Industry

ՀՀ վարչապետը և «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը քննարկել են Հայաստանը միջազգային ցանցերին ինտեգրելու հարցը. կստեղծվի աշխատանքային խումբ

Հայաստանի կառավարությունը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղիների մրցունակության բարձրացման և միջազգային երթուղիներին դրանց ինտեգրման հարցերը սեղմ ժամկետում քննարկելու համար։ Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզերովի հանդիպմանը։

Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները հաշվի առնելով՝ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցունակ և ինտեգրել հարևան երկրների ու միջազգային երկաթուղային ցանցին։

Կողմերը քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը և դրանց իրականացման արդյունքում բացվող հնարավորությունները։

Քննարկվել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման շրջանակում ենթակառուցվածքների զարգացման, կառավարման արդյունավետության, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների հարցերը։ Ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերությունն է, որը կոնցեսիայով կառավարում է Հայաստանի երկաթուղին։

«Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի երկաթուղին կառավարում է 2008-ից՝ 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-օգոստոսին երկաթուղով փոխադրվել է 1 288,1 հազ. տոննա բեռ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 23%-ով ավելի։ Դա բոլոր տեսակի տրանսպորտով փոխադրված 11 357,4 հազ. տոննա բեռի 11,3%-ն է։ Երկաթուղով արտահանվել է 317,5 հազ. տոննա, ներմուծվել՝ 625,2 հազ. տոննա բեռ, ներհանրապետական փոխադրումները կազմել են 345,4 հազ. տոննա։ Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 8 600,2 հազ. տոննա բեռ (+3,2%)։

Հայաստանի աշխարհաքաղաքական և դրանց հետ կապված տնտեսական մարտահրավերների մասին կարդացեք այստեղ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}