ՀՀ կառավարությունը նախատեսում է կրկնապատկել հացահատիկի արտադրությունը, փոխհատուցել 3 հա-ից ավելի ցանքերի կեսը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականներին կրկնապատկել հացահատիկի արտադրությունը։ Դրա համար ֆերմերներին կփոխհատուցվի հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքի հիմնական ծախսերի կեսը, աշնանացան ցորենի դեպքում՝ հեկտարին 80 000 դրամ (մոտ 221 ԱՄՆ դոլար)։ Բուսաբուծության աջակցության 2026–2030 թվականների ծրագրի մասին կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև նոյեմբերի 3-ը։
Հայաստանը սեփական արտադրությամբ բավարարում է ցորենի պահանջարկի մոտ մեկ քառորդը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ին ցորենի ինքնաբավության աստիճանը կազմել է 23,2%։ Ցորենի համախառն բերքը կազմել է 132,7 հազ. տոննա 50,3 հազ. հա-ից, բերքատվությունը՝ հեկտարից 26,6 ցենտներ, իսկ ներմուծումը՝ 332,3 հազ. տոննա։ 2026-ի առաջին կիսամյակում ներմուծվել է 168,5 հազ. տոննա ցորեն, երկրորդ եռամսյակում ներմուծումն աճել է 54%-ով։ Հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն բերքը 2025-ին կազմել է 253 հազ. տոննա։ 2026-ի երկրորդ եռամսյակում գյուղատնտեսությանը բաժին է ընկել ՀՆԱ-ի 6,6%-ը, ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 15,3%-ով, ինչը ՀՆԱ-ի աճը նվազեցրել է 0,97 տոկոսային կետով։
Փոխհատուցումը հաշվարկվում է մեկ հեկտարի վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով, որոնք ճշտվել են մարզերում հարցումների արդյունքում։
| Մշակաբույս | Ծախսեր 1 հա-ի վրա, դրամ | Փոխհատուցում 1 հա-ի համար, դրամ |
|---|---|---|
| Գարնանացան հացահատիկային | 140 000 | 70 000 |
| Եգիպտացորեն | 170 000 | 85 000 |
| Աշնանացան ցորեն | 160 000 | 80 000 |
| Հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) | 200 000 | 100 000 |
| Առվույտ, կորնգան (առաջին տարի) | 220 000 | 110 000 |
Ծրագրից կարող են օգտվել առնվազն 3 հա գյուղատնտեսական նշանակության հող մշակող տնտեսավարողները։ Համասեփականատերերի դեպքում միևնույն հողամասի համար ծրագրից կարող է օգտվել միայն մեկը։ Սերմերը պետք է լինեն հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված։ Գարնանացան հացահատիկը և բազմամյա խոտաբույսերը պետք է ցանվեն մինչև հունիսի 1-ը (Ծաղկահովտի և Ամասիայի վերին ենթաշրջանում՝ մինչև հունիսի 10-ը), հատիկաընդեղենը՝ մինչև հունիսի 10-ը, աշնանացան ցորենը՝ մինչև նոյեմբերի 30-ը։ 2026-ին ծրագիրը կտարածվի միայն աշնանացան ցորենի ցանքերի վրա։
Ըստ հիմնավորման՝ 2024-ի ծրագրով 4904 շահառու ցանել է 19 197 հա, սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 1,47 մլրդ դրամ։ 2025-ի գարնանացան ծրագրով 5202 շահառու ցանել է 24 006 հա՝ 1,84 մլրդ դրամ սուբսիդիայով։ Մեկ հողակտորի միջին մակերեսն աճել է 3,9 հա-ից մինչև 4,6 հա։ 2026-ի բերքի համար ցանված 67 104 հա աշնանացան ցորենից (մեկ տարի առաջվա 47 832 հա-ի համեմատ 40,3%-ով ավելի) 41 100 հա-ն 9785 շահառու ցանել է 2025-ի ծրագրով՝ հավաստագրված սերմերով, ծրագրի բյուջեն կազմել է 3,386 մլրդ դրամ։
Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները 2025-ին կազմել են 59 915 հա՝ 2023-ի համեմատ 11,5%-ով ավելի։ Հիմնավորման համաձայն՝ տեղական շուկայում ցորենի անկայուն գները չեն նպաստում ցանքերին, իսկ թռչնաբուծության և խոզաբուծության խտացված կերերի մեծ մասը ներմուծվում է։
Մինչև 2030 թվականը ծրագրով նախատեսվում է հավաստագրված սերմերով 71 300 հա ցանք, այդ թվում՝ 50 000 հա աշնանացան ցորեն։ Նոր ծրագրի բյուջեն նախագծում և հիմնավորման մեջ նշված չէ։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը։
Լուսանկարը՝ Magnific/aleksandarlittlewolf



