Tech & IT

Binance-ն ուսումնասիրում է հայկական շուկան, բայց դեռ չի խոստանում ներկայության կոնկրետ ձևաչափեր

Կրիպտոարժույթային Binance բորսան ուսումնասիրում է հայկական շուկան, սակայն դեռ չի խոստանում երկրում ներկայության կոնկրետ ձևաչափեր։ Այս մասին ընկերության տարածած հարցազրույցում ասել է Binance-ի Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը։

Խոմյակովի խոսքով՝ Հայաստանը հետաքրքիր է երկու գործոնի համադրությամբ. այստեղ կա ուժեղ տեխնոլոգիական միջավայր, և միաժամանակ աճում է մարդկանց հետաքրքրությունը նոր ֆինանսական գործիքների նկատմամբ։ Երկիրը կրիպտոարժույթների և բլոկչեյնի տարածաշրջանային կենտրոն դառնալու ներուժ ունի, սակայն դրա համար անհրաժեշտ են հստակ կանոններ, ենթակառուցվածքներ, մասնագետներ և իրական պրոդուկտներ ու պահանջարկ՝ մարդկանց և բիզնեսի կողմից։ «Այսօր ես կխոսեի հենց զգալի ներուժի մասին, որը դեռ պետք է իրացնել»,- ասել է նա։

Ինչ է անում Binance-ը Հայաստանում

Ընկերությունը շուկան չի զարգացնում պարզապես ներկայություն ունենալու համար. նախ ուսումնասիրում է օգտատերերի կարիքները, տեղական ֆինանսական համակարգը և կարգավորող միջավայրը, ապա որոշում հաջորդ քայլերը։ «Մենք ուշադիր հետևում ենք շուկային, սակայն այսօր չէինք ցանկանա խոստանալ ներկայության կոնկրետ ձևաչափեր, որոնք դեռ գոյություն չունեն»,- ասել է Խոմյակովը։

Binance-ը Հայաստանի պետական մարմինների հետ համագործակցում է սահմանված ընթացակարգերի շրջանակում։ «Մենք չենք սահմանում կանոնները, բայց կարող ենք կիսվել մեր փորձով»,- նշել է Խոմյակովը՝ խոսելով կարգավորող պահանջներին համապատասխանության (compliance), անվտանգության և ռիսկերի կառավարման մասին։ Նա կարևորում է համապարփակ կարգավորող շրջանակը, որը կներառի ոչ միայն սփոթ առևտուրը, այլև ֆյուչերսները, սթեյբլքոյնները և թոքենացված ակտիվները։

Ստարտափներ և մասնագետներ

Ընկերությունը հետևում է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգին և բաց է ստարտափների հետ գործընկերության համար։ Որոշումը կախված է կոնկրետ պրոդուկտից, թիմից, պահանջներին համապատասխանությունից և նախագծի իրական արժեքից։ Խոմյակովի գնահատմամբ՝ Հայաստանն ունի տեխնոլոգիական հիմք բլոկչեյնի և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում կարողությունները զարգացնելու համար։

Ըստ նրա՝ ոլորտին անհրաժեշտ են ոչ միայն բլոկչեյն մշակողներ, այլև կիբեռանվտանգության, տվյալների, ֆինանսական տեխնոլոգիաների, compliance-ի, պրոդուկտների և թվային ֆինանսների մասնագետներ։

Ընկերության մասին

Binance-ն աշխատում է տարբեր կարգավորվող շուկաներում։ Խոմյակովի խոսքով՝ ընկերությունը compliance-ի ուղղությամբ հարյուրավոր միլիոն դոլարներ է ներդնում։ 2026-ի սկզբին համապատասխանության ապահովման ստորաբաժանումում աշխատում էր ավելի քան 600 աշխատակից, ևս 950-ից ավելի մասնագետներ և պայմանագրային գործընկերներ այդ գործառույթներն իրականացնում էին տեխնոլոգիաների, պրոդուկտների և հաճախորդների սպասարկման ոլորտներում։ Ընդհանուր առմամբ դա ավելի քան 1 500 մարդ է՝ Binance-ի համաշխարհային թիմի մոտ մեկ քառորդը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}