Tech & IT

Հայաստանում ֆիզիկական ԱԲ-ի 14 մլն դոլարի ծրագիրն այս շաբաթ կստանա Agile Robots-ի առաջին սարքավորումը

Ֆիզիկական արհեստական բանականության (ռոբոտաշինության և ԱԲ-ի հատման ուղղություն) 4 մլրդ 828,7 մլն դրամի (14 մլն ԱՄՆ դոլարի) 7-ամյա ծրագրի առաջին լաբորատոր սարքավորումը գերմանական Agile Robots ընկերությունից Հայաստան կհասնի այս շաբաթվա վերջին։ Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց ծրագիրը համակարգող ARCS.ai հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անիկ Մարգարյանը։

Կառավարությունը ծրագիրը հաստատել է որոշմամբ, և այն կիրականացվի Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանի խոսքով՝ 14 մլն դոլարի 50%-ը կֆինանսավորի պետությունը։ Մարգարյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկել էր դեռ կառավարության որոշումից առաջ՝ մասնավոր դոնորների աջակցությամբ։ 2025-ի փետրվարին ARCS.ai-ի ստեղծումից ի վեր առնվազն մեկ տարում իրականացվել է 16 կրթական ծրագիր և դասընթաց, Հայաստան են եկել 5–6 հրավիրյալ պրոֆեսոր, այդ թվում ԱՄՆ-ի Բրաունի և Միչիգանի համալսարաններից, ինչպես նաև Ֆինլանդիայից։

Ծրագրի մասնավոր աջակիցներից Մարգարյանը թվարկեց ամերիկյան Armenia Fund հիմնադրամը, Rev & Rachel Foundation բարեգործական հիմնադրամը և ServiceTitan ընկերության համահիմնադիր Վահե Կուզոյանին։ Հայաստանի ամերիկյան համալսարանը ոչ միայն ծրագրի իրականացնողներից է, այլև համաֆինանսավորող։ Լաբորատոր սարքավորումների ուղղությամբ ծրագիրը համագործակցում է Agile Robots-ի հետ, որի ներկայացուցիչները կմասնակցեն այս շաբաթ կայանալիք DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին, իսկ նոյեմբերի 22-ին միջազգային գործընկերների մասնակցությամբ կանցկացվի առանձին միջոցառում։ Հայաստանի նորարարության հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը հավելեց, որ ARCS.ai-ի ձևավորած Ֆիզիկական ԱԲ-ի խորհրդում ընդգրկված է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։

Վիրաբյանի խոսքով՝ բուհերում կձևավորվի մշտական գիտական միջուկ՝ մինչև 3 ավագ գիտնական, 12 և ավելի հետդոկտորական հետազոտող և 60 և ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնական, իսկ ամբողջական գործարկման փուլում կաշխատի 15 հետազոտողից բաղկացած թիմ։ 7 տարում ծրագիրը կունենա 330 շրջանավարտ՝ շուրջ 265 բակալավր, 62 մագիստրանտ և 6 դոկտորանտ, իսկ թիրախներից են միջազգային վարկանիշային ամսագրերում 20 հոդվածը, շուրջ 10 խոշոր գիտական դրամաշնորհի հայտը, 2 գյուտի արտոնագիրը և 5 ստարտափ ու սփին-օֆ ընկերությունը։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ այժմ Հայաստանում ռոբոտաշինություն սովորում է ոչ ավելի, քան 100 ուսանող։ ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար, YerevaNN լաբորատորիայի ղեկավար Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ ԵՊՀ-ի հետ կապված խմբերում աշխատում է մոտ 20 գիտնական, մեծ մասը՝ երիտասարդ։ «Հնարավոր չի այսօր Հայաստանում 50 հոգանոց թիմ հավաքել ռոբոտաշինության ուղղությամբ կամ արհեստական բանականության։ Հիմա այս ծրագրի նպատակը այն է, որ մի քանի տարուց այսպես չլինի վիճակը»,- ընդգծեց Խաչատրյանը։ Մարգարյանը պարզաբանեց, որ առաջիկա տարիներին ծրագիրը տարեկան պետք է ապահովի 50 շրջանավարտ։

Խաչատրյանի խոսքով՝ 14 մլն դոլարով ֆիզիկական ԱԲ-ի ոլորտում առաջնորդություն հնարավոր չէ ձևավորել «վակուումում», սակայն ծրագրին կծառայեն նաև այլ ռեսուրսներ։ ԵՊՀ գերհամակարգիչը, որում մի քանի տարի առաջ ներդրվել է մի քանի միլիոն դոլար, իր ռեսուրսների առնվազն կեսով արդեն աշխատում է այս ուղղությամբ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Firebird ԱԲ կենտրոնի հետ ունի հաշվողական ռեսուրսների ձեռքբերման հինգ տարվա 25 մլն դոլարի պայմանագիր, և Խաչատրյանի գնահատմամբ՝ դրա առնվազն մեկ երրորդը կուղղվի գիտական հետազոտություններին։ «Այդ բոլորը որ գումարեք իրար, այնքան էլ 14 միլիոն չի»,- հավելեց նա։

Սարգսյանի խոսքով՝ բյուջեի առնվազն կեսը կներգրավվի մասնավոր հատվածից, իսկ կառավարության որոշմամբ ամրագրված պետական ներդրումը կարող է փոխվել, եթե ծրագրի մասշտաբներն աճեն։ Մոնիթորինգը ամեն տարի կիրականացնեն կոմիտեն և հիմնադրամը։ Պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիայի ղեկավար, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աստղիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսված է նաև մասնակցություն միջազգային խոշոր դրամաշնորհներին։ «Իսկ այս 14 միլիոն դոլարը մեզ կտրամադրի այդ կարողություն ստեղծելու համար»,- նշեց Հակոբյանը։

Կիրառություններից Խաչատրյանն առանձնացրեց արտակարգ իրավիճակներում փրկարարներին օգնելը և արդյունաբերական հոսքագծերի ռոբոտացումը, որն արդեն ընթանում է Ճապոնիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում։ «Այս ծրագրի նպատակը այն է, որ Հայաստանը ևս մտնի այդ պրոցեսների մեջ և իր ասելիքը ունենա և իր տեղը ունենա այդ թեմաներում»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Հայկ Բադալյան, «Արմենպրես»

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}