ՀՀ ԿԲ. 2027-ի բյուջեն չափավոր կզսպի պահանջարկը

ՀՀ կենտրոնական բանկը գնահատում է, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված հարկաբյուջետային քաղաքականությունը կրում է չափավոր զսպող և հակացիկլային բնույթ և համահունչ է միջնաժամկետ հարկաբյուջետային կոնսոլիդացիային։ Բյուջեի նախագծի վերաբերյալ եզրակացությունը ԿԲ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 1-ին։
Ըստ եզրակացության՝ 2027 թվականին բյուջեի պակասուրդը ծրագրված է ՀՆԱ-ի 3,4%-ի չափով, ինչը 2026-ի սպասվող ցուցանիշից 0,6 տոկոսային կետով ցածր է։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կաճի մինչև 25,4%, ընթացիկ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի մինչև 24,3%, իսկ կապիտալ ծախսերինը կաճի մինչև 5,6%։ Կառավարությունը 2027-ին ակնկալում է 5,8% տնտեսական աճ և գնահատում է, որ տնտեսության պոտենցիալ աճն արագացել է մինչև 5,0–5,5%։
Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2027-ին կաճի շուրջ 0,7 տոկոսային կետով՝ մինչև 47,2%, և կմնա 50% շեմից ցածր։ 2026-ին այն սպասվում է նվազի 47,2%-ից մինչև 46,5%։
ԿԲ-ն նշում է, որ ռիսկերի դեպքում բյուջեով նախատեսված է ՀՆԱ-ի 0,3–0,6%-ի չափով պահուստային ֆոնդ և գանձապետական կայունացման հաշվին ՀՆԱ-ի 1%-ի չափով իրացվելիության բարձիկ։ Բանկը կարևոր է համարում պահուստային ֆոնդերի օգտագործման հստակ սահմանափակումները, որպեսզի դրանք ուղղվեն միայն մակրոտնտեսական և այլ էական հարկաբյուջետային ռիսկերից բխող լրացուցիչ ֆինանսավորման պահանջների բավարարմանը։
2026 թվականին բյուջեի պակասուրդը, ԿԲ-ի գնահատմամբ, կկազմի ՀՆԱ-ի շուրջ 4%-ը՝ 504,2 մլրդ դրամ (հոկտեմբերի 5-ի փոխարժեքով՝ մոտ 1,39 մլրդ ԱՄՆ դոլար), ծրագրված 4,5%-ի փոխարեն։ Հունվար-օգոստոսին ձևավորվել է շուրջ 18 մլրդ դրամ հավելուրդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր շուրջ 61 մլրդ դրամ պակասուրդ։ Հարկային եկամուտներն աճել են շուրջ 14,5%-ով, ծախսերը՝ 9,9%-ով. ընթացիկ ծախսերն աճել են 17,8%-ով, իսկ կապիտալ ծախսերը նվազել են 25,6%-ով։
Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է շուրջ 7,3%-ով, իսկ 2026-ի աճը սպասվում է 5,6%՝ բյուջեով նախատեսվածից շուրջ 0,2 տոկոսային կետով բարձր։ Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 4,4%։ ԿԲ-ն 2026-ի առաջին կիսամյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 6,5%, այնուհետև բարձրացրել 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,75%։
ԿԲ-ն ընդգծում է, որ մակրոտնտեսական և գների կայունության ապահովումն ու ամրապնդումը 2027-ին և միջնաժամկետում կշարունակեն մնալ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների առաջնային թիրախը։



