Հայաստանում հունվար–հոկտեմբերին հարկային եկամուտներն աճել են 14,5%-ով և կազմել 2 տրլն 566 մլրդ դրամ

Հայաստանում 2026-ի հունվար–հոկտեմբերին հավաքագրվել է 2 տրլն 566 մլրդ դրամ (մոտ 7,12 մլրդ ԱՄՆ դոլար) հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 326 մլրդ դրամով կամ 14,5%-ով։
Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Տարեվերջին ակնկալվում է շուրջ 3 տրլն 90 մլրդ դրամ հարկային եկամուտ, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24,8%՝ նախորդ տարվա համեմատ բարելավվելով 0,8 տոկոսային կետով։
Հակոբյանի խոսքով՝ հարկային եկամուտների աճին նպաստել են շինարարության, հանքարդյունաբերության և ֆինանսական ծառայությունների ոլորտներում դրական զարգացումները, օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության և հարկ վճարողների կարգապահության բարձրացումը։
ՊԵԿ նախագահն ընդգծել է նաև հեռավար վարչարարության ընդլայնումը։ 2026-ի առաջին ինն ամիսներին վերլուծական գործիքների կիրառմամբ հարկ վճարողներին առաջադրվել է 91,4 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն՝ նախորդ տարվա համեմատ 54,5%-ով ավելի։
Հակոբյանի ներկայացրած անկախ հետազոտության համաձայն՝ հարցված հարկ վճարողների շուրջ 60%-ը դրական է գնահատել վերջին մեկ տարում ՊԵԿ-ի վերաբերմունքի փոփոխությունը։ Հարցվածների 63%-ը նշել է, որ ՊԵԿ-ը հավասար վերաբերմունք է ցուցաբերում բոլոր հարկ վճարողների նկատմամբ։ Մեկ տարում այս ցուցանիշը բարելավվել է 18 տոկոսային կետով՝ 45%-ից հասնելով 63%-ի։
ՊԵԿ-ի բյուջեն. 2027-ին ՊԵԿ-ի գործունեության ապահովման համար նախատեսվում է հատկացնել 37,8 մլրդ դրամ՝ 2026-ի համեմատ շուրջ 1 մլրդ դրամով ավելի։ Հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների վերադարձին կուղղվի 122,6 մլրդ դրամ՝ շուրջ 20,5 մլրդ դրամով ավելի, քան 2026-ին։
Միջոցներն ուղղվելու են թվային համակարգերի զարգացմանն ու սպասարկմանը, աշխատակիցների կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգի ընդլայնմանը և մաքսային ենթակառուցվածքների արդիականացմանը։ Մասնավորապես, կշարունակվեն Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման, Սյունիքի և Երևանի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների կառուցման, ինչպես նաև սահմանային անցակետերի տեխնիկական վերազինման աշխատանքները։
2027-ի բարեփոխումները. ՊԵԿ նախագահը ներկայացրել է առաջիկա տարվա բարեփոխումների երեք հիմնական ուղղություն՝ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների զարգացում, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում և Կոմիտեի ինստիտուցիոնալ զարգացում։
Ծառայությունների թվայնացման շրջանակում նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց սպասարկման միասնական հարթակ, արհեստական բանականության տարրերով աշխատող չաթբոտ և ձայնային օգնական համակարգեր, ընդլայնել առցանց ՀԴՄ-ների կիրառությունը։ Մաքսային ոլորտում կներդրվեն բեռնատարների հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ և սպասարկման նոր թվային հարթակ։
Վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով կզարգացվեն հարկ վճարողների վարկանիշավորման համակարգը, արհեստական բանականության վրա հիմնված վերլուծական գործիքները, ապրանքների հետագծելիության և թվային դրոշմավորման մեխանիզմները, կընդլայնվեն նաև թվային հետախուզության լաբորատորիայի կարողությունները։
Հակոբյանը տեղեկացրել է, որ Կոմիտեի գործունեության արդյունավետությունը գնահատելու համար սահմանվել են յոթ նոր արդյունքային ցուցանիշներ՝ հարկային կարգապահության, վերլուծական գործիքների կիրառման և մաքսային սպասարկման ոլորտներում։
Ինստիտուցիոնալ զարգացման շրջանակում 2027-ից նախատեսվում է իրականացնել հարկ վճարելու մշակույթի տարածման իրազեկման արշավներ, արդիականացնել ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը և կատարելագործել աշխատակիցների կատարողականի գնահատման համակարգը։
Բարեփոխումների նպատակն է բարձրացնել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունը, ընդլայնել թվային ծառայություններն ու ամրապնդել հարկ վճարողների և Կոմիտեի միջև փոխադարձ վստահությունը։
Լուսանկարը՝ ՀՀ Ազգային ժողով



