Regulation

Զբաղվածության նոր ծրագրով 2027-ից կտրամադրվի մինչև 250 հազար դրամի ուսուցման վաուչեր

Հայաստանում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկները, Ղարաբաղից տեղահանված անձինք և անապահով ընտանիքների աշխատունակ անդամները կստանան մինչև 250 հազ. դրամ (մոտ 692 ԱՄՆ դոլար) արժողությամբ վաուչեր՝ կարճաժամկետ ուսուցման համար։ Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Ծրագիրը կմեկնարկի 2027-ի հունվարի 1-ին, և ամբողջ գործընթացը կիրականացվի e-work.am թվային հարթակով։ 2027-ին ծրագրում նախատեսվում է ընդգրկել 1500 շահառու։

Ծրագիրը մշակել է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։ Այն փոխարինում է երեք նախորդ ծրագրերի, որոնք ուժը կորցրած են ճանաչվում պահանջարկի նվազման պատճառով։ Հիմնավորման համաձայն՝ զորացրված գործազուրկների ծրագրում 2026-ին նախատեսված 500 մարդուց հոկտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է 129-ը, տեղահանվածների ծրագրում նախատեսված 1000-ից՝ 306-ը, իսկ անապահով ընտանիքների ծրագրում նախատեսված 679-ից հուլիսի 1-ի դրությամբ՝ 64-ը։

Վաուչերը կարելի է օգտագործել միայն մեկ անգամ՝ տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Ուսուցումը կանցկացնեն այն կազմակերպությունները, որոնց ծրագրերը ներառված են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» ցանկում։ Կազմակերպությունը շահառուին կնույնականացնի վաուչերի QR կոդով, կընդգրկի դասընթացում և կկնքի ուսուցման պայմանագիր։

Պայմանագրի սքանավորված տարբերակը շահառուն կմուտքագրի հարթակ, որտեղից այն ինքնաշխատ կփոխանցվի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի մասնագետին։ Դասընթացի ավարտին տրված վկայականի մասին տեղեկությունը նույնպես կփոխանցվի կենտրոնին և հասանելի կլինի շահառուի օգտահաշվում։

Աջակցություն կստանան նաև գործատուները, որոնք վկայական ստացած անձի հետ վկայականում նշված մասնագիտությամբ կկնքեն առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր՝ նորմալ աշխատաժամանակի ռեժիմով։ Նրանց եռամսյակային կտրվածքով կփոխհատուցվի աշխատողի աշխատավարձից վճարված եկամտային հարկը. առաջին երեք ամիսների համար՝ 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 հազ. դրամը, իսկ 4–6-րդ ամիսների համար՝ 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 հազ. դրամը։ Աջակցությունը չի տրամադրվի հանրային ծառայություն իրականացնող մարմիններին և այն կազմակերպություններին, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը 50% և ավելի է։

Շահառուն ինքը կստանա միանվագ աջակցություն՝ 100 հազ. դրամ, եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն 3 ամիս, և ևս 200 հազ. դրամ՝ 12 ամիս շարունակվելու դեպքում։

Հիմնավորման համաձայն՝ մեկ շահառուի համար ծրագրի առավելագույն ծախսը 775 հազ. դրամ է՝ վաուչերը, գործատուին եկամտային հարկի փոխհատուցումը և շահառուին տրվող 300 հազ. դրամը։ 2027-ին այն կկազմի 575 հազ. դրամ, քանի որ 12 ամսից հետո տրվող 200 հազ. դրամը նախատեսվելու է 2028-ի բյուջեով։ 2027-ին ծրագրի համար կպահանջվի 862,5 մլն դրամ, որը կհատկացվի «Զբաղվածության ծրագրի» միջոցներից. 2027-ի բյուջեի հայտով դրա երեք միջոցառման համար նախատեսված է 1 մլրդ 41,1 մլն դրամ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12,3%-ի դիմաց, իսկ գործազուրկների թիվը՝ 182 հազ.։ Նրանցից 101 հազ.-ը կամ 55,5%-ը երկարատև գործազուրկներ են։ Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ 2026-ի հունվար–հունիսին աշխատանքի է տեղավորվել շուրջ 5 հազ. մարդ, իսկ հունիսի վերջին մեկ թափուր աշխատատեղի հաշվով կար 9 աշխատանք փնտրող։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}