Հայաստանը կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների համար առաջարկում է 25 հազ. օգտվողի և 400 մլն դրամի շեմեր

Հայաստանում կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք (ԿՏԵ) կարող է ճանաչվել այն համակարգը, որի անհասանելիությունը կիբեռմիջադեպի հետևանքով կազդի 25 հազ. և ավելի օգտվողի վրա, կամ որի վերականգնման ծախսերն ու հաշվեկշռային արժեքը կգերազանցեն 400 մլն դրամը (մոտ 1,1 մլն ԱՄՆ դոլար)։ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հաստատել ԿՏԵ-ների նույնականացման չափանիշները, որոնք նախատեսված են «Կիբեռանվտանգության մասին» օրենքով։ Նախագիծը մշակել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը։
Օրենքով ԿՏԵ շահագործող ծառայություն մատուցողները պետք է բավարարեն կիբեռանվտանգության ավելի խիստ պահանջների։ Հիմնավորման համաձայն՝ մինչ օրս ԿՏԵ-ներն իրավականորեն կարգավորված չեն, իսկ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը չունի ընթացակարգային հիմք՝ համակարգերը գնահատելու և ԿՏԵ-ների ցանկում ներառելու համար։
Չորս չափանիշ
Հանձնաժողովը չափանիշները կկիրառի հերթականությամբ՝ յուրաքանչյուր հաջորդը, եթե նախորդը կիրառելի չէ.
- համակարգային էֆեկտ՝ համակարգի անհասանելիությունը կարող է ազդել կենսական նշանակության մեկ կամ մի քանի ոլորտների ծառայություն մատուցողների վրա,
- 25 հազ. և ավելի օգտվող,
- կիբեռմիջադեպի տևողությունն ու վտանգավորությունը կարող են էական ազդեցություն թողնել տնտեսական ակտիվության, շրջակա միջավայրի, հասարակական կարգի, բնակչության կենսագործունեության, միջազգային հարաբերությունների, կառավարման շարունակականության, ազգային անվտանգության կամ բնակչության առողջության վրա,
- վերականգնման ծախսերը և հաշվեկշռային արժեքը գերազանցում են 400 մլն դրամը, կամ նոր համակարգի ստեղծման ծախսերը և հաշվեկշռային արժեքը՝ 2 մլրդ դրամը (մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլար)։
Օգտվողների շեմը սահմանելիս հիմք է ընդունվել ԵՄ փորձը։ Հիմնավորման համաձայն՝ Էստոնիայում շեմը բնակչության 7%-ն է, Գերմանիայում՝ 6%-ը։
Ինչպես կձևավորվի ցանկը
Հանձնաժողովը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ), իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և այլ աղբյուրների տվյալներով կստուգի, թե արդյոք կազմակերպության գործունեությունը համապատասխանում է կենսական նշանակության ոլորտների տնտեսական գործունեության դասակարգիչներից առնվազն մեկին։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն նաև խոշոր հարկատուների տվյալները։
Առաջին ցանկի համար ելակետ կծառայեն ԵՄ 2022/2555 (NIS 2) դիրեկտիվի 1-ին հավելվածի բարձր կրիտիկականության ոլորտները, Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն օբյեկտների ցանկը (կառավարության 2024-ի դեկտեմբերի 27-ի թիվ 2073-Ն որոշում) և ԵՄ կիբեռանվտանգության գործակալության (ENISA) մեթոդաբանությունը։ Հիմնավորման մեջ նշված է նաև MITRE Corporation-ի Crown Jewels Analysis մեթոդաբանությունը։
Նույնականացված ԿՏԵ-ները և դրանք շահագործող կազմակերպությունները կներառվեն կառավարության որոշմամբ հաստատվող ցանկում և հանձնաժողովի գրանցամատյանում։ Ցանկը կվերանայվի առնվազն երկու տարին մեկ անգամ։
Նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չի պահանջում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։



