Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա 720 տոննայով

Հայաստանի ամենամեծ ջրավազանում՝ Սևանա լճում, սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը 2026-ին կավելանա 720 տոննայով և ամբողջ որսաշրջանի համար կկազմի 1270 տոննա։ Որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Մինչ այդ 2026-ի համար սահմանված էր 550 տոննա։
Հիմնավորման համաձայն՝ 550 տոննայի չափաքանակը սահմանվել էր Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ 2025-ին իրականացրած հետազոտությունների հիման վրա։ Դրանք անցկացվել են «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում։
Գիտական կենտրոնի ուսումնասիրությամբ՝ 2026-ի հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա, և կենտրոնն առաջարկել է որսի չափաքանակն ավելացնել ևս 720 տոննայով։
BusinessDaily-ի հաշվարկով՝ 1270 տոննան սիգի ընդհանուր պաշարի 28,2%-ն է, իսկ նոր չափաքանակը 2,3 անգամ գերազանցում է տարեսկզբին սահմանվածը։ Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունմամբ պետական բյուջեի մուտքերը կավելանան շուրջ 144 մլն դրամով (մոտ 399 հազ. ԱՄՆ դոլար)՝ բնօգտագործման վճարի հաշվին։
Նախագիծը մշակել է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Որոշմամբ փոփոխվում է կառավարության 2026-ի փետրվարի 5-ի N 120-Ն որոշումը, և այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ Որոշմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը, իսկ ձկնորսությունն իրականացվելու է լիազոր մարմնի հետ կնքված օգտագործման պայմանագրերի հիման վրա։



