Regulation

ՊԵԿ-ն ամփոփել է ոլորտի բարեփոխման 1-ին կիսամյակի արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի առանցքային առաջնահերթություններից են հարկային ոլորտի շարունակական բարելավումն ու կատարելագործումը՝ ՊԵԿ տեսլականին և առաքելությանը համահունչ։

Հարկային ոլորտի բարեփոխումներն ու նախաձեռնությունները միտված են հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների համար առավել պարզ, կանխատեսելի և բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ժամանակակից համակարգերի և թվայնացված գործիքների ներդրմանը, ինչպես նաև հարկային կարգապահության բարձրացմանը։ Բարեփոխումների արդյունքում ձևավորվում է արդիական, արդյունավետ և թափանցիկ հարկային համակարգ, որը նպաստում է հարկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը և խթանում տնտեսական գործունեության զարգացումը՝ ապահովելով պետություն-հարկ վճարող կառուցողական երկխոսությունն ու գործընկերային համագործակցությունը։

Ինչն է բարելավվել հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության աշխատանքներում

Հարկ վճարողների հետ փոխգործակցությունը՝ արդյունավետ հարկային վարչարարության առանցքային բաղադրիչ

2026-ի առաջին կիսամյակում կատարված վերլուծություններով, կամերալ ուսումնասիրություններով բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54,1 մլրդ դրամ (մոտ 144,5 մլն ԱՄՆ դոլար) հարկային պարտավորություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,7%-ով։ Վերլուծության և մոնիտորինգի արդյունքում հարկ վճարողներին ուղարկվել է 38 012 ծանուցում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 69,9%-ով։

Ցուցանիշի աճը պայմանավորված է հարկ վճարողների հետ փոխգործակցությունը որպես արդյունավետ հարկային վարչարարության առանցքային բաղադրիչ դիտարկելու մոտեցմամբ։ Կամավոր հարկային կարգապահության խթանման նպատակով՝ ռիսկերի առկայության դեպքում, առաջնահերթությունը տրվում է հարկ վճարողների հետ համագործակցությանը՝ հնարավորության սահմաններում զերծ մնալով հսկողական միջոցառումների իրականացումից և հնարավորություն ընձեռելով հարկ վճարողներին ինքնուրույն վերանայել ու ճշգրտել իրենց հարկային պարտավորությունները։

Թվայնացվում են ռիսկերի գնահատման համակարգերը

Նորարար և տեխնոլոգիապես համարձակ հարկային մարմին ձևավորելու նպատակով՝ 2026-ի առաջին կիսամյակի ընթացքում նախաձեռնվել է ռիսկայնությունը որոշող մոդուլների թվայնացման լայնածավալ գործընթաց. արդյունքում թվայնացվել է շուրջ 30 վերլուծական գործիք։ Արհեստական բանականության հիմքով մոդուլների մշակման աշխատանքները շարունակվում են։ Միաժամանակ, AI-ի տարբեր գործիքներ են կիրառվում նաև տվյալների մշակման, համադրման, խմբավորման, ինչպես նաև ապրանքների նույնականացման աշխատանքներում, որոնք հնարավորություն են տալիս վերլուծական գործընթացները կազմակերպել առավել ճկուն և արագ։

Ինչ առաջընթաց է արձանագրվել հարկ վճարողների ընթացիկ հարկային հսկողության աշխատանքներում

Կազմակերպվում են առավել թիրախային և ռիսկերի վրա հիմնված ստուգումներ

Արդար և թափանցիկ հարկային միջավայրի ձևավորման, կամավոր հարկային կարգապահության խթանման, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության շարունակական բարձրացման նպատակով՝ հարկային հսկողության գործընթացներում կարևորվում է առավել թիրախային և ռիսկերի վրա հիմնված ստուգումների կազմակերպումը։ Այս համատեքստում՝ 2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 3120 ՀԴՄ ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 2269 խախտում՝ շուրջ 72,7% արդյունավետությամբ։ Իսկ 2025-ի նույն ժամանակահատվածում իրականացվել է ՀԴՄ կիրառության ճշտության 4344 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 2970 խախտում՝ ապահովելով շուրջ 68,4% արդյունավետություն։ Այսպիսով, 2026-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀԴՄ ստուգումների քանակը նվազել է 1222-ով կամ շուրջ 28%-ով, մինչդեռ ստուգումների արդյունավետությունն աճել է շուրջ 4,3 տոկոսային կետով։

Չգրանցված աշխատողների մասով 2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 515 ստուգում, արդյունքում արձանագրվել է 320 խախտում՝ շուրջ 62,1% արդյունավետությամբ, հայտնաբերված չգրանցված աշխատողների թիվը կազմել է 1024։ Իսկ 2025-ի նույն ժամանակահատվածում իրականացվել է 731 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 415 խախտում՝ շուրջ 56,8% արդյունավետությամբ, հայտնաբերված չգրանցված աշխատողների թիվը կազմել է 1265։ Այսպիսով, 2026-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ ստուգումների քանակը նվազել է շուրջ 30%-ով, մինչդեռ դրանց արդյունավետությունն աճել է շուրջ 5,4 տոկոսային կետով։

Ռիսկերի գնահատման և վերլուծական գործիքների կիրառմամբ՝ հարկային հսկողությունը կենտրոնանում է բարձր ռիսկայնություն ունեցող դեպքերի բացահայտման վրա, ինչն էլ հնարավորություն է տալիս նվազեցնել բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ անհարկի վարչարարությունը և խթանել կամավոր հարկային կարգապահությունը։

Կիրառվում է «Փափուկ վարչարարության» նոր գործիք

Հարկային հսկողության համակարգում ներդրվել է ավանդական գործիքներից տարբերվող՝ կանխարգելիչ և իրազեկման վրա հիմնված «փափուկ վարչարարության» նոր մոտեցում, որի նպատակն է՝ առանց հարկային հսկողության միջոցների առաջնահերթ կիրառման, հարկ վճարողների հետ անմիջական և համակարգված աշխատանքի, իրազեկման ու կանխարգելիչ ներգործության միջոցով, նպաստել հարկային կարգապահության բարձրացմանը, պարտավորությունների կամավոր կատարմանը և հարկ վճարողների վարքագծային փոփոխությանը։ Այն կիրառվել է Երևան քաղաքում ընտրված գործունեության առանձին ոլորտում, որի շրջանակում կատարվել են ծավալուն իրազեկման արշավներ։ Մասնավորապես, էլեկտրոնային եղանակով իրազեկվել է 2300 հարկ վճարող, իսկ 1646 հարկ վճարողի մոտ իրականացվել են անմիջական այցելություններ և տարվել իրազեկման ու բացատրական աշխատանքներ։ Արդյունքում արձանագրվել է հարկային կարգապահությունը բնութագրող ցուցանիշների դրական դինամիկա։

Գործարքների փաստաթղթավորման մակարդակի բարձրացում

Կամավոր հարկային կարգապահության խթանման և մարդակենտրոն վարչարարության սկզբունքների իրագործման կարևոր բաղադրիչներից է նաև գործարքների փաստաթղթավորման մակարդակի հետևողական բարձրացումը։ Այս մասին են վկայում թվային ցուցանիշները. 2026-ի առաջին կիսամյակում դուրս է գրվել 473,2 մլն հաշվարկային փաստաթուղթ՝ 8 մլրդ 259,1 մլն դրամ ընդհանուր գումարով։ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է շուրջ 21%-ով, իսկ դրանցով արտացոլված գումարը՝ շուրջ 19,2%-ով։ Իսկ 2025-ի առաջին կիսամյակում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի քանակը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 14,7%-ով, իսկ դրանցով արտացոլված գումարը՝ շուրջ 13,5%-ով։ Գործարքների փաստաթղթավորման աճի միտումը շարունակվում է՝ նպաստելով հարկման բազաների առավել ամբողջական արտացոլմանը, հարկային ռիսկերի արդյունավետ կառավարմանը և հավասար մրցակցային պայմանների ձևավորմանը։

Ինչ բարելավումներ են կատարվել համալիր հարկային ստուգումների աշխատանքներում

Թվայնացվում են համալիր հարկային ստուգումների գործընթացները և կատարելագործվում մոտեցումները

Համալիր հարկային ստուգումների նպատակը ոչ միայն հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն է, այլ՝ հարկ վճարողների շրջանում հարկային վարքագծի բարելավումը՝ ամրապնդելով օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների գիտակցված, կամավոր և պատշաճ կատարման մշակույթը։ Համալիր հարկային ստուգումների արդյունքում, օբյեկտիվ, թափանցիկ և արդյունավետ վարչարարության իրականացման նպատակով, շարունակաբար ընդլայնվում են գործընթացների թվայնացման և ավտոմատացման հնարավորությունները, կատարելագործվում կիրառվող գործիքներն ու մոտեցումները, ինչը նպաստում է ստուգումների առավել հետևողական և թիրախային իրականացմանը, մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանը և վերահսկողության գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

Համալիր հարկային ստուգումների քանակի նվազում և արդյունավետության բարձրացում

2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 33,9 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ 218 ստուգման 178 դեպքով՝ հարկ վճարողների 81,6 տոկոսը ներկայացրել են ճշտված հարկային հաշվարկներ և բյուջե են հաշվեգրվել 17,6 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։

2026-ի առաջին կիսամյակի արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը՝ 2025-ի համեմատ, նվազել է 89-ով կամ 29%-ով, իսկ ստուգման ակտերով առաջադրված գումարների մասով արձանագրվել է 165% աճ, գումարային 34% աճ է արձանագրվել նաև ճշտված հաշվարկների ներկայացման մասով։ Միաժամանակ, բարելավվել է համալիր հարկային ստուգումների արդյունավետությունը՝ դարձնելով դրանք առավել թիրախային։ Տնտեսվարողների ռիսկայնությունը որոշող չափանիշների հիմքով իրականացվել է 121 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 19,1 մլրդ դրամի իրավախախտում, որից 16,2 մլրդ դրամը ճշտված հաշվարկներով վերականգնվել է բյուջե։ Այսպիսով, 2026-ին ռիսկային չափանիշների հիմքով իրականացված ստուգումների արդյունավետությունը 2025-ի համեմատ ավելացել է շուրջ 45%-ով՝ վարչարարության 43,7% նվազման պայմաններում։

Ինչ բարեփոխումներ են իրականացվում հարկ վճարողների սպասարկման աշխատանքներում

Աջակցություն սկսնակ բիզնեսին

Նոր ձեռնարկատիրական գործունեություն սկսող հարկ վճարողների համար մշակվում են միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի հարկման համակարգերի վերաբերյալ քայլ առ քայլ ուղեցույցներ։

Նոր համակարգերի ներդրում և թվայնացման աշխատանքներ

Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման սրահներում իրականացվում են հերթագրման համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքներ։ Միաժամանակ, ընթանում են «Պետական տուրքի ինքնաշխատ համակարգի» և Chatbot համակարգի ներդրման աշխատանքներ։

Աճել է սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու դիմումների թիվը

ՀՎՍ վարչության աշխատակիցների կողմից ամբողջ հանրապետությունում իրականացվել է հայտարարագրման և ապահովագրավճարի վերաբերյալ 82 իրազեկում՝ շուրջ 3500 քաղաքացու մասնակցությամբ։ Արդյունքում քաղաքացիներն իրազեկվել են եկամուտների տարեկան հայտարարագրման առանձնահատկությունների և սոցիալական ծախսերի վերադարձի հնարավորությունների վերաբերյալ։ 2026-ի առաջին կիսամյակում սոցիալական ծախսերի վերադարձման նպատակով ներկայացված դիմումների թիվն աճել է շուրջ 3 անգամ՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ինչն է փոխվել հարկային վարչարարության կազմակերպման աշխատանքներում

Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի գործունեությունը թևակոխել է թափանցիկության նոր փուլ

Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի գործունեությունն առավել բաց և հրապարակային դարձնելու նպատակով՝ վերջին շրջանում իրականացվել են կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես, Հանձնաժողովի նիստերին կանոնավոր կերպով հրավիրվում են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի անդամները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով անմիջականորեն հետևել քննարկումների ընթացքին և ծանոթանալ ընդունվող որոշումներին։

Այս նախաձեռնությունն արդեն իսկ ակտիվ արձագանք է գտել գործարար և փորձագիտական շրջանակում։ Գրեթե բոլոր նիստերին մշտապես ներկա է գտնվում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, ինչը վկայում է հարկատուների շահերի պաշտպանության հարցում կազմակերպության հետևողական ու շարունակական ներգրավվածության մասին։ Միաժամանակ, առանձին նիստերի ընթացքում հետաքրքրություն և ակտիվ մասնակցություն են դրսևորել նաև այլ կառույցների ներկայացուցիչներ, որոնց լայն ներգրավվածությունը վկայում է, որ Հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն օրեցօր ավելի մեծ վստահություն և հետաքրքրություն է առաջացնում գործարար համայնքի ու մասնագիտական կազմակերպությունների շրջանում։

Այս և նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են հարկ վճարող-հարկային մարմին երկխոսության որակի բարձրացմանը, ինչպես նաև ամրապնդում են փոխադարձ վստահություն՝ ստեղծելով ավելի կանխատեսելի և հասկանալի բիզնես միջավայր։

Ինչ փոփոխություններ են եղել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության աշխատանքներում

Թվայնացում և աշխատակիցների կարողությունների զարգացում

Առաջնորդվելով տեխնոլոգիական նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ նախանշված ռիսկային ոլորտներում մշակվել, ներդրվել և շարունակաբար կատարելագործվել են ռիսկի պրոֆիլները, ավելացել են դրանց հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակն ու տեսակարար կշիռը։ Իրականացվել է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների թվայնացում, որի արդյունքում կուտակված տվյալները կիրառվել են նոր ռիսկերի բացահայտման և առավել թիրախային միջոցառումների իրականացման նպատակով։ Այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանում և արտերկրում կազմակերպվել են նորագույն տեխնոլոգիական ուղղություններով դասընթացներ՝ զարգացնելով աշխատակիցների մասնագիտական կարողությունները։

Իրացվել են հարկ վճարողի լսված լինելու և հարկային պարտավորություններն ինքնակամ հայտարարագրելու իրավունքները

Վերահսկողությունն առավել ռիսկահեն և թիրախային դարձնելուն զուգահեռ՝ ամրապնդվել է նաև հարկ վճարողի նկատմամբ մարդակենտրոն գործելակերպը։ Ներդրված նոր մեխանիզմների շնորհիվ հարկ վճարողներին իրական հնարավորություն է ընձեռնվել թեմատիկ ուսումնասիրության շրջանակում լիարժեք իրացնելու իրենց լսված լինելու, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու և հարկային պարտավորություններն ինքնակամ հայտարարագրելու իրավունքները։ Այս մոտեցման գործնական արդյունքով 2026-ի առաջին կիսամյակում կրճատվել է Քննչական մարմիններ ուղարկվող՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումների թիվը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}