Regulation

TRIPP-ի ընկերության համար օրենսդրական դաշտ է պատրաստվում. նախագիծը հանրային քննարկման է

Միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող այն ընկերությունները, որոնցում պետությունն ունի առնվազն 25 տոկոս մասնակցություն, կարող են դուրս մնալ գնումների, մրցակցության և պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքների գործողությունից։

Նման կարգավորում է նախատեսում Արդարադատության նախարարության մշակած օրենքների նախագծերի փաթեթը։ Փաթեթը հրապարակվել է e-draft.am կայքում, իսկ քննարկումը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը։

Նախագծերում որևէ կոնկրետ ծրագիր նշված չէ։ Սակայն հիմնավորումից պարզ է դառնում, որ փոփոխությունները նախատեսվում են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի համար։

Ինչ է փոխվում

Նոր ռեժիմը կտարածվի այն ընկերությունների վրա, որոնք համապատասխանում են միաժամանակ երկու չափանիշի։ Առաջինը՝ ընկերությունը պետք է ստեղծված լինի Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով։ Երկրորդը՝ կանոնադրական կապիտալում պետության մասնաբաժինը պետք է լինի 25 տոկոս կամ ավելի։

Այդ ընկերությունների կնքած գործարքները դուրս կմնան «Գնումների մասին» օրենքի գործողությունից։ Դրանց վրա չեն տարածվի նաև մրցակցության պաշտպանության և պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքները։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը լրացվում է նոր հոդվածով, որով ընկերությունները հնարավորություն կստանան կանոնադրությամբ կամ բաժնետերերի համաձայնագրով շեղվել օրենքի ընդհանուր կանոններից։ Թույլատրելի շեղումների ցանկը փակ է։ Այն ներառում է խոշոր և շահագրգռվածությամբ գործարքները, ընդհանուր ժողովի և խորհրդի աշխատակարգը, բաժնետոմսերի օտարման դեպքում նախապատվության իրավունքը, բաժնետոմսերի հետգնումը, ինչպես նաև բաժնետերերի և դուստր ընկերությունների պատասխանատվությունը։ Մյուս բոլոր հարցերում կգործի ընդհանուր կարգը։

Ընդ որում, նման ընկերությունների կանոնադրությունը և դրանում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն պետք է հաստատի կառավարությունը։ Նախարարությունը դա համարում է հանրային շահի պաշտպանության լրացուցիչ երաշխիք։

Ինչու է պետք փոփոխությունը

Նախարարությունը հիմնավորման մեջ բացատրում է, թե ինչու է անհրաժեշտ նոր կարգավորումը։ Երբ Հայաստանը որևէ ենթակառուցվածքային, տրանսպորտային, տարանցիկ կամ էներգետիկ ծրագիր իրականացնում է միջազգային պայմանագրով, սովորաբար ստեղծվում է առանձին ընկերություն, որի բաժնետերերն են Հայաստանը և օտարերկրյա պետությունը կամ միջազգային կազմակերպությունը։ Պայմանագրով կողմերը համաձայնեցնում են նաև ընկերության կառավարման հիմնական կանոնները՝ բաժնեմասերի հարաբերակցությունը, կառավարման մարմինների ձևավորումը, որոշումների ընդունման կարգը, բաժնետոմսերի օտարման սահմանափակումները։

Հիմնավորման մեջ նշված է, որ «այդ պայմանավորվածությունները, լինելով միջպետական բանակցությունների արդյունք, հաճախ տարբերվում են» «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի ընդհանուր կարգավորումներից։ Հենց այս նախադասությանն է կցված տողատակը.

«Հատկանշական է, որ նմանօրինակ իրավիճակ է առաջանալու նաև ԹՐԻՓՓ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում համապատասխան ընկերության հիմնադրման և գործունեության կապակցությամբ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի դրույթները»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ TRIPP Development Company-ում ԱՄՆ-ին կպատկանի 74 տոկոս, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս։ Սա բարձր է նախագծով սահմանված 25 տոկոսի շեմից։

Մշակողների գնահատմամբ՝ փաթեթի ընդունումը լրացուցիչ բյուջետային ծախսեր չի պահանջի։

TRIPP-ի մասին ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

  • Ինչ է TRIPP-ը։ Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղի, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Այն կներառի երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, օպտիկամանրաթելային և էլեկտրահաղորդման գծեր։ Ինքնիշխանությունը, սահմանային և մաքսային վերահսկողությունը մնում են Հայաստանին։
  • Ընկերությունը։ Հայաստանում կհիմնադրվի TRIPP-ի զարգացման ընկերություն՝ բաժնետիրական ընկերության ձևով։ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, Հայաստանին՝ 26%-ը։ Կարևոր որոշումները կընդունվեն միայն երկու կողմերի համաձայնությամբ։
  • Հողը։ Ընկերությունը հողի օգտագործման բացառիկ իրավունք կստանա 49 տարով։ Ժամկետը կարող է երկարաձգվել ևս 50 տարով, որի դեպքում Հայաստանի բաժինը կդառնա 49%։ Ժամկետի ավարտին իրավունքներն անհատույց կվերադառնան Հայաստանին։
  • Օրենքներից շեղումներ։ Հայաստանը պարտավորվում է թույլ տալ շեղումներ բաժնետիրական ընկերությունների, գնումների և ՊՄԳ մասին օրենքներից։ Հակասության դեպքում գործում է համաձայնագիրը։
  • Հարկեր։ Շահաբաժինները, բաժնետոմսերի վաճառքը և հողային իրավունքների փոխանցումն ազատվում են հարկերից։
  • Սահման։ Անցակետերում հաճախորդների սպասարկումը կարող են իրականացնել մասնավոր օպերատորները («front office»)։ Վերահսկողությունը մնում է պետությանը։
  • Վեճեր և ժամկետ։ Վեճերը լուծվում են միայն բանակցություններով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ համաձայնագրից՝ մեկ տարի առաջ ծանուցելով։
Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}