Macro

Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը սեպտեմբերին ավելացել է 15 հազարով և հասել ռեկորդի

Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը սեպտեմբերին օգոստոսի համեմատ ավելացել է 15 հազարով, ինչը նոր ռեկորդ է։ Այս մասին կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ամփոփած տվյալներին։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերն ավելացել են 39,8 հազարով կամ շուրջ 4,9%-ով, իսկ միջին աշխատավարձը՝ 28,4 հազ. դրամով (մոտ 78 ԱՄՆ դոլար) կամ շուրջ 7%-ով։

«2017 թ. սեպտեմբերի համեմատությամբ, այսինքն՝ նախահեղափոխական սեպտեմբերի համեմատությամբ, մենք այս պահի դրությամբ ունենք 311 հազար 480 աշխատատեղի հավելաճ: Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է, վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»,- նշել է վարչապետը։

Փաշինյանն անդրադարձել է նաև մարտահրավերներին։ Նրա խոսքով՝ ընթացիկ շրջանի տեսանելի մարտահրավերը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում հարաբերություններն են, որոնց շուրջ կառավարությունն առաջիկայում կաշխատի։ «Այստեղ մեր ընկալումը հետևյալն է. մեր ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու մեր տնտեսական դինամիկան ապահովելուն և, իհարկե, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ընդհանրապես պետականությունն ամրապնդելուն: Սրանք ոչ միայն համատեղելի խնդիրներ են, այլև մեկը բխում է մյուսից, և փոխկապակցված են»,- ընդգծել է նա։

Վարչապետը հավելել է, որ երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան «բավականին լավ է տեղի ունենում», և առկա տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դրանք էլ ավելի կամրապնդվեն ու կխորանան։ «Կարծում եմ, ընդհանուր առմամբ, աշխատանքով բարեկեցության հասնելու ռազմավարությունից պետք է չշեղվենք և շարունակենք այս ճանապարհը։ Այդ ճանապարհին կլինեն մարտահրավերներ, որոնք պետք է կառավարենք»,- շեշտել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2025-ի արդյունքներով 2018 թվականից ի վեր Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է շուրջ 53%-ով։ «Այս դինամիկայով պետք է շարունակենք մեր աշխատանքը և տրամադրվենք, որ պետք է այսպես աշխատենք՝ տնտեսության և տնտեսավարողների համար հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք աշխատեն, արդյունք ստեղծեն և օրենքով սահմանված հարկերը վճարեն»,- ասել է վարչապետը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}