IntensiveAgro

ՀՀ կառավարությունն արտահանողներին օգոստոսի համար 4,5 մլրդ դրամ կփոխհատուցի

Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել է 4 մլրդ 521,2 մլն դրամ՝ արտահանման աջակցության երկու ծրագրով օգոստոսին առաջացած պարտավորությունները կատարելու համար։ Գումարը վերաբաշխվում է պետական բյուջեի կառավարության պարտքի սպասարկման ծրագրից՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով։

Ըստ հիմնավորման՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունվել են երկու միջոցառում։ Ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառումը (N 1) հաստատվել է 2026-ի հունիսի 4-ի N 800-Լ որոշմամբ։ Թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառումը (N 2)՝ հունիսի 11-ի N 839-Լ որոշմամբ։

N 1 միջոցառման համար հատկացվում է 2 մլրդ 65,1 մլն դրամ (մոտ 5,7 մլն ԱՄՆ դոլար)։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ օգոստոսին արտահանվել է 2 481 տոննա լոլիկ, 460 տոննա չերրի տեսակի լոլիկ, 1 580 տոննա պղպեղ, 624 տոննա պալերմո տեսակի պղպեղ, 124 տոննա ելակ և 3,18 միլիոն հատ ծաղիկ։ Ծաղիկներից 0,84 միլիոն հատն արտահանվել է ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա կամ Շվեյցարիա։

N 2 միջոցառման համար հատկացվում է 2 մլրդ 456,2 մլն դրամ (մոտ 6,8 մլն ԱՄՆ դոլար)։ Դրանից 1 մլրդ 796 մլն դրամը նախատեսված է արտահանման փոխհատուցման, 660,1 մլն դրամը՝ վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման սուբսիդավորման համար։ Օգոստոսին արտահանվել է 390 տոննա խնձոր, 322 տոննա սալոր, 159 տոննա կեռաս, 2 203 տոննա դեղձ և նեկտարին, 120 տոննա խաղող, 94 տոննա թուզ, ազնվամորի, մոշ և հոն։ Ծիրան օգոստոսին չի արտահանվել։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին արտահանվել է նաև 154 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 359 հազար լիտր պտղահատապտղային գինի, 1 004 հազար լիտր (100% սպիրտի հաշվարկով) հայկական բրենդի կամ կոնյակ։ Արտահանվել է 894 հազար լիտր շշալցված բնական հանքային ջուր, որից 594 հազարը՝ ԵՄ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներ։ Արտահանվել է նաև 45 տոննա տոմատի մածուկ, 152 տոննա չորացրած միրգ կամ բանջարեղեն, 79,2 տոննա իշխան և 44 տոննա թառափ։

Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերվել է շուրջ 5 200 տոննա դեղձ և 81 տոննա թուզ։

Հիմնավորման համաձայն՝ օգոստոսի բյուջեն հաշվարկվել է՝ հաշվի առնելով հունիս-հուլիսի համար սահմանված բյուջեի չծախսված միջոցները կամ առկա պարտավորությունները։ Գումարները նախատեսված են երրորդ եռամսյակի համար։

Աջակցության ծրագրերով արտահանում

Ապրանք Չ/Մ Օգոստոս Հունիս-օգոստոս
Լոլիկ տոննա 2 481 3 939
Չերրի տեսակի լոլիկ տոննա 460 827
Պղպեղ տոննա 1 580 4 689
Ելակ տոննա 124 433
Ծաղիկ մլն հատ 3,18 10,35
որից՝ ԵՄ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա մլն հատ 0,84 1,34
Սալոր տոննա 322 753
Կեռաս տոննա 159 3 276
Դեղձ և նեկտարին տոննա 2 203 3 848
Շշալցված խաղողի գինի հազ. լիտր 154 754
Շշալցված պտղահատապտղային գինի հազ. լիտր 359 649
Չորացրած միրգ կամ բանջարեղեն տոննա 152 158
Իշխան տոննա 79,2 81,2
Թառափ տոննա 44 66,5

Աղբյուրը՝ կառավարության որոշման նախագծի հիմնավորում (ՍԱՏՄ-ի և ՊԵԿ-ի տվյալներ)։

Որոշմանն անդրադառնալով՝ նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է աջակցության արդյունավետությունը բարձրացնելու համար հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությունը. «Մենք պետք է այսօրվանից սկսենք մտածել բիզնեսին ինստիտուցիոնալ, ոչ թե պահային օժանդակություն տրամադրելու մասին, որպեսզի աջակցության ծրագրերը լինեն ավելի թիրախային։ Խոսքը ոչ թե խնայողությունների, այլ ճիշտ թիրախներ կառուցելու մասին է, որպեսզի ոչ թե մեխանիկական՝ սուբսիդիայի հաշվին ոչ մրցունակ արտադրանք արտադրվի և արտահանվի, այլ՝ մենք ունենանք այնպիսի արտադրանք, որ ոչ մեկը սահմանափակում չդնի»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այդպես էլ նախատեսված է, և պետք է գնալ ավելի երկարաժամկետ ու ռազմավարական լուծումների։

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}