Regulation

Հայաստանը պահպանել է 21-րդ տեղը ՏՀԶԿ-ի օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բացության վարկանիշում

Հայաստանը պահպանել է 21-րդ տեղը 106 տնտեսությունների շարքում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) համար օրենսդրական սահմանափակումների ամենացածր մակարդակով և մնում է ամենաբաց քառորդում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ՕՈՒՆ կարգավորման սահմանափակվածության 2025-ի ինդեքսի համաձայն՝ Հայաստանի ռեժիմն ավելի բաց է, քան Վրաստանինը, Մոլդովայինը, Ֆրանսիայինը, ԱՄՆ-ինը և Ռուսաստանինը։ Երկրի միավորը 0,0165 է և 2018-ից չի փոխվել։

Ինդեքսը (FDI Regulatory Restrictiveness Index, FDIRRI) գնահատում է օտարերկրյա ներդրողների նկատմամբ խտրական օրենսդրական սահմանափակումները 22 ոլորտում։ Հաշվի են առնվում չորս տեսակի սահմանափակումներ՝ օտարերկրյա կապիտալի բաժնեմասի սահմանափակումներ, ներդրումների ստուգում և հաստատում, օտարերկրյա ղեկավարների և մասնագետների աշխատանքի սահմանափակումներ և այլ գործառնական սահմանափակումներ, օրինակ՝ հողի ձեռքբերման։ Սանդղակը 0-ից (լիովին բաց) մինչև 1 (փակ) է, գնահատվել է 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող կարգավորումը։

Հայաստանի միավորը

Հայաստանի միավորը 0,0165 է և չի փոխվել ՏՀԶԿ տվյալների բազայում առկա բոլոր տարիներին՝ 2018-ին և 2021–2025-ին (2019-ի և 2020-ի ինդեքսը չի հրապարակվել)։ Դիրքը, սակայն, բարելավվել է այլ երկրների տեղաշարժի հաշվին՝ 2018-ին Հայաստանը 106 տնտեսությունների շարքում 23-րդն էր, 2021-ին՝ 22-րդը, 2022-ից ի վեր 21-րդն է։

Որտեղ են գործում սահմանափակումները

Ցուցանիշը ձևավորվում է երկու ոլորտում օտարերկրյա կապիտալի սահմանափակումներով։ Ավիափոխադրումների և օդանավակայանային ծառայությունների միավորը 0,012 է, որից ավիափոխադրումները՝ 0,0096 (ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ՝ 0,0048-ական), օդանավակայանային ծառայությունները՝ 0,0024։ «Ավիացիայի մասին» օրենքով թռիչքներ կարող են կատարել միայն Հայաստանում գրանցված օդանավերը։ Շահագործողի վկայական ստանում է այն ընկերությունը, որի առնվազն 51%-ը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց։

Հեռուստա- և ռադիոհեռարձակման միավորը 0,0045 է (հեռուստատեսություն և ռադիո՝ 0,00225-ական)։ 2020-ի «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրենքով օտարերկրյա կապիտալը չի կարող տիրապետել մասնավոր հեռարձակողի կամ մուլտիպլեքսի օպերատորի ձայների 50%-ին և ավելիին, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով։

Մնացած բոլոր ոլորտներում օտարերկրյա ներդրողները գործում են տեղականների հետ հավասար պայմաններով։ Դրանք են գյուղատնտեսությունը, անտառային և ձկնային տնտեսությունը, օգտակար հանածոների արդյունահանումը, ողջ մշակող արդյունաբերությունը, էլեկտրաէներգետիկան, շինարարությունը, առևտուրը, ցամաքային և ջրային տրանսպորտը, հյուրանոցներն ու հանրային սնունդը։ Նույն շարքում են հրատարակչությունը և կինոն, հեռահաղորդակցությունը, բանկերը, ապահովագրությունը և այլ ֆինանսական ծառայությունները, անշարժ գույքը, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական և ճարտարապետական ծառայությունները։

Ինդեքսում հաշվի առնվող մյուս երեք տեսակի սահմանափակումներով Հայաստանը բոլոր տարիներին զրոյական միավոր ունի։ Դրանք են ներդրումների ստուգումը և հաստատումը, օտարերկրյա ղեկավարների և մասնագետների աշխատանքի սահմանափակումները և գործառնական սահմանափակումները, այդ թվում՝ հողի ձեռքբերման։

Տարածաշրջանի և գործընկերների համեմատ

Ամենաբաց տնտեսությունը Մեծ Բրիտանիան է, Գերմանիան 9-րդն է։ Հայաստանից անմիջապես առաջ Չեռնոգորիան է (20-րդ, 0,0163), հետևում են Մոլդովան (22-րդ, 0,0173), Ֆրանսիան (25-րդ) և Վրաստանը (26-րդ, 0,0233)։ Ղազախստանը 37-րդն է, Ռուսաստանը՝ 44-րդ (0,0500), ԱՄՆ-ը՝ 45-րդ, Ադրբեջանը՝ 46-րդ (0,0546), Ուկրաինան՝ 51-րդ, Բելառուսը՝ 56-րդ, Թուրքիան՝ 65-րդ, Ուզբեկստանը՝ 80-րդ, Ղրղզստանը՝ 89-րդ։

Միջին ցուցանիշները

106 տնտեսությունների միջին միավորը 2025-ին 0,1194 է (2024-ին՝ 0,1192)։ ՏՀԶԿ անդամ երկրներում միջինը 0,0509 է, մյուս երկրներում՝ 0,1576, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 0,043, Եվրամիության անդամ երկրներում՝ 0,0293։ Հայաստանը մտնում է այն 44 տնտեսությունների (42%) մեջ, որոնց ռեժիմը ՏՀԶԿ միջինից ավելի բաց է։

Աշխարհում

2025-ին 95 տնտեսությունում ցուցանիշը չի փոխվել, 7-ում նվազել է, 4-ում՝ աճել։ Միջինում ամենաշատ սահմանափակումները գործում են ԶԼՄ-ներում, անշարժ գույքում, տրանսպորտում, գյուղատնտեսությունում, ձկնորսությունում և մասնագիտական ծառայություններում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}