Macro

Հայաստանի ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 7%

Հայաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) քաղաքականության տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով բարձրացրել է՝ 6,75%-ից հասցնելով 7%-ի։

Որոշումը ԿԲ խորհուրդը կայացրել է նոյեմբերի 3-ի նիստում։ ԿԲ-ի տվյալներով՝ 2026-ի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է մնալ 3% թիրախից բարձր․ սեպտեմբերին այն կազմել է 4,3%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4,7%։

Արտաքին ռիսկերի շարքում ԿԲ-ն առանձնացրել է Մերձավոր Արևելքում լարվածության պայմաններում էներգակիրների բարձր գները, համաշխարհային պարենամթերքի գների աճի արագացումը և առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների հետագա բարձրացման ռիսկը։ ԱՄՆ-ում արհեստական բանականության ոլորտում ներդրումների աճը և հարկաբյուջետային կայունության շուրջ մտահոգությունները կարող են բարձրացնել երկարաժամկետ չեզոք տոկոսադրույքները, ինչն ազդում է զարգացող երկրներում տոկոսադրույքների և կապիտալի հոսքերի վրա։

Հայաստանում երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն դանդաղել է, սակայն շինարարության և ծառայությունների ճյուղերի աճը, վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի բարձր ցուցանիշները վկայում են ավելցուկային պահանջարկի մասին։ ԿԲ-ի գնահատմամբ՝ դեպի Հայաստան այցելությունների և դրանց տևողության աճը ռիսկեր է ստեղծում համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման ուղղությամբ։

Խորհուրդը քննարկել է երկու տիպի սցենարներ։ Ա տիպի սցենարները՝ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների աճ, ներքին ավելի բարձր պահանջարկ և գնաճային ճնշումների ավելացում, պահանջում են շուկայական սպասումներից ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Բ տիպի սցենարները՝ համաշխարհային աճի դանդաղում, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների շուրջ անորոշության պայմաններում վստահության թուլացում և երկրի ռիսկի հավելավճարի նվազում, ենթադրում են ավելի ցածր ուղի։ Ֆինանսական շուկայի մասնակիցներն ակնկալում էին տոկոսադրույքի բարձրացում մինչև 7%, այնուհետև կարճաժամկետ հորիզոնի վերջում՝ նվազեցում դեպի 6,75%։

Խորհուրդը կարևորել է Ա տիպի սցենարներից բխող ազդեցությունների կառավարումը։ Ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ «Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը եղել է շարունակել այն բարձրացման քաղաքականությունը, որը մենք որդեգրել էինք … նախորդ հանդիպման ընթացքում, որպեսզի համոզված լինենք, որ մեր գործողություններով մենք անպայմանորեն գնաճը բերելու ենք 3 տոկոս թիրախին»։

Գալստյանի խոսքով՝ խորհրդի որոշ անդամներ, հակակշռելով Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից բխող ռիսկերն Ա տիպի ռիսկերին, կողմ են եղել տոկոսադրույքը թողնել անփոփոխ։ «Խորհրդի գործընկերների մեծամասնության կարծիքով՝ թե՛ … չեզոք տոկոսադրույքի բարձր լինելը, թե՛ մյուս գործոնները ներքին և արտաքին պահանջարկի տեսքով, եղել են ավելի դոմինանտ, որի արդյունքում որոշումը ի վերջո հանգել է 0,25 տոկոս բարձրացմանը»,- ընդգծել է նա։

Լրագրողի հարցին, թե արդյոք գազի գնի հնարավոր թանկացումը կարող է պահանջել դրամավարկային քաղաքականության լրացուցիչ խստացում, Գալստյանը պատասխանել է, որ ԿԲ-ն գազի գնի սցենար չունի, քանի որ դրա պարամետրերի մասին տեղեկատվություն չկա, սակայն կատարել է զգայունության վերլուծություն։ Դրա համաձայն՝ գազի գնի 10% թանկացումը՝ հաշվի առնելով նաև ավտոգազալցակայանները և էլեկտրաէներգիայում գազի բաղադրիչը, գնաճը կբարձրացնի 0,6 կետով, ևս 0,1–0,2 կետ կարող է ավելացնել գազ օգտագործող ճյուղերի արտադրանքի թանկացումը։ «…եթե գազի գները թանկանան 10 տոկոսով, մոտավորապես մեր գնաճը կլինի 0,8 տոկոսով ավելի բարձր»,- պարզաբանել է Գալստյանը՝ հավելելով, որ առայժմ հայտնի չէ, թե ավելի մեծ թանկացման դեպքում ազդեցությունը գծային կլինի, թե ոչ։

Վարկերի տոկոսադրույքների վրա որոշման ազդեցությունը, ըստ Գալստյանի, դժվար է կանխատեսել։ Փողի թանկացումը կարող է բարձրացնել փոխառու միջոցների գինը, սակայն գերիրացվելի բանկային համակարգում մրցակցությունը կարող է զսպել վարկերի թանկացումը։

ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակն ապահովելու համար։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}