ԿԲ-ն առաջարկում է վճարային ծառայությունների նոր օրենք. բաց բանկինգ՝ 2027-ի հուլիսից

ՀՀ կենտրոնական բանկը մշակել է «Վճարային ծառայությունների մասին» նոր օրենքի նախագիծ, որը կփոխարինի 2004-ից գործող «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքին։ e-draft.am-ում հրապարակված նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2027-ի հուլիսի 1-ից, իսկ հանրային քննարկումը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։
Նախագիծը ներդնում է բաց բանկինգ, վճարային կազմակերպություններին թույլ է տալիս բացել վճարային հաշիվներ և մանրամասն սահմանում է հաճախորդների իրավունքները։ Փաթեթով ուժը կորցրած է ճանաչվում նաև «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» 1996-ի օրենքը, իսկ Հարկային, Քրեական և այլ օրենսգրքերում ու օրենքներում «վճարահաշվարկային» բառը փոխարինվում է «վճարային» բառով։
Հիմնավորման համաձայն՝ նոր օրենքի մշակումը Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրով (MEFP) սահմանված կառուցվածքային հենանիշ է։ Մի շարք դրույթներ մշակվել են Եվրամիության վճարային ծառայությունների մասին դիրեկտիվի (PSD2) հիման վրա։
Բաց բանկինգ
Նախագիծը վճարային ծառայությունների ցանկում ավելացնում է վճարումների նախաձեռնման և հաշվի մասին տեղեկատվության տրամադրման ծառայությունները։ Հաճախորդի համաձայնությամբ այդ ծառայությունները մատուցողները կստանան հասանելիություն նրա հաշվին։ Հաշիվը սպասարկող բանկը կամ վճարային կազմակերպությունը նրանց միջոցով ստացված հանձնարարականները պետք է կատարի նույն ժամկետներում և նույն միջնորդավճարներով, ինչ հաճախորդի անմիջական հանձնարարականները։ Հասանելիության դիմաց կարող է գանձվել հիմնավորված վճար, իսկ ծրագրային միջերեսների միասնական ստանդարտները կսահմանի ԿԲ խորհուրդը։ Հիմնավորման համաձայն՝ նման ծառայություններն այսօր Հայաստանում լայն տարածում չունեն։
Վճարային կազմակերպություններ
Վճարային կազմակերպությունները կկարողանան մատուցել օրենքով սահմանված բոլոր վճարային ծառայությունները, այդ թվում՝ բացել և վարել վճարային հաշիվներ, եթե բավարարեն տվյալ ծառայության համար սահմանված կապիտալի և այլ պահանջները։ Հիմնավորման համաձայն՝ այսօր նրանք հաճախորդներին սպասարկում են հիմնականում բանկերում բացված հաշիվների միջոցով։
Գործող օրենքով բոլոր վճարային կազմակերպությունների համար ընդհանուր կապիտալի պահանջը նույնն է՝ 100 մլն դրամ (մոտ 276 հազար ԱՄՆ դոլար)։ Նախագծով կապիտալի նվազագույն չափը օրենքում չի ամրագրվում, այն կսահմանի ԿԲ խորհուրդը՝ ըստ ծառայության տեսակի։
Վճարային կազմակերպությունները կգրանցվեն ԿԲ-ում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի փոխարեն։ Կանոնադրական կապիտալում 10% և ավելի մասնակցություն ձեռք բերելու, ինչպես նաև 20% և 50% շեմերը գերազանցելու համար կպահանջվի ԿԲ խորհրդի նախնական համաձայնությունը, որի մասին որոշումը կկայացվի 30 աշխատանքային օրում։ Գործող լիցենզիա ունեցող կազմակերպությունները պետք է վերալիցենզավորվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում լիցենզիան կհամարվի ուժը կորցրած։
Վճարային համակարգեր
Հայաստանյան վճարային համակարգի օպերատոր կկարողանան լինել նաև այն կազմակերպությունները, որոնք վճարային ծառայություններ չեն մատուցում։ Օպերատորները պետք է բոլոր վճարային ծառայություններ մատուցողների համար սահմանեն ոչ խտրական և թափանցիկ մասնակցության կանոններ։ Հանվում է արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցությունը միայն հայաստանյան վճարային համակարգի միջոցով իրականացնելու պահանջը։
Հաճախորդների իրավունքները
Հաճախորդի կողմից չվավերացված գործառնության գումարը վճարային ծառայություն մատուցողը պետք է վերադարձնի ոչ ուշ, քան ծանուցում ստանալուն հաջորդող գործառնական օրվա ավարտը։ Եթե կա հիմնավոր կասկած, որ հափշտակությունը կատարել է ինքը՝ վճարողը, ժամկետը 10 աշխատանքային օր է։ Հաճախորդը կարող է ծանուցել չվավերացված կամ սխալ գործառնության մասին միջոցների դուրսգրումից հետո 13 ամսվա ընթացքում։ Ապացուցման պարտականությունը դրվում է վճարային ծառայություն մատուցողի վրա, իսկ եթե նա չի պահանջել ինքնության հավաստում (օրինակ՝ երկգործոն նույնականացում), վճարողը վնասի համար պատասխանատու չէ։
Փոխանցումից առաջ բանկը կամ վճարային կազմակերպությունը հաճախորդի պահանջով պետք է անվճար ստուգի շահառուի անվան և հաշվեհամարի համապատասխանությունը։ Դրա համար կօգտագործվեն ԿԲ-ի բանկային և վճարային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալները։ Շահառուի նախաձեռնած գործառնությունների, օրինակ՝ ուղղակի դեբետագրման դեպքում, վճարողը գումարի փոխհատուցում կարող է պահանջել 2 ամսվա ընթացքում։
Եթե դատարանը, արբիտրաժը կամ Ֆինանսական համակարգի հաշտարարը հաստատի, որ վճարային կազմակերպությունը խախտել է գործարար վարվելակերպի կանոնները, կազմակերպությունը ֆիզիկական անձ հաճախորդին պետք է վճարի 300 000 դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչ այդ արդեն վերացրել է խախտումը և փոխհատուցել վնասը։ Վճարային ծառայությունների վերաբերյալ հաճախորդի տվյալները հավասարեցվում են բանկային գաղտնիքին։
Պետական տուրք
Փոխվում են նաև «Պետական տուրքի մասին» օրենքի ձևակերպումները։ Բազային տուրքի 1000-ապատիկի (1 մլն դրամ) չափով տարեկան տուրքը, որն այժմ գանձվում է դրամական փոխանցումների իրականացման համար, կգանձվի վճարային կազմակերպության գործունեության համար։ Նույն չափի տուրքը, որն այժմ վճարվում է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի համար, կգանձվի հայաստանյան վճարային համակարգի օպերատորի գործունեության համար։ Վճարային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի համար տարեկան տուրքը բազային տուրքի 50-ապատիկն է (50 000 դրամ)։ Տուրքի չափը նույնն է, սակայն այն կվճարի յուրաքանչյուր վճարային կազմակերպություն՝ անկախ մատուցվող ծառայության տեսակից, այդ թվում՝ բաց բանկինգի ծառայություններ մատուցողները։
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի առաջացնի։



