հարցերը։

Աշխատանքային խմբում 8 անդամ է՝ 4-ը Հայաստանի կառավարությունից, 4-ը՝ ռուսական կողմից։ Խումբը ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։ Հայկական կողմից խմբում են նաև արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը։

Ռուսական կողմից, համաձայնությամբ, խմբում են ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին, ընկերության արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության դեպարտամենտի պետ Անտոն Կոզլովը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

«Հարավկովկասյան երկաթուղին» «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերությունն է և Հայաստանի երկաթուղին կառավարում է 2008-ից՝ 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-օգոստոսին երկաթուղով փոխադրվել է 1 մլն 288,1 հազ. տոննա բեռ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 23%-ով ավելի։ Դա բոլոր տեսակի տրանսպորտով փոխադրված բեռների 11,3%-ն է։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}