Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Խաչատրյանը

Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Խաչատրյանը, երկրորդը՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ասսան Նդիայեն։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Երևանում՝ Silicon Mountains 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովի և ցուցահանդեսի առաջին օրվա ավարտին։ Այն կրում է «Ներդրում՝ նորարարությունների մեջ» խորագիրը։
Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունը (ՏՀՏԳՄ)։ Silicon Mountains-ը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական հարթակն է, որը ՏՀՏԳՄ-ն կազմակերպում է 2019 թվականից։ Այս տարվա միջոցառումը 11-րդն է. այս ընթացքում հարթակում հանդես է եկել ավելի քան 100 խոսնակ, մասնակիցների թիվը գերազանցել է 10 հազ.-ը։
Երրորդ տեղը կիսել են Լիբանանի ներկայացուցիչ Նաթալի Ջուլջյանը, Հայաստանից Արթուր Սարիբեկյանը և Ռուսաստանից Անտոն Գլինինը։ Ինժեներական լավագույն լուծման համար պատերազմի հերոս Արման Ճաղարյանի անվան մրցանակը ստացել է Հայաստանի ներկայացուցիչ Հայկուշ Պետրոսյանը։ Այսպիսով, 6 մրցանակից 3-ը բաժին է հասել Հայաստանի ներկայացուցիչներին։
Մրցանակաբաշխության ժամանակ ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանն ընդգծել է. «Միկրոէլեկտրոնիկան տեխնոլոգիաների հիմքն է, իսկ տեխնոլոգիական զարգացման ապագան այն մասնագետներն են, որոնք երկու օր մրցում էին Երևանում։ Միկրոէլեկտրոնիկան ոլորտ չէ, այն մտածելակերպ է, հատուկ ինժեներական բնավորություն և աշխարհին նայելու հատուկ պրիզմա։ Ես ցանկանում եմ, որ մեր բոլոր մասնակիցները մի քանի տարի հետո լինեն այնպիսի մասնագետ, որոնց ամբողջ աշխարհը կճանաչի»։
Գագաթնաժողովի բացման խոսքում ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներդրումը բնորոշել է լայն իմաստով՝ ոչ միայն որպես կապիտալ, այլև որպես նոր լաբորատորիա, կրթական ծրագիր, փորձի փոխանցում, երիտասարդ թիմին տրված առաջին պատվեր կամ միջազգային գործընկերության համար բացված դուռ։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականից Silicon Mountains-ը ներկա է նաև մարզերում, և հայտնել, որ հաջորդ մարզային միջոցառումը կանցկացվի հյուսիսարևելյան Տավուշի մարզում։ «Վաղվա հաջողության մեջ բաժին ունենալու համար պետք է պատրաստ լինել այսօր կիսելու դրա ռիսկը»,- հավելել է Մուսայելյանը։
Գագաթնաժողովի հիմնական բանախոսը X-energy-ի, Intuitive Machines-ի, Axiom Space-ի և Quantum Space-ի գործադիր նախագահ և համահիմնադիր, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման 2026-ի դափնեկիր դոկտ. Քամ Ղաֆարյանն էր։ Նա ելույթ է ունեցել «Միասին կառուցելով տիեզերական ապագան. դառնանք «միջաստղային»» թեմայով։
Monty Mobile-ի գլխավոր գործադիր տնօրեն Հասան Մանսուրը, որը ղեկավարում է ավելի քան 200 երկրում և տարածաշրջանում գործող ընկերության միջազգային թիմերը, խոսել է «Հրաշալի նորարարություն. արդյո՞ք դա բավարար է» թեմայով։ Կիսահաղորդչային արդյունաբերության միջազգային ասոցիացիայի եվրոպական ստորաբաժանման (SEMI Europe) նախագահ Լայթ Ալթիմիմեն, որն ավելի քան 30 տարվա փորձ ունի ոլորտում, ներկայացրել է «Վերասահմանելով կիսահաղորդիչների ողջ արժեշղթան» թեման։ Nokia-ի Եվրոպայի ցանցային ենթակառուցվածքների տեխնիկական տնօրեն Ռիկարդո Պինտուն անդրադարձել է արհեստական բանականության դարաշրջանի ցանցային ենթակառուցվածքներին, իսկ STARMUS գիտության և երաժշտության փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը պատմել է, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում աստղաֆիզիկան։
Ավանդույթի համաձայն՝ գագաթնաժողովի ընթացքում մարվել է Silicon Mountains 2026-ին նվիրված հատուկ փոստային բացիկ։ Այն տպագրվել է 500 օրինակով՝ 150×110 մմ չափսով, դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է։ Բացիկը կարելի է Հայաստանի ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստի» ցանկացած բաժանմունքից ուղարկել ցանկացած երկիր։ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ Silicon Mountains-ը վերջին տարիներին դարձել է Հայաստանի տեխնոլոգիական կարևորագույն հարթակը։
Նոյեմբերի 4-ին՝ միջոցառման երկրորդ օրը, անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը՝ հայաստանյան և արտասահմանյան խոսնակների մասնակցությամբ։ Ծրագրում են նաև Women Leaders Club-ի «Leadership Without Borders» քննարկումը և «After AI. What Are Investors Actually Paying For?» քննարկումը՝ այն մասին, թե ինչի համար են ներդրողներն իրականում վճարում արհեստական բանականության դարաշրջանում։


