«Հայկական գինու շաբաթ» նախաձեռնությունը հայերին կոչ է անում 2 շիշ գինի գնել և մեկը նվիրել ոչ հայի

«Հայկական գինու շաբաթ» նախաձեռնությունը նոյեմբերի 8–14-ին աշխարհի բոլոր հայերին կոչ է անում գնել առնվազն երկու շիշ հայկական գինի, մեկը նվիրել ոչ հայի և մարտահրավեր նետել ևս երեք հայի։
Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսում հայտնեց նախաձեռնության հեղինակ Վահե Բալուլյանը։ Ասուլիսին մասնակցեց նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Հայկական գինու շաբաթն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, իսկ այս տարվանից նոյեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է նաև Արենի խաղողի միջազգային օրը։ Մարտահրավերը կոչվում է Uncork Armenia («Խցանահանիր Հայաստանը»), մասնակիցներն այն տարածում են սոցիալական ցանցերում։ Բալուլյանն ընդգծեց, որ նախաձեռնությունը կազմակերպչական կոմիտե չունի. «Ոչ մեկից գումար չի հավաքվում, ղեկավարող կազմ չկա, կա ընդամենը նախաձեռնություն»։
Նախաձեռնությանը միացել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Ամերիկայի հայկական համագումարը, իսկ armenianwineweek.com կայքում նշված են առցանց վաճառողները, խանութները, ռեստորանները և ներմուծողները։ «…ընդամենը խոսքը առնվազն 25 դոլարից 30 դոլար ծախսելու մասին է, որի կեսը մնում է քո տանը, այն մյուս կեսը նվիրում ես ընկերոջդ»,- նշեց Բալուլյանը։
Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ յուրաքանչյուր վաճառված շիշ օգնում է սահմանամերձ գյուղերում խաղող աճեցնող ընտանիքներին մնալ իրենց գյուղերում։ «Եթե մենք գինի չենք առնում, նշանակում է՝ խաղող չի վաճառվում, նշանակում է՝ այդ գյուղացին այնտեղ անելիք չունի ու ինքը ստիպված կամ վաճառում է, կամ լքում է այդ գյուղը»,- հավելեց նա։
Պատասխանելով BusinessDaily-ի հարցին՝ Մուրադյանը հայտնեց, որ Հայաստանում գինու սպառումը մեկ շնչի հաշվով 2016-ի մոտ 1 լիտրից հասել է շուրջ 5 լիտրի։ Նրա խոսքով՝ աճին նպաստել են զբոսաշրջիկները, և տեղացիներն էլ ավելի հաճախ են նախընտրում գինին։ «Հիմա երևի բոլորս էլ կնկատենք, որ առաջ եթե սեղաններին դրված էր օղի, կոնյակ՝ տարբեր տեսակի բարձր ալկոհոլային խմիչքներ, այսօր ավելի շատ առաջնահերթությունը տալիս են գինուն»,- պարզաբանեց Մուրադյանը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, օղու սպառումը շատ չի նվազել, և հիմնականում սպառվում է ներմուծված օղի։
Մուրադյանի խոսքով՝ աշխարհում գինու սպառումը նվազում է հիմնականում էժան սեգմենտում, մինչդեռ միջին և պրեմիում դասի գինիների սպառումը կայուն է մնացել և անգամ աճել է։ Հայաստանը շեշտը դնում է հենց պրեմիում գինիների վրա. «…մենք չենք կարող մրցել այն երկրների հետ, ովքեր որ այսօր մեծ ծավալի գինիներ են մատակարարում ամբողջ աշխարհին»,- ընդգծեց նա՝ նկատի ունենալով 1 դոլարից էժան վաճառվող լցնովի (bulk wine) գինիները։
Որակյալ գինու հիմքը խաղողն է, և այստեղ, ըստ հիմնադրամի ղեկավարի, լուրջ խնդիրներ կան։ Հայաստանում չկան սորտերի ներուժն ուսումնասիրող գիտական կենտրոններ, մաքրասորտ այգիները քիչ են, ուստի գինեգործական ընկերությունները հիմնում են սեփական այգիներ և աշխատում գենետիկների հետ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար–օգոստոսին Հայաստանում արտադրվել է 4 մլն 894,3 հազ. լիտր խաղողի գինի՝ 23,4%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Աճը հաջորդել է երկու տարվա անկմանը. 2023-ի 14 մլն 124,7 հազ. լիտրից արտադրությունը 2024-ին նվազել է 29%-ով, 2025-ին՝ ևս 23,3%-ով՝ մինչև 7 մլն 692,7 հազ. լիտր։ 2026-ի հունվար–օգոստոսին օղու, լիկյորի և այլ սպիրտային խմիչքների արտադրությունը կրճատվել է 25,1%-ով։
Մուրադյանը կոչ արեց միանալ արշավին. «Թվում է, թե շատ պարզ բան է, բայց իսկապես ազդեցությունը կարող է լինել շատ մեծ»։



