Հայաստանի բնակարանային ֆոնդը 2025-ին աճել է 7,8%-ով մինչև 110 մլն քառակուսի մետր

Հայաստանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2025-ին աճել է 7,8%-ով՝ 102,2-ից հասնելով 110,1 մլն քառ. մ-ի։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեկ բնակչի բնակարանային ապահովվածությունը տարում 33,2-ից դարձել է 35,6 քառ. մ, իսկ ֆոնդի 70,1%-ը մասնավոր տներն են։ Աճի մի մասը պայմանավորված է տվյալների աղբյուրի փոփոխությամբ. 2025-ին բնակարանների մակերեսի և քանակի տվյալները տրամադրել է Կադաստրի կոմիտեն, և դրանք ներառում են միայն պետական գրանցում անցած անշարժ գույքը։
2024-ին բնակարանների տվյալները հավաքվել էին համայնքների, համատիրությունների և կառավարիչների հաշվետվություններից, Երևանի Արաբկիր վարչական շրջանի համար օգտագործվել էին 2023-ի տվյալները, իսկ Կադաստրի կոմիտեն բնակելի տների թվից հանել էր ամառանոցները, այգետնակները և օժանդակ շինությունները։ Ուստի երկու տարիների ուղղակի համեմատությունը սահմանափակ է։
Մասնավոր տներ և բազմաբնակարան շենքեր
Մասնավոր բնակելի տների (առանձնատների) թիվը տարում ավելացել է 1%-ով՝ հասնելով 433,9 հազ.-ի, իսկ դրանց մակերեսը՝ 8%-ով՝ մինչև 77,2 մլն քառ. մ։ 19,4 հազ. բազմաբնակարան շենքում 468,2 հազ. բնակարան է, ինչը 1,3%-ով շատ է նախորդ տարվանից։ Դրանց մակերեսն աճել է 8,2%-ով՝ մինչև 32,9 մլն քառ. մ (ֆոնդի 29,9%-ը)։
Միջին մասնավոր տունը մոտ 178 քառ. մ է (2024-ին՝ մոտ 167), միջին բնակարանը՝ մոտ 70 քառ. մ (66)։ Քաղաքային ֆոնդն ընդլայնվել է 7,1%-ով՝ մինչև 61,2 մլն քառ. մ (55,6%), գյուղականը՝ 8,7%-ով՝ մինչև 48,9 մլն քառ. մ։
Մարզեր. ամենաարագ աճը Գեղարքունիքում և Կոտայքում է
Երևանին բաժին է ընկնում 31,3 մլն քառ. մ կամ երկրի բնակարանային ֆոնդի 28,4%-ը, տարում մայրաքաղաքի ֆոնդն աճել է 10,5%-ով։ Ավելի արագ է ընդլայնվել Գեղարքունիքի (15,6%-ով՝ մինչև 8,7 մլն քառ. մ) և Կոտայքի (14,9%-ով՝ մինչև 13,1 մլն) մարզերի ֆոնդը։ Ամենադանդաղ աճը Շիրակում (0,6%) և Լոռիում (1,2%) է։ Ամենաքիչ բնակելի տարածքը Վայոց ձորի մարզում է՝ 2,2 մլն քառ. մ։
Երևանի բազմաբնակարան շենքերում կա 273 հազ. բնակարան (8,1%-ով ավելի, քան 2024-ին), մասնավոր տների թիվը 65,7 հազ. է (1,6%-ով ավելի)՝ երկրի բոլոր բնակելի տների 15,2%-ը։
Որքա՞ն բնակելի տարածք է բաժին ընկնում մեկ բնակչին
Բնակարանային ապահովվածությունը միջինում 35,6 քառ. մ է մեկ բնակչի հաշվով՝ քաղաքներում 30,9 (2024-ին՝ 28,8), գյուղերում՝ 43,8 քառ. մ (41,3)։
Ամենաբարձր ցուցանիշը Տավուշի մարզում է՝ 55,7 քառ. մ (54,7), որին հաջորդում են Արագածոտնը՝ 48,3 (45,7), և Կոտայքը՝ 43,9 (38,7)։ Կոտայքի գյուղերում այն 54,9-ից հասել է 63,2 քառ. մ-ի։ Ամենացածր ապահովվածությունը Երևանում է՝ 27,3 քառ. մ (24,8), և Շիրակի մարզում՝ 31,5 քառ. մ (31,3)։
Ցուցանիշը հաշվարկված է բնակարանային ֆոնդի մակերեսով և 2026-ի հունվարի 1-ի մշտական բնակչության թվաքանակով՝ առանց չսեփականաշնորհված հանրակացարանների։
Բնակարաններն ըստ մակերեսի
2025-ից Վիճակագրական կոմիտեն սենյակների թիվը որոշում է բնակարանի մակերեսով, ուստի այս բաշխումը չի համեմատվում 2024-ի հետ, երբ բնակարանները դասակարգվում էին ըստ սենյակների։ Ամենատարածվածը 66–85 քառ. մ եռասենյակ բնակարաններն են՝ 36,5%։ Երկսենյակները (45–65 քառ. մ) կազմում են 28,2%, մեկսենյակները (մինչև 45 քառ. մ)՝ 15,1%, քառասենյակները (86–105 քառ. մ)՝ 14,2%, իսկ 106 քառ. մ և ավելի մակերեսով բնակարանները՝ 6%։
Այս բաշխումն ընդգրկում է 469,9 հազ. բնակարան, ինչը 1,7 հազ.-ով ավելի է ընդհանուր թվից։ Վիճակագրական կոմիտեի պարզաբանմամբ՝ Կադաստրի կոմիտեն ընդհանուր թիվը հաշվել է ըստ գույքային միավորի, իսկ բաշխումը՝ ըստ շենք-շինությունների, և մեկ գույքային միավորում կարող է գրանցված լինել մեկից ավելի շինություն, ինչը հանգեցնում է կրկնահաշվարկի։
Երկրի բնակարանների 58,4%-ը Երևանում է։ Դրանց թվով առաջատարն են Արաբկիր (45,3 հազ.), Կենտրոն (40,6 հազ.) և Մալաթիա-Սեբաստիա (31,2 հազ.) վարչական շրջանները։ Կենտրոնում է 106 քառ. մ-ից մեծ 8,4 հազ. բնակարան, ինչը երկրում այդպիսի բնակարանների գրեթե 30%-ն է։
Ինչպիսի շենքեր են կառուցվել
Բազմաբնակարան շենքերի թիվը տարում ավելացել է 57-ով։ Դրանց 68,5%-ը քարե է, 22,4%-ը՝ պանելային, 8,2%-ը՝ մոնոլիտ։ Ամենից հաճախ հանդիպում են երկհարկանի (4,8 հազ.) և հնգհարկանի (3,6 հազ.) շենքեր։ 9 և ավելի հարկանի շենքերը 2 917-ից դարձել են 2 956, որոնց 77%-ը Երևանում է։
Տարիքը և վերելակները
Վիճակագրական կոմիտեն առանձին տվյալներ է ներկայացնում համայնքների, Երևանի վարչական շրջանների և իրավաբանական անձանց կառավարման կամ սպասարկման ներքո գտնվող 11,1 հազ. բազմաբնակարան շենքի վերաբերյալ։ Համատիրությունների, հավատարմագրային և լիազորված կառավարիչների կառավարման ներքո գտնվող շենքերն այս ընտրանքում չեն ներառված։
Այդ շենքերի 85,1%-ը շահագործման է հանձնվել մինչև 1991-ը, մոտ 1,2 հազ.-ը՝ դեռ մինչև 1950-ը։ 2011-ից հետո կառուցվածները 189-ն են կամ 1,7%-ը, ինչը 9-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Ընտրանքի 601 շենքում կա վերելակ, ընդհանուր առմամբ՝ 949։ Դրանց մեծ մասը Կոտայքի մարզում է (413 վերելակ 233 շենքում), Երևանում՝ 229 վերելակ 128 շենքում։
Հանրակացարաններ
Չսեփականաշնորհված հանրակացարանների մակերեսը տարում կրճատվել է 6,4%-ով՝ 204,3-ից մինչև 191,2 հազ. քառ. մ, որից 58,6 հազ. քառ. մ-ը՝ Երևանում։ Վիճակագրական կոմիտեն դրանք հաշվառում է բնակարանային ֆոնդից առանձին՝ որպես կոլեկտիվ բնակության վայրեր, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) 2030-ի բնակչության և բնակարանային ֆոնդի մարդահամարների առաջարկություններին համապատասխան։



