Regulation

Խիստ նույնականացում չունեցող օտարերկրացիները permits.am կմտնեն մուտքանվամբ և գաղտնաբառով. ՆԳՆ նախագիծ

Խիստ նույնականացման գործիքակազմից օգտվելու հնարավորություն չունեցող օտարերկրացիները կացության կարգավիճակի permits.am հարթակ կմտնեն գրանցման ժամանակ ստեղծված մուտքանվամբ և գաղտնաբառով, իսկ ՀՀ քաղաքացիները՝ միայն խիստ նույնականացմամբ։ Դա նախատեսում է ՆԳՆ-ի մշակած կառավարության որոշման նախագիծը, որը մինչև հոկտեմբերի 16-ը հանրային քննարկման է դրված e-draft.am-ում։

Նախագծով որոշումն ուժի մեջ է մտնում 2026-ի նոյեմբերի 1-ին։ Քննարկման արդյունքում տեքստը կարող է փոփոխվել. վերջնական կանոնները կսահմանվեն կառավարության ընդունած որոշմամբ։

Եթե օտարերկրացին հետագայում ձեռք բերի խիստ նույնականացման հնարավորություն, հարթակ կմտնի միայն դրանով, իսկ այն կորցնելու դեպքում՝ կրկին մուտքանվամբ և գաղտնաբառով։ Գրանցման ժամանակ անցկացվում է դիմաճանաչման ստուգում. իրական ժամանակում արված լուսանկարը համադրվում է անձնագրի և վերբեռնված լուսանկարների հետ։ Յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ օգտահաշիվ։

Հարթակը վարում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Դրա միջոցով կներկայացվեն ժամանակավոր և մշտական կացության դիմումները՝ ուսումնառության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեության, ընտանեկան հանգամանքների, ազգությամբ հայ լինելու, ներդրման, կամավոր աշխատանքի և բացառիկ ծառայությունների հիմքով, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բնակության օրինականությունը հավաստող վկայականի դիմումները։

Նախագծով կացության կարգավիճակի մասին որոշումը կայացվում է 30 օրում։ Հաջորդ կարգավիճակի դիմումը կարելի է ներկայացնել գործողի ավարտից ոչ շուտ, քան 60 օր առաջ։ Սխալները շտկելու համար տրվում է 5 օր, այնուհետև վարույթը կասեցվում է, իսկ մեկ ամսից կարճվում։ Փաստաթղթերը վերբեռնվում են PDF ձևաչափով՝ մինչև 5 ՄԲ, օտարերկրյա փաստաթղթերին անհրաժեշտ է ապոստիլ կամ հյուպատոսական վավերացում և հայերեն թարգմանություն։

Կարգավիճակ ստանալուց հետո հարթակը պարբերաբար կստուգի դրա հիմքերը։ Աշխատանքի հիմքով կարգավիճակ ունեցողների համար ամեն ամիս հարցում կարվի ՊԵԿ, և երկու ամիս անընդմեջ հաշվարկված հարկ չլինելու դեպքում տվյալները կփոխանցվեն ծառայությանը։ Հայաստանից 183 օր և ավելի բացակայելու դեպքում 10 օրում պետք է ծանուցել հարթակի միջոցով։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}