Regulation

Ինն ամսում Հայաստան-Իրան սահմանին հայտնաբերվել է 31%-ով ավելի մաքսանենգ և չհայտարարագրված ծխախոտ, քան ամբողջ 2025-ին

Իրանից Հայաստան սիգարետ պաշտոնապես չի ներկրվում։

Հայաստանի և Իրանի սահմանին գտնվող Ագարակի անցման կետում 2026-ի ինն ամիսներին մաքսային հսկողության ամբողջ գործիքակազմով հայտնաբերվել է շուրջ 575 հազ. տուփ ծխախոտ, ինչը 31%-ով գերազանցում է 2025-ի ամբողջ տարվա ցուցանիշը։ Այս մասին BusinessDaily-ին հայտնի դարձավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հաղորդագրությունից, որով ՊԵԿ-ն անդրադարձել էր Հայաստանում գրանցված ընկերության կողմից 37,9 հազ. տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքը լամինատե դռների մեջ թաքցրած ԱՄՆ արտահանելու փորձի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքին։

«Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժին տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով, «Կարգո» բեռնային համալիրով, դեպի ԱՄՆ արտահանել խոշոր խմբաքանակի ծխախոտային արտադրանք։ Իրացնելով օպերատիվ տվյալները՝ հսկողություն է սահմանվել տնտեսվարող սուբյեկտի կողմից արտահանվող բեռների նկատմամբ։

Իրականացվող հսկողության շրջանակում «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները: Այդ դռներից յուրաքանչյուրի քաշը երկու անգամ ավելի մեծ էր, քան նույն նյութից պատրաստված սովորական դռներինը։ Մաքսային զննման ընթացքում կազմաքանդվել են արտահանվող բոլոր դռները: Արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 37․900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն»,- ասվում էր հոկտեմբերի 20-ին տարածված հաղորդագրության մեջ։

ՊԵԿ-ի հոկտեմբերի 21-ի անդրադարձում նշված է. «Պետական եկամուտների կոմիտեն տարակուսանք է հայտնում վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ, որոնցում մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի արտահանման հերթական դեպքի բացահայտման վերաբերյալ փաստերը ներկայացվում են աղավաղված մեկնաբանություններով՝ անհարկի ստվերելով ՊԵԿ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքը։

Մասնավորապես, հարկ ենք համարում ընդգծել, որ նշված դեպքը բացահայտվել է ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված հսկողական աշխատանքի արդյունքում։ Հետևաբար, բացահայտման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ լրատվամիջոցի հղում կատարելու անհրաժեշտություն կամ հիմք չի եղել։ Ավելին, դեպքի վերաբերյալ տեղեկատվական նյութերը պատրաստվել և մոնտաժվել էին հրապարակումից դեռ օրեր առաջ, սակայն, հաշվի առնելով ՀՀ-ում անցկացվող կարևոր միջոցառումները, դրանց հրապարակման համար ընտրվել է առավել պատեհ ժամանակահատված։ Ուստի բացահայտման հանգամանքները լրատվամիջոցների հրապարակումների հետ պայմանավորելու փորձերը զուրկ են փաստական հիմքից։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի տեղափոխման դեպքերի բացահայտումները ՊԵԿ ստորաբաժանումների ամենօրյա, հետևողական աշխատանքի արդյունք են և վերոնշյալ դեպքը բացառություն չէ։ Դրանում համոզվելու համար բավարար է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք և «ծխախոտ» բանալի բառով որոնում կատարել՝ ծանոթանալու նմանատիպ բազմաթիվ հրապարակումների։ Հետևաբար, առանձին դեպքի բացահայտումը որպես լրատվամիջոցների հրապարակումների հետևանք կամ սենսացիա ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրականությունը, այլև անտեսում է մաքսային ծառայության շարունակական աշխատանքի արդյունքները։

Միաժամանակ նշենք, որ Զվարթնոցի «Կարգո» բեռնային համալիրում հայտնաբերված՝ ապօրինի տեղափոխվող ծխախոտային արտադրանքի ո՛չ տուփերի, ո՛չ էլ արտաքին փաթեթավորման վրա առկա չեն որևէ նշումներ, որոնք կհաստատեին դրանց՝ ՀՀ պետական սահմանի Ագարակի մաքսային անցման կետով ՀՀ տարածք ապօրինի տեղափոխված լինելու հանգամանքը։

Հարկ ենք համարում շեշտել, որ ՊԵԿ ստորաբաժանումները մաքսային հսկողություն են իրականացնում ամենօրյա ռեժիմով՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Մաքսային իրավախախտումների բացահայտումն իրականացվում է համակարգված հսկողական աշխատանքների արդյունքում և չի պայմանավորվում լրատվամիջոցների հրապարակումներով։ Մաքսային ծառայության գործունեության արդյունավետությունը գնահատելիս անհրաժեշտ է առաջնորդվել փաստերով և արձանագրված արդյունքներով, այլ ոչ թե ենթադրություններով կամ կամայական մեկնաբանություններով։

Փաստերով առաջնորդվելու կարևորությունն ընդգծելու համար նշենք, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմով 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է շուրջ 209 հազար տուփ ծխախոտ, ինչը 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է 49%-ով, իսկ 2024-ինը՝ 122%-ով։

Ի լրումն նշված ցուցանիշների, հավելենք, որ Ագարակի սահմանային անցման կետում 2026 թվականի ինն ամիսներին պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային հսկողության ամբողջ գործիքակազմով հայտնաբերվել է շուրջ 575 հազար տուփ ծխախոտ, ինչը 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է 31%-ով»։

Ագարակը Հայաստանի և Իրանի միջև միակ ցամաքային անցման կետն է։ Այն գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, Արաքս գետի ափին, Իրանի կողմում նրան համապատասխանում է Նորդուզի անցման կետը։

ՊԵԿ-ի կայքում հրապարակված վիճակագրական տվյալներով՝ Իրանից Հայաստան սիգարետ պաշտոնապես չի ներկրվել ո՛չ 2024-ին, ո՛չ 2025-ին, ո՛չ էլ 2026-ի առաջին կիսամյակում։ Իրանից Հայաստան է բերվում միայն չմշակված ծխախոտ և ծխախոտի թափոններ՝ 2024-ին 510,6 տոննա 2,1 մլն ԱՄՆ դոլարի, 2025-ին 78,4 տոննա 225,7 հազ. դոլարի։ 2026-ի առաջին կիսամյակում ներմուծումը կազմել է 92,1 տոննա 180,6 հազ. դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 66,4 տոննա 190,8 հազ. դոլարի դիմաց։ Այլ ծխախոտի ներմուծումը 2024-ի 4,9 տոննայից (40 հազ. դոլար) 2025-ին նվազել է մինչև 19 կգ (0,9 հազ. դոլար)։ 2025-ին Հայաստան ներմուծվել է 1 մլրդ 912,6 մլն հատ սիգարետ (շուրջ 95,6 մլն տուփ) 37,1 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2026-ի առաջին կիսամյակում՝ 949,9 մլն հատ (շուրջ 47,5 մլն տուփ) 19,7 մլն դոլարի՝ 57,1%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}