Tech & IT

ԱԲ գործարանները կարող են ՀՆԱ ներուժային աճը հասցնել 6.9%-ի. ՀՀ ԿԲ

Հայաստանում խոշոր ԱԲ հաշվողական ենթակառուցվածքների ձևավորումը կարող է առաջիկա տարիներին էական ազդեցություն ունենալ ներդրումների, արտաքին առևտրի, էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի և տնտեսության արտադրական կարողությունների վրա։ Այս մասին նշված է «2026 թ․ 3-րդ եռամսյակ, Դրամավարկային քաղաքականության զեկույց, Դրամավարկային քաղաքականության ծրագիր, 15 սեպտեմբերի, 2026 թ․» փաստաթղթում, որը ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Քաղաքականության տոկոսադրույքի որոշմանն առնչվող փաստաթղթերի փաթեթում․ տոկոսադրույքը սահմանվել է 6․75%:

Երկու ԱԲ գործարաններից Eleveight AI-ը աշխատում է NVIDIA Blackwell B300 գրաֆիկական պրոցեսորներով։ Առաջին փուլի ներդրումները կազմել են շուրջ 70 միլիոն դոլար։ Firebird AI Factory-ի նախագիծն իրականացվում է Firebird ընկերության, Team Group-ի, NVIDIA-ի և Dell Technologies-ի համագործակցությամբ` ընդհանուր մոտ 500 մլն դոլար ներդրումային ծրագրի շրջանակներում։

ՀՀ ԿԲ փաստաթղթում ասվում է, որ այդ ԱԲ գործարանների գծով ընդհանուր ներդրումների ծավալը հասնում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի, իսկ գործառնական փուլում արտահանումը ՀՆԱ-ում կարող է կազմել մինչև 0.6-1.0%։ Այդուհանդերձ, այս նախագծերի հայտարարված ընդլայնման դեպքում տեղակայված հաշվողական հզորությունները կարող են աճել ներկայիս շուրջ 6 հազ. GPU-ից մինչև 50–70 հազ. և ավելի, իսկ էլեկտրաէներգիայի պահանջարկը՝ շուրջ 15-18 ՄՎտ-ից մինչև 300–400 ՄՎտ, որոնց մակրոտնտեսական ազդեցությունները կարող են զգալիորեն ավելի մեծ լինել։

ԿԲ–ն ներկայացրել է նախագծերի մակրոտնտեսական ազդեցությունը կառուցման և գործառնական փուլերում, և առանձնացրել դրանց իրականացման պարագայում տնտեսության երկարաժամկետ ներուժային աճի երեք տիպային սցենար։

Արտահանման անկլավի սցենար. Նախագիծը կարող է գործել որպես բարձր կապիտալատար, արտահանմանն ուղղված արտադրական «անկլավ»՝ սահմանափակ զբաղվածության ազդեցությամբ և տնտեսության այլ հատվածների հետ ոչ նշանակալի փոխազդեցությամբ։ Այս դեպքում ներուժային աճի լրացուցիչ ազդեցությունը հիմնականում ձևավորվում է հենց նախագծի շրջանակում իրականացվող կապիտալ ներդրումներից, որը ներդրումային փուլի ավարտից հետո աստիճանաբար թուլանում է, իսկ արտադրողականության աճի ազդեցությունը մնում է ոչ նշանակալի։ Հետևաբար, կապիտալի ինտենսիվ կուտակման փուլում ՀՆԱ-ի բարձր աճը կարող է արտացոլել տնտեսության արտադրական ներուժի ընդլայնումը, որի պայմաններում դրա գնաճային ազդեցությունները կարող են լինել առավել սահմանափակ։

Բացատրագիր
Աշխատուժի նպաստում
Կապիտալի նպաստում
Արտադրողականության նպաստում
Ներուժային ՀՆԱ աճ
Պատմական / առանց ԱԲ գործարանների
Սցենար 1
Անկլավ

012345678 202520262027202820292030

Մասնակի ինտեգրման սցենար. Firebird-ի գործունեությունը կարող է խթանել հարակից ոլորտների ներդրումները՝ հատկապես էլեկտրաէներգետիկ, ցանցային և թվային ենթակառուցվածքներում, ինչպես նաև տեղական տեխնիկական, տվյալների կառավարման, կիբեռանվտանգության և այլ մասնագիտացված ծառայությունների զարգացումը։ Այս դեպքում ազդեցությունը դուրս է գալիս նախագծի սեփական կապիտալի շրջանակից, սակայն արտադրողականության աճը դեռևս հիմնականում կենտրոնացած է Firebird-ին անմիջականորեն առնչվող ոլորտներում։

Սցենար 2
Մասնակի ինտեգրում

012345678 202520262027202820292030

ԱԲ կլաստերի սցենար. Firebird-ի շուրջ ձևավորված ենթակառուցվածքները, հմտությունները և մասնագիտացված կարողությունները աստիճանաբար տարածվում են տնտեսության ավելի լայն հատվածներում՝ նպաստելով նոր տեխնոլոգիական ընկերությունների և ԱԲ էկոհամակարգի զարգացմանը, հետազոտական ու կրթական կապերի խորացմանը, ինչպես նաև ԱԲ լուծումների ավելի լայն կիրառմանը։ Այս դեպքում նախագծի ազդեցությունը չի սահմանափակվում հարակից ոլորտներում կապիտալի կուտակմամբ․ ձևավորվում է նաև ընդհանուր գործոնային արտադրողականության առավել լայնամասշտաբ և կայուն աճ, որի արդյունքում ներուժային աճի վրա ազդեցությունը կարող է լինել ավելի տևական։

Սցենար 3
ԱԲ կլաստեր

012345678 202520262027202820292030

Եզրակացվում է, որ Firebird-ի հնարավոր մակրոտնտեսական ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն նախագծի հայտարարված մասշտաբներով, այլև դրա ֆինանսավորման աղբյուրներով, ներմուծման ինտենսիվությամբ, սեփականության կառուցվածքով, էներգետիկ համակարգի կարողություններով և ՀՀ տնտեսության ներսում ինտեգրման խորությամբ։ Կարճաժամկետում նախագիծը կարող է դրսևորվել հիմնականում որպես ներդրում-ներմուծում շոկ, գործառնական փուլում՝ որպես ծառայությունների արտահանման և էլեկտրաէներգիայի պահանջարկի շոկ, իսկ երկարաժամկետում հիմնական անորոշությունը կապված է այն բանի հետ, թե որքանով կապիտալի կուտակումը կվերածվի արտադրողականության և ներուժային աճի:

Լուսանկարը՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}