ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչեց հանրության գերակա շահ

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) 100% բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընկերությունը պետք է դառնա պետական սեփականություն և կառավարման հանձնվի համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով հարցը, նշել է. «ՀԾԿՀ (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) որոշմամբ արդեն դադարեցվել է ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործունեությունը։ Դրանից հետո ՏԿԵՆ-ը գրությամբ դիմել է ՀԷՑ-ի բաժնետերերին՝ առաջարկելով ՀՀ սեփականության իրավունքով օտարել 100 տոկոս բաժնեմասերը: Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել, ինչը նույնն է, թե ՀԷՑ-ի սեփականատերերը մերժել են Կառավարության առաջարկը: Սրանից հետո արդեն ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված կարգով սկսվել է հանրային գերակա շահ ճանաչելու մասին ընթացակարգի ապահովումը: Կայացել են հանրային լսումներ, օրենքով սահմանված կարգով բոլոր գործողություններն արված են»։
Որոշման նախագծի համաձայն՝ ՀԷՑ-ի 246,4 հազ. բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը 20,7 մլրդ դրամ է (մոտ 57,2 մլն ԱՄՆ դոլար՝ 2026-ի առաջին կիսամյակի միջին փոխարժեքով), մեկ բաժնետոմսինը՝ 83,9 հազ. դրամ։ Բաժնետոմսերի 70%-ը պատկանում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին, որի բաժնետոմսերով ձայնի իրավունքը սառեցված է, 30%-ը՝ կիպրական «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ին։ Կառավարությունը բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարելու առաջարկը ներկայացրել էր 2026-ի փետրվարի 17-ին։ ՀԷՑ-ը սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի։
Որոշման հիմնավորման համաձայն՝ «Տաշիր կապիտալ»-ը ՀԾԿՀ որոշումը վիճարկել էր Վարչական դատարանում, սակայն 2026-ի մարտի 27-ի վճռով հայցը մերժվել է։ Ապրիլի 18-ին դատարանը բավարարել է ընկերության մյուս հայցը, և «Տաշիր կապիտալ»-ը մինչև մայիսի 25-ը հնարավորություն է ունեցել կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարել իր 70% բաժնեմասը, սակայն եռամսյա ժամկետում չի օգտվել այդ իրավունքից։ Ընկերության ևս մեկ հայցի ընդունումը մերժվել է։ Սահմանադրական դատարանը 2026-ի մարտի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ «Էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված ժամանակավոր կառավարումը սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակում է՝ առանց դրա էությունը խաթարելու։ Հիմնավորման մեջ նշված է, որ ժամանակավոր կառավարումը համակարգի երկարաժամկետ կառավարման վերջնական լուծում չէ, իսկ պետական բյուջեում կարող են նախատեսվել ծախսեր՝ օտարվող բաժնետոմսերի դիմաց օրենքով սահմանված փոխհատուցման համար։
Փաշինյանի խոսքով՝ որոշումը սպասված էր և կանխատեսելի, որովհետև հայտարարվել էր այդ գործընթացի մասին։ «Չնայած մենք ակնկալիք ունենք, որ Հայաստանի համապատասխան մարմինները զուգահեռ կուսումնասիրեն նաև ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը: Նաև գործընթացները մեկը մյուսի հետ չենք կապում, որովհետև մեկը մյուսին չի խանգարում և չի բացառում։ Գնալու ենք այս ճանապարհով։ Հասել ենք մեր հերթական հանգրվանին»,- ասել է վարչապետը։
Նա հետաքրքրվել է գնագոյացման խնդրով՝ ինչպես և ինչքան պետք է սեփականատերերին վճարել։ Նախարարի խոսքով՝ իրականացվում է գնահատում. «Արդյունքում ստացված գնի մասով ծանուցում է ուղարկվում ՀԷՑ-ի սեփականատերերին, որոնք իրավունք ունեն ընդունել առաջարկված գինը կամ սեփական գնահատումը պատվիրել։ Եթե ՀԷՑ-ի սեփականատերերը չեն համաձայնվում Կառավարության առաջարկին, և իրենք էլ գնահատում չեն իրականացնում, առաջին գնահատմամբ գնահատված գումարը դրվում է դեպոզիտներում, և գործարքն ավարտվում է»։
Նախագծով օտարման գործընթացը պետք է սկսվի մինչև 2027-ի մայիսի 1-ը, իսկ օտարման նպատակի իրագործումը՝ սկսվի մինչև 2027-ի հուլիսի 1-ը և ավարտվի մինչև հոկտեմբերի 1-ը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսում պետք է կազմի գույքի նկարագրության արձանագրությունը (ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել ոչ ավելի, քան երկու ամսով), այնուհետև երեք ամսում կազմակերպի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը։ Գնահատման ժամանակ հաշվի են առնվելու նաև ընկերության այն պարտավորություններն ու ռիսկերը, որոնք արտացոլված չեն ֆինանսական հաշվետվություններում։ Սեփականատերերը նույն ժամկետում կարող են ներկայացնել Հայաստանի ռեզիդենտ անկախ գնահատողի իրենց հաշվետվությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Փաշինյանը նշել է. «Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին, այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք: Սակայն եթե պարզվի, որ չենք կարողանում իրագործել այս պլանը, նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը։ Առաջիկայում սա մեր կարևորագույն թեմաներից մեկն է լինելու»։
Կիսամյակային արդյունքներ և նախորդող գործընթաց
ՀԷՑ-ի շահույթը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 9,56 մլրդ դրամ (մոտ 26,5 մլն ԱՄՆ դոլար)՝ 27,3%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (13,16 մլրդ դրամ)։ Տվյալները ներկայացված են ընկերության աուդիտի չենթարկված ֆինանսական հաշվետվությունում, որը հրապարակել է AMX-ը։ Հասույթն աճել է 1,1%-ով՝ մինչև 98,8 մլրդ դրամ, սակայն էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության վճարներն աճել են 13%-ով՝ մինչև 63,3 մլրդ դրամ, իսկ այլ եկամուտները 8,1-ից նվազել են 1,5 մլրդ դրամի։ Գործառնական արդյունքը նվազել է 36%-ով՝ մինչև 11,5 մլրդ դրամ։ Կիսամյակում շահաբաժիններ չեն վճարվել, նախորդ տարի դրանք կազմել էին 11,6 մլրդ դրամ։
ՀԾԿՀ-ն հաստատել է ՀԷՑ-ի 2026-ի ներդրումային բյուջեն՝ 46,7 մլրդ դրամ։ Այն 2024–2034 թվականների 305,4 մլրդ դրամի ներդրումային ծրագրի մաս է։
2025-ի հուլիսի 3-ին Ազգային ժողովը փոփոխություններ է ընդունել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում, որոնք վերաբերել են ՀԷՑ-ին։ 2025-ի սեպտեմբերին Moody’s-ը ընկերության վարկանիշը Ba2-ից իջեցրել է Ba3՝ «բացասական» հեռանկարով։ Նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին զրկել է էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից։ Որոշման մեջ նշված են, մասնավորապես, 2018–2024 թվականների հաշվիչների տվյալների ջնջումը, ցուցմունքների կեղծումը, ներդրումային ծրագրերի խախտումները և փոխկապակցված ընկերությունների օգտին ռիսկային վարկային երաշխիքները։



