Regulation

Հայաստանի բուհերը 2030–2031 ուստարվանից ընդունելության կանոնները կսահմանեն ինքնուրույն

Հայաստանի բուհերը 2030–2031 ուսումնական տարվանից ինքնուրույն կանցկացնեն ընդունելությունը և կսահմանեն մրցույթի չափանիշները, իսկ ՀՀ քաղաքացիների համար պարտադիր կմնա «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք վկայագիրը։

Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ բարձրագույն կրթության կազմակերպման նոր կարգը կփոխարինի 2012-ից գործող երկու որոշման, որոնք ուժը կկորցնեն 2030-ի հունվարի 10-ից։ Դրանք կարգավորում են բուհերի ընդունելությունն ու ուսանողների ակադեմիական շարժունությունը։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, առաջարկներն ընդունվում են մինչև նոյեմբերի 12-ը։

Ներկայումս ընդունելությունը կազմակերպում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ պետության ստեղծած մասնագիտացված կառույցը։ Մրցույթն անցկացվում է միասնական և ներբուհական քննությունների արդյունքներով, դիմորդները հայտագրվում են dimord.am կայքում։

Մեկ դիմում և մի քանի նախապատվություն

Ընդունելությունը կանցնի կենտրոնացված թվային հարթակով՝ «մեկ դիմում, բազմակի նախապատվություններ» սկզբունքով։ Դիմորդը կարող է դիմել մեկ կամ մի քանի բուհի մի քանի կրթական ծրագրի և ընդունվելու դեպքում միաժամանակ սովորել երկու մասնագիտությամբ, որոնցից միայն մեկը՝ լրիվ բեռնվածությամբ։ Հարթակում հասանելի կլինեն ծրագրի լիցենզավորման ու հավատարմագրման կարգավիճակը, տեղերի թիվը, ուսման վարձը, մրցութային պահանջներն ու ժամկետները։ Մինչև հայտագրման ավարտը դիմորդը կարող է փոխել նախապատվությունների հերթականությունը, որը բուհերի համար գաղտնի կմնա մինչև տեղաբաշխման ավարտը։

Ընդունելության տարեկան ժամանակացույցը լիազոր պետական մարմինը կհրապարակի հայտագրման մեկնարկից առնվազն ինը ամիս առաջ։

Արտաքին գնահատում տարին առնվազն երկու անգամ

Հայոց լեզվի և մաթեմատիկայի արտաքին գնահատումը կանցկացվի տարին առնվազն երկու անգամ, քննությունները կարելի կլինի վերահանձնել արդյունքը բարելավելու համար։ Վկայագիրը վավեր կլինի ստացման տարում և հաջորդ երկու ընդունելության տարիներին, իսկ մի քանի արդյունքի դեպքում ինքնաշխատ կհաշվառվի ամենաբարձրը։ Առաջադրանքները կստուգեն գործառական լեզվական գրագիտությունը, քանակական և տրամաբանական մտածողությունը, տվյալներ մեկնաբանելու և խնդիրներ լուծելու կարողությունները։

Նախնական արդյունքը կհրապարակվի քննությունից հետո 30 օրվա ընթացքում։ Բողոքը կարելի է ներկայացնել 3 աշխատանքային օրում, այն կքննարկվի 5 աշխատանքային օրում։ Բաց պատասխանները կգնահատեն առնվազն երկու անկախ գնահատող։ Բուհը չի կարող պարտադրել վավեր արդյունքով քննության վերահանձնում կամ նույն բովանդակությամբ ներբուհական քննությամբ կրկնել արտաքին գնահատումը։

Ինչ կարող են պահանջել բուհերը

Բուհերն ընդունելության կարգը, ներառյալ պահանջներն ու գնահատման մեթոդաբանությունը, ըստ կրթական ծրագրերի կհրապարակեն համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան երեք տարի առաջ։ Այսինքն՝ 2030–2031 ուստարվա կանոնները պետք է հայտնի դառնան ոչ ուշ, քան 2027-ին։ Ներբուհական գնահատումը կարող է ներառել մասնագիտական քննություն, ստեղծագործական կամ կատարողական առաջադրանք, պորտֆոլիո, կառուցվածքային հարցազրույց, մոտիվացիոն նամակ, կամավորական գործունեության գնահատում, իրավիճակային թեստ, ընդունելությունից առաջ անցկացվող ուսումնական մոդուլ կամ դրանց համակցություն։ Ներբուհական քննությունները չեն կարող դուրս գալ հանրակրթության պետական չափորոշիչների շրջանակից։

Մրցույթի ընթացքում գնահատման բաղադրիչները, դրանց կշիռներն ու միավորի հաշվարկման բանաձևը փոխել չի թույլատրվի։ Նվազագույն պահանջները բավարարած, բայց տեղ չզբաղեցրած դիմորդները կներառվեն սպասման ցուցակում։ Օրենքով նախատեսված դիմորդների առանձին խմբերի համար բուհը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ՝ լիցենզային տեղերի մինչև 5%-ի չափով։

Հայոց լեզվի և մաթեմատիկայի վկայագիրը պարտադիր է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնք սովորել են Հայաստանի հանրակրթական ծրագրերով։ Օտար լեզվով ծրագրերի դիմորդները կներկայացնեն լեզվի իմացության միջազգային ճանաչված վկայական։

Կրեդիտներ, դիպլոմներ և օտարերկրյա ուսանողներ

Մեկ կրեդիտը կհամապատասխանի ուսանողի 25–30 ժամ աշխատանքին։ Բակալավրի ծրագրերի ծավալը կլինի 180–240 կրեդիտ, մագիստրոսինը՝ 60–120, ինտեգրված ծրագրերինը՝ առնվազն 300 կրեդիտ, իսկ լրիվ բեռնվածությամբ ուսանողը տարեկան կհավաքի 60 կրեդիտ։ Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, փորձնակությունն ու պրակտիկան միասին կարող են կազմել մինչև 30 կրեդիտ, ակադեմիական արձակուրդը՝ մինչև մեկ տարի։

Դիպլոմն ու հավելվածը կտրվեն անվճար՝ առնվազն հայերենով և անգլերենով, իսկ թվային պատճենները հասանելի կլինեն որակավորումների պետական գրանցամատյանում։ Հավելվածը կկազմվի համաեվրոպական ձևաչափով, որը մշակել են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպայի խորհուրդը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Օտարերկրյա ուսանողների համար կանցկացվի հայոց լեզվի և պատմության ներածական դասընթաց, իսկ օտարերկրյա որակավորումը կճանաչվի մինչև ընդունելությունը։

Ուսման ուղղորդիչ տևողությունը գերազանցելը չի կարող հեռացման հիմք լինել, իսկ ակադեմիական կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում ուսանողին հեռացնել չի կարելի։ Ուսումնառությունն ընդհատած անձը կկարողանա վերականգնվել՝ անկախ ընդհատման պատճառից և ժամկետից։

Բարեփոխման նպատակները

Հիմնավորման համաձայն՝ նոր կարգը ոլորտում ընթացող համակարգային բարեփոխումների մաս է։ Մինչև 2030-ը պետությունը նպատակ ունի միջազգային դասակարգումների առաջին 500-յակում ունենալ առնվազն 4 հայկական բուհ (անկախ հիմնադրից) և կրթական ծառայությունների որակի բարձրացման հաշվին առնվազն կրկնապատկել միջազգային ուսանողների թիվը։ Առաջնահերթություններից է նաև պետական բուհերի խոշորացումը։

Նախագծի ընդունումը պետական և տեղական բյուջեներում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի ենթադրում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}