ՊԵԿ-ը հայտնաբերել է Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռներում թաքցված 37,9 հազ. տուփ ծխախոտ

Հայաստանում գրանցված ընկերությունը փորձել է ԱՄՆ արտահանել 37,9 հազ. տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանք՝ թաքցնելով այն լամինատե դռների մեջ։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժինը տվյալներ էր ստացել, որ ընկերությունը պատրաստվում է «Կարգո» բեռնային համալիրով ԱՄՆ արտահանել մաքսային հսկողությունից թաքցված խոշոր խմբաքանակ ծխախոտային արտադրանք։ Դրանից հետո հսկողություն է սահմանվել ընկերության արտահանվող բեռների նկատմամբ։
Մաքսային զննման ընթացքում պարզվել է, որ դռներից յուրաքանչյուրը երկու անգամ ավելի ծանր էր, քան նույն նյութից պատրաստված սովորական դուռը։ Վարչության աշխատակիցները կազմաքանդել են արտահանվող բոլոր դռները, որոնց մեջ տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք էր։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։ ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու փորձերից։
Լուսանկարը՝ օպերատիվ տեսանկարահանման կադր



