ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական վիզաների վերացման համաձայնագրերին

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17–ին հավանություն է տվել երկու համաձայնագրի ստորագրման առաջարկություններին. Բենինի և Ռուանդայի հետ վերացվում է մուտքի վիզայի պահանջը դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար։
Երկու համաձայնագրերի ստորագրումը կազմակերպելու հանձնարարականը տրվել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին։
Ըստ ՀՀ կառավարության հիմնավորումների՝ երկու աֆրիկյան երկրների հետ համաձայնագրերը կնպաստեն քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը։ Դրանք նաև կհեշտացնեն տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունները։
Բենինի հետ համաձայնագիրը բխում է ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրից։ «Արտաքին քաղաքականություն» գլխում ասվում է. «Ջանքեր են գործադրվելու Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու և նոր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»։ Ծրագիրը հաստատվել է գործադիրի 2026-ի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշմամբ։
Ռուանդայի հետ համաձայնագիրը հիմնված է 2021-2026 թթ. ծրագրի վրա։ Այնտեղ նշված է. «Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ»։ Ծրագրի հաստատման որոշումն ընդունվել է 2021-ի օգոստոսի 18-ին՝ կառավարության N 1363-Ա համարով։
Բենին
Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2007-ի օգոստոսի 2-ին։ Բենինի դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն հավատարմագրերը ՀՀ նախագահին հանձնել է 2022-ի հունիսի 6-ին։ Դեսպանի նստավայրը Մոսկվայում է։ Բենինից Հայաստան երեք այց է եղել։
- 2024-ի մայիս. էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոմուալդ Վադագնին մասնակցել է ՎԶԵԲ տարեկան 33-րդ հանդիպմանը և գործարար համաժողովին։
- 2018-ի հոկտեմբեր. նախագահ Պատրիս Թալոնը եղել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։
- 2015-ի հոկտեմբեր. արտգործնախարար Սալիու Ակադիրին մասնակցել է նույն կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովին։
Երկու երկրների արտգործնախարարությունների միջև գործում է մեկ փաստաթուղթ՝ քաղաքական և դիվանագիտական խորհրդակցությունների մեխանիզմի հիմնման մասին արձանագրությունը։
Ռուանդա
Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2004-ի մարտի 29-ին։ 2024-ի նոյեմբերի 11-ին Ռուանդայում ՀՀ դեսպան է նշանակվել Սահակ Սարգսյանը՝ Ադիս Աբեբայում նստավայրով։ Այցեր․
- 2019-ի ապրիլ․ Ռուանդա է այցելել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
- 2022-ի հուլիս․ Ռուանդայի արտգործնախարար Վինսենտ Բիրուտա,
- 2018-ի օգոստոս․ Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն։
Առևտուր
2026-ի առաջին կիսամյակում Բենինից ներմուծվել է 77 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 3 հազարի դիմաց։ Ռուանդայից ներմուծվել է 13 հազար դոլարի ապրանք՝ 18 հազարի դիմաց։ Հայաստանից երկու երկիր էլ արտահանում չի եղել։ Տվյալները՝ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 9.57 միլիարդ դոլար՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի։



