Regulation

ՀՀ կառավարությունը նախատեսում է աջակցել լաբորատորիաների միջազգային հավատարմագրմանը

Հայաստանի Հանրապետությունում գործող փորձարկման լաբորատորիաները կարող են պետական աջակցություն ստանալ միջազգային հավատարմագրում ձեռք բերելու կամ գործող միջազգային հավատարմագրման ոլորտն ընդլայնելու համար։ Այս նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մասնակի փոխհատուցել համապատասխան ծախսերը։

Նախագծի համաձայն՝ փոխհատուցումը կկազմի փաստացի ծախսերի մինչև 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 5 մլն դրամ (13 հազ․ 755 ԱՄՆ դոլար)՝ միջազգային հավատարմագրում ձեռք բերելու դեպքում, և մինչև 2 մլն դրամ՝ գործող հավատարմագրման ոլորտի ընդլայնման դեպքում։

Ծրագրի ֆինանսական հաշվարկները կատարվել են՝ հաշվի առնելով միջազգային հավատարմագրման գործընթացների փաստացի և գնահատված արժեքները, ինչպես նաև տարբեր երկրների հավատարմագրման մարմինների կողմից կիրառվող վճարների կառուցվածքը։ Ծրագրի մշակման ընթացքում ուսումնասիրվել են, մասնավորապես, Չեխիայի հավատարմագրման ինստիտուտի, Իտալիայի ACCREDIA-ի և Հունաստանի ESYD-ի կողմից կիրառվող վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև միջազգային հավատարմագրման գործընթաց անցած լաբորատորիաների կողմից ներկայացված տվյալները։

Ուսումնասիրված տվյալների համաձայն՝ միջազգային հավատարմագրման ձեռքբերման ծախսերը կարող են էապես տարբեր լինել՝ կախված լաբորատորիայի աշխատակիցների թվից, փորձարկման մեթոդների և հավատարմագրման ենթակա ոլորտների քանակից, օբյեկտների կամ գտնվելու վայրերի թվից, գնահատման տևողությունից և այլ հանգամանքներից։ Օրինակ՝ փոքր ծավալի փորձարկման լաբորատորիայի համար միջազգային հավատարմագրման մեկ ամբողջական ցիկլի գնահատված արժեքը կարող է կազմել շուրջ 10 000 եվրո, իսկ որոշ դեպքերում՝ հասնել 13 500–16 000 եվրոյի։ Հավատարմագրման ոլորտի ընդլայնման հետ կապված ուսումնասիրված օրինակներում ծախսերը կազմել են շուրջ 6 000 եվրո՝ առանց տեղում գնահատման հետ կապված լրացուցիչ լոգիստիկ ծախսերի։

Նախարարությունում կարծում են, որ ծրագիրը կնպաստի ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներին համապատասխան միջազգային մակարդակով ճանաչված լաբորատոր ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի համապատասխանության գնահատման ազգային ենթակառուցվածքի ամրապնդմանը։

Ծրագրի նախաձեռնությունը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Եվրամիության խորհուրդը վերջնականապես հաստատել է հայկական ապրանքների համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ՝ նախատեսելով ներմուծման մաքսատուրքերի կասեցում հայկական արտահանման զգալի մասի համար։ Ըստ հրապարակված տվյալների՝ արտոնյալ ռեժիմը կարող է տարածվել ԵՄ ուղղությամբ հայկական արտահանման մոտ 80 տոկոսի վրա և գործել երկու տարի։

Փորձագետների գնահատմամբ, եվրոպական շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնման պայմաններում միջազգային հավատարմագրված տեղական լաբորատորիաների առկայությունը կարող է էական նշանակություն ունենալ արտահանողների համար։ Միջազգային ճանաչում ունեցող փորձարկումների իրականացումը Հայաստանում թույլ կտա նվազեցնել արտասահմանյան լաբորատորիաներից կախվածությունը, կրճատել բիզնեսի լրացուցիչ ծախսերը և արագացնել արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացները։

Կառավարության նախագծի հիմնավորման համաձայն՝ նախաձեռնության երկարաժամկետ նպատակը հայկական արտադրանքի մրցունակության բարձրացումն է, արտահանման խթանումը և միջազգային շուկաներում Հայաստանի համապատասխանության գնահատման համակարգի ճանաչելիության մեծացումը։

Լուսանկարը՝ Magnific

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}