«ԹԻՄ Հոլդինգի» դոլարային պարտատոմսերը ցուցակվում են AMX-ում

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 6-ից կշրջանառվեն «ԹԻՄ Հոլդինգի» դոլարային պարտատոմսերը։ Թողարկման ընդհանուր անվանական ծավալը 12,5 մլն ԱՄՆ դոլար է։
Համապատասխան որոշումը հոկտեմբերի 1-ին ընդունել է AMX-ի գլխավոր տնօրենը։ Անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ցուցակման և բորսայում շրջանառության առաջին օրը հոկտեմբերի 6-ն է։ Պարտատոմսերով թույլատրվում են նաև հասցեական առևտուրը և ռեպո գործարքները։
Ընկերությունը տեղաբաշխել է 125 000 պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Շրջանառության ժամկետը 48 ամիս է, մարումը՝ 2030-ի մայիսի 20-ին։ Արժեկտրոնային եկամտաբերությունը 8,65% է, արժեկտրոնները վճարվում են կիսամյակային՝ ընդհանուր 8 անգամ։ Տեղաբաշխումն անցկացվել է մայիսի 20-ից սեպտեմբերի 24-ը։
| «ԹԻՄ Հոլդինգ» | |
|---|---|
| Բորսային կոդ | TMHDB4 |
| ISIN | AMTMHDB24ER4 |
| Ծավալ | 12,5 մլն ԱՄՆ դոլար |
| Անվանական արժեք | 100 ԱՄՆ դոլար |
| Արժեկտրոն | 8,65% |
| Մարում | 2030-ի մայիսի 20 |
| Արժեկտրոնի վճարում | կիսամյակային, 8 անգամ |
| Օրերի հաշվարկ | փաստացի/փաստացի |
AMX-ում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 1,06 տրլն դրամ (մոտ 2,92 մլրդ ԱՄՆ դոլար), շուկայի կապիտալիզացիան՝ 351,9 մլրդ դրամ։ Ցուցակված և առևտրին թույլատրված է 64 թողարկողի 276 արժեթուղթ։



