Երվանդ Զորյան․ Հայաստանում պետք է զարգացնել տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության էկոհամակարգը

Silicon Mountains 2026 տեխնոլոգիական համաժողովի օրերին հնարավորություն ունեցանք զրուցելու դոկտոր Երվանդ Զորյանի հետ։ Չնայած բազմազբաղությանը՝ նա սիրով ժամանակ գտավ հարցազրույցի համար և Business Daily-ին ներկայացրեց իր տեսակետները Հայաստանում նորարարության զարգացման նախադրյալների, տեխնոլոգիական ու գիտական ներուժի, ինչպես նաև հետազոտության և միջազգային շուկայի հետ կապի կարևորության վերաբերյալ, անդրադարձավ կիսահաղորդչային արդյունաբերության մարտահրավերներին ու դրանց հաղթահարման գործում Հայաստանի հնարավոր դերին։
Դոկտոր Երվանդ Զորյանը կիսահաղորդչային տեխնոլոգիաների և չիպերի նախագծման ոլորտի ճանաչված մասնագետ է։ Electronic Engineering Times-ը նրան ընդգրկել է կիսահաղորդչային արդյունաբերության 13 ամենաազդեցիկ գործիչների շարքում։ Երվանդ Զորյանը Synopsys ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենն ու առաջատար գիտնականն է, ինչպես նաև Synopsys Armenia-ի նախագահը։ Իր կարիերայի ընթացքում աշխատել է AT&T Bell Laboratories-ում, LogicVision-ում և Virage Logic-ում։ Գիտական գործունեության շրջանակում հեղինակել է չորս գիրք և ավելի քան 400 գրախոսվող գիտական հոդված, ունի ավելի քան 45 ԱՄՆ արտոնագիր և IEEE-ի (Institute of Electrical and Electronics Engineers) անդամ է՝ 1999 թվականից։ Նա նաև ներգրավված է կրթական ու համահայկական նախաձեռնություններում, այդ թվում՝ Հայկական վիրտուալ համալսարանի (Armenian Virtual College) աշխատանքներում։
— Silicon Mountains 2026 համաժողովի թեմաներից մեկը նորարարության մեջ ներդրումներն էին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ Հայաստանում գիտական նորարարության մեջ երկարաժամկետ ներդրումներ (long-term investment in innovation) կատարելու համար։
— Նորարարությունը երեք բաղադրիչ ունի՝ մասնագետներ (talent), ստեղծարարություն (creativity) և համապատասխան միջավայր (environment)։ Եթե այս երեքից մեկը բացակայում է, հաջողության հասնելը դժվար է։ Հայաստանում տաղանդավոր մասնագետներ պատրաստելու և տեխնոլոգիական աշխատուժ զարգացնելու (workforce development) ուղղությամբ բավական աշխատանք է արվում։ Ստեղծարարությունն էլ որոշ անհատների մոտ կա։ Սակայն կարևոր է նաև այնպիսի միջավայր լինի ընկերություններում և հաստատություններում, որտեղ ստեղծարարությունը գնահատվում է։
Ամեն տեխնոլոգիական ընկերություն չէ, որ ստեղծարար է, զբաղվում է հետազոտությամբ և մշակմամբ (R&D՝ Research and Development)։ Շատերը հիմնականում մշակում են, բայց հետազոտական աշխատանքներ չեն կատարում։ Մենք շատ ավելի մեծ արժեք կարող ենք ստեղծել մշակումը և հետազոտությունը համատեղելով։ Շատերը միայն պատվեր են կատարում՝ մշակում կատարում, դրա մեջ արժեքը շատ քիչ է. Կարող ես շատ կամ քիչ մարդ ներգրավել, բայց ավելացված արժեքը փոքր կարող է լինել, եթե դրա մեջ չկա հետազոտության բաժինը։
Հայաստանում կան մերի պես ընկերություններ, որտեղ հետազոտության բաժինը զորավոր է, մշակումների բաժինը՝ փոքր։ Ուրիշներում հետազոտությունների բաժինը փոքր է, մշակումներինը՝ մեծ։ Հայաստանն ունի խոշոր հետազոտական աշխատանք կատարելու կարողություն, բայց այդ ընկերությունները պետք է ունենան համապատասխան մշակույթ, համապատասխան պատրաստվածություն ներդնեն իրենց պրոդուկտներում։
— Հայաստանում կա՞ն դեպքեր, երբ, օրինակ, աշխատանքում հետազոտական մեծ ու մշակումների փոքր բաժին ունեցող ընկերությունները համագործակցում են հետազոտական փոքր ու մշակումների մեծ բաժին ունեցող ընկերությունների հետ՝ փոխլրացնելով միմյանց։
— Քիչ։ Դժբախտաբար, Հայաստանում, մեր բնագավառում համագործակցության էկոհամակարգը (collaboration ecosystem) դեռ թույլ է։ Այն պետք է զարգացնել։ Որոշ ոլորտներում համագործակցություն, իհարկե, կա։ Օրինակ՝ չիպերի նախագծման (chip design) համար անհրաժեշտ են ծրագրային ապահովում (software), մտավոր սեփականություն (IP՝ Intellectual Property) և արտադրական գործարաններ (manufacturing fabs)։ Չիպի ստեղծումն անցնում է բազմաթիվ փուլերով, և դրանցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ են մասնագիտացված ընկերություններ ու համագործակցություն։
Սակայն Հայաստանում ամբողջական՝ սկզբից մինչև վերջ (end-to-end) էկոհամակարգ դեռ չունենք։ Կան դրա առանձին բաղադրիչները, բայց կիսահաղորդիչների ոլորտն ունի համաշխարհային էկոհամակարգ, որը մեկ երկրի սահմաններում չէ։ Այսօր շատ երկրներ ձգտում են տեխնոլոգիական ինքնիշխանության (technological sovereignty)՝ ցանկանալով իրենց տարածքում ունենալ տեխնոլոգիական շղթայի հնարավորինս շատ փուլեր։ Բայց նման ամբողջական համակարգ ստեղծելը փոքր երկրների համար դժվար է։
— Կարո՞ղ է Հայաստանը կիսահաղորդիչների ոլորտում ինչ-որ ուղղությամբ կենտրոն դառնալ՝ առանց ամբողջական արտադրություն ունենալու։
— Արտադրությունը շատ թանկ հաճույք է։ Այն չիպերի համար նման է տպարանի․ ստեղծում ես չիպի նախագիծը, հետո պատրաստում նախատիպերը՝ (mask), և տպագրում չիպը։ Մի կողմում տպարանն է, մյուսում՝ չիպ ստեղծողը։ Ինձ համար ստեղծողը գրքի հեղինակն է, իսկ արտադրությունը՝ տպարանը։ Ուրեմն՝ մենք ուզո՞ւմ ենք տպարան լինել, թե՞ հեղինակ։
— Պետք է շղթան երկարացնել։
— Այո՛, շղթան պետք է երկարացնել, բայց տպարան ունենալը շատ թանկ հաճույք է։ Այսօրվա տեխնոլոգիաներով արտադրության մեկ հոսքագիծ կառուցելը մոտ 30 միլիարդ դոլար է արժենում, և շատերի համար դա տեխնիկապես անհնարին է եղել։
Ես լավ հիշում եմ՝ երբ նոր էի սկսել աշխատել, մոտ 40 տարբեր ընկերություն սեփական «տպարան» ուներ և չիպ էր արտադրում։ Իսկ այսօր քանի՞ ընկերություն է այդպես նորագույն պրոցեսորային չիպերի արտադրություն անում։ Աշխարհում ընդամենը չորսն են։
— Synopsys-ը ներգրավվա՞ծ է Հայաստանում տեղակայված ԱԲ-գործարանների (Firebird և Eleveight AI) զինանոցում գտնվող գերհզոր NVIDIA Blackwell B200 և NVIDIA Blackwell B300 գրաֆիկական պրոցեսորների ստեղծման մեջ:
— Անշուշտ: Այդ չիպերի դիզայնին ներգրավվել ենք: Մենք չիպի նախագիծը բերել ենք դուրս, Թայվանն անում է արտադրությունը, դիզայնն՝ ԱՄՆ-ը։ NVIDIA-ի չիպերն են, բայց NVIDIA-ի չիպերի դիզայնները Synopsys-ի գործիքներով են արված: Եվ այսօր եթե լսեք NVIDIA-ի նախագահին, ամեն տարի մեր համագումարներում գալիս է և խոսում Synopsys-ի հետ գործընկերության մասին: Ոչ միայն գործընկեր, այլև ռազմավարական կարևոր մատակարար ենք մենք: NVIDIA-ն նույնիսկ ներդրում է արել Synopsys-ի մեջ, որպեսզի մեր ռազմավարական կապը պահի: $2 միլիարդ դոլարի ներդրմամբ դարձել է Synopsys-ի հասարակ բաժնետոմսերի 2,6% բաժնետերը:
— Ի՞նչ պետք է արվի, որ այդ ԱԲ գործարաններն աշխատեն Հայաստանի համար։
— Մեր ընկերությունները պետք է խնդիրներ (tasks) ստեղծեն, քանի որ ի վերջո համակարգիչն առնում ես, եթե համակարգչի վրա խնդիրներ չունես աշխատեցնելու, այդ համակարգիչը պարապ է մնում: Խնդիրներ են պետք, հաշվարկներ են պետք: Համակարգիչ ունենալը . . . չիպ է, հաշվարկ պետք է անես համակարգչով: Ուրեմն, նախ և առաջ մեր ընկերությունները պետք է լինեն մեր հետազոտողները, հետազոտության համար հաշվարկներ պետք է անեն, պրոդուկտների համար հաշվարկներ պետք է անեն, համալսարանները, ակադեմիական համայնքը հետազոտություններ պետք է իրականացնեն, պետք է օգտագործեն: Թե չէ, եթե մենք չօգտագործենք, արտերկրի կամ ԱՄՆ-ի ընկերությունները կգան, այստեղ իրենց աշխատանքը կանեն:
— Ի՞նչ հիմնական մարտահրավերներ կան համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության մեջ։
Ուրեմն, կիսահաղորդչային տեխնոլոգիան Մուրի օրենքով (Moore’s Law) է առաջանում միշտ (չիպերի վրա տեղադրվող տրանզիստորների քանակը կրկնապատկվում է մոտավորապես յուրաքանչյուր երկու տարին մեկ): Մուրի օրենքի արդիականությունը պահպանում ենք այսօր, բայց ոչ մոնոլիտ չիպերով, դրանցով չենք կարող անել, պետք է մի քանի հատը իրար վրա դնենք, դասավորենք շերտերով (multi-die stacking): Շերտավոր չիպերով կարող ենք անել: Կարող ենք մեր աճը շարունակել առաջվա պես, եթե միայն չիպերը իրար վրա դնենք:
Բայց արդեն այսօր մենք կարողանում ենք մեկ չիպում 1 տրիլիոն տրանզիստոր ունենալ։ Եվ չափերով եթե նայեք, նանոմետրով չէ այլևս, անգստրեմով ենք չափում: Այսօրվա ամենանվազագույն տեխնոլոգիան 14 անգստրեմ է, որ Թայվանը կարող է անել: Ուրեմն 14 անգստրեմով կարող ենք մենք ունենալ 1 տրիլիոն տրանզիստոր մեկ չիպի մեջ:
— Չիպերի նախագծման մեջ կարևոր է դրանց հզորության, արտադրողականության և մակերեսի (PPA՝ Power, Performance, Area) հավասարակշռություն պահպանելը։ Այս առումով ո՞րն է ամենամեծ մարտահրավերը, որ պետք է հաղթահարվի։
Ամենը միասին են կարևոր: Բայց այսօր ամենակարևորը հզորությունն է և ջերմությունը, որոնք իրար հետ մեծ կապ ունեն: Ջերմությունը բարձրանալու դեպքում պետք է հզորությունը իջեցնենք, քանի որ փոքր մարտկոց ենք ուզում օգտագործել ուր որ լինի՝ ավտոմեքենայի մեջ, կամ ռոբոտի մեջ և այլուր: Ուրեմն հզորությունը և ջերմությունը ամենամեծ մարտահրավերն են:
Բայց, բարեբախտաբար, դրանց վերահսկման ձևերը կան այսօր: Պետք է ամենից առաջ կարողանանք նախասիմուլյացիա անել չիպերը արհեստական բանականությամբ նախքան դրանք թողարկելը, որպեսզի իմանաս, թե ինչպես պաշտպանել դրանք: Դրա համար պետք է թվային կրկնօրինակ (digital twin) անել, չիպերի digital twin-ը պետք է ունենաս նախքան դրանք արտադրելը: Դրա համար մենք Ansys-ի գործիքներն ենք օգտագործում: Ansys-ը սիմուլյացիայի ծրագրակազմի մասնագիտացված ընկերություն է, բավական մեծ: Synopsys-ը գնեց իրենց վերջերս՝ մեկ տարվա մեջ, և Ansys-ն ունի ջերմային, մեխանիկական, սթրես սիմուլյացիաներ։ Վերջինս անհրաժեշտ է հատկապես շարժվող սարքերի՝ ավտոմեքենայի, ռոբոտի վրա գտնվող կիսահաղորդիչների ստուգման համար, քանի որ շարժումը մեխանիկական սթրես է ստեղծում, և այն կարող է փչացնել որոշ տրանզիստորներ:
— Հայաստանի համար անձամբ Դուք էլ ի՞նչ կարող եք անել։
— Հայաստանում շատ բան ունեմ անելու, Հայաստանում նորարարություն զարգացնելու համար ահագին տեղ կա։ Բայց դա ավելի շատ Հայաստանի համար չպետք է արվի: Հայաստանը փոքր է ինքն իր համար նորարարություն զարգացնելու համար, ինչ որ անում ենք՝ գլոբալ պիտի լինի: Պետք է մտածել Հայաստանում ստեղծելու, բայց գլոբալ շուկա արտահանելու մասին: Եվ քանի որ մեր տեխնոլոգիայի մարտահրավերները դեռ շատ-շատ են։
Եվ քանի որ կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտի մարտահրավերները շատ-շատ են, մենք, օրինակ, այս «տրիլիոն տրանզիստորներին» հասնելու համար շատ անելիք ունենք թե՛ մեր ընկերություններում, թե՛ քույր ընկերություններում: Օրինակ, ջերմության մարտահրավերը մեկն է, հուսալիությունը ուրիշ մարտահրավեր է, չիպերի նաև BIST-ով (Built-In Self-Test՝ ներկառուցված ինքնաստուգում) ապահովվող առողջությունը ուրիշ մարտահրավեր է: (Երվանդ Զորյանը ժամանակակից BIST-ի արդյունաբերականացման ճարտարապետն է և գլխավոր ստանդարտացնողը – խմբ.): Սրանց ապահովումը անհրաժեշտ է, քանի որ առանց դրա չենք կարող տեղ հասնել:


