«Ինեկոբանկի» և «Կոնվերս Բանկի» դոլարային պարտատոմսերը ցուցակվում են AMX-ում

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 15-ից կշրջանառվեն «Ինեկոբանկի» և «Կոնվերս Բանկի» դոլարային պարտատոմսերը։ Երկու թողարկումների ընդհանուր անվանական ծավալը 15 մլն ԱՄՆ դոլար է։
Համապատասխան որոշումները հոկտեմբերի 12-ին ընդունել է AMX-ի գլխավոր տնօրենը։ Անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ցուցակման և բորսայում շրջանառության առաջին օրը հոկտեմբերի 15-ն է։
Երկու թողարկումներն էլ 36 ամիս ժամկետով են՝ 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Արժեկտրոնները վճարվում են կիսամյակային՝ ընդհանուր 6 անգամ։ Համեմատության համար՝ AMX-ի ԱՄՆ դոլարով կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ինդեքսի (CBMI_USD) եկամտաբերությունը մինչև մարում հոկտեմբերի 12-ին կազմել է 4,89%։
«Ինեկոբանկը» տեղաբաշխել է 100 000 պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլար։ Տեղաբաշխումն անցկացվել է սեպտեմբերի 3-ից 24-ը, մարումը՝ 2029-ի սեպտեմբերի 3-ին։
«Կոնվերս Բանկը» տեղաբաշխել է 50 000 պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, ընդհանուր 5 մլն ԱՄՆ դոլար։ Տեղաբաշխումն անցկացվել է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 29-ը, մարումը՝ 2029-ի օգոստոսի 26-ին։
| «Ինեկոբանկ» | «Կոնվերս Բանկ» | |
|---|---|---|
| Բորսային կոդ | INECBU | COVSBS |
| ISIN | AMINECB2UER9 | AMCOVSB2SER9 |
| Ծավալ | 10 մլն ԱՄՆ դոլար | 5 մլն ԱՄՆ դոլար |
| Արժեկտրոն | 5% | 5% |
| Մարում | 2029-ի սեպտեմբերի 3 | 2029-ի օգոստոսի 26 |
| Արժեկտրոնի վճարում | կիսամյակային | կիսամյակային |
AMX-ում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 1,06 տրլն դրամ (մոտ 2,93 մլրդ ԱՄՆ դոլար), շուկայի կապիտալիզացիան՝ 353,1 մլրդ դրամ։ Ցուցակված և առևտրին թույլատրված է 64 թողարկողի 278 արժեթուղթ։



