Tech & ITMacro

ՀԲ. Հայաստանի ՏՀՏ ընկերություններն արտահանում են ԱԲ լուծումներ, բայց հազվադեպ են վաճառում տեղական հաճախորդներին

Firebird AI-ի 4 մլրդ ԱՄՆ դոլարի ԱԲ տվյալների կենտրոնը տարածաշրջանի ամենամեծ ԱԲ օբյեկտն է, սակայն հայկական ընկերությունները դեռ դանդաղ են ներդնում արհեստական բանականությունը։ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զեկույցի հոկտեմբերյան թողարկման համաձայն՝ Հայաստանի ՏՀՏ ընկերություններն արտահանում են ԱԲ լուծումներ, բայց հազվադեպ են վաճառում դրանք տեղական հաճախորդներին։

Զեկույցի հիմնական թեման արհեստական բանականությունն է (ԱԲ)։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանում և Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են հիմնականում ԱԲ-ի և թվային ենթակառուցվածքների հաշվին։ Firebird AI-ի տվյալների կենտրոնի առաջին փուլը բացվել է օգոստոսին։ 300 ՄՎտ հզորությամբ կենտրոնը կառուցվում է պետական-մասնավոր գործընկերությամբ՝ կառավարության, NVIDIA-ի և Dell-ի մասնակցությամբ, տեղական առևտրային բանկերի աջակցությամբ, և ուղղված է արտասահմանյան հաճախորդներին։

Ինչ ցույց տվեցին հարցազրույցները

Զեկույցի համար Համաշխարհային բանկը հարցազրույցներ է անցկացրել հինգ երկրների 38 ընկերությունների հետ, այդ թվում՝ Հայաստանում։ Այն ճյուղերում, որտեղ ԱԲ-ն կարող է կիրառվել, օրինակ՝ լոգիստիկայում և ֆինանսական միջնորդությունում, հայկական ընկերությունները շատ դանդաղ են ներդնում այն և հիմնականում սահմանափակվում են GPT մոդելների անհատական օգտագործմամբ։ Մրցակցային ճնշումը սահմանափակ է, ուստի ԱԲ-ի ներդրումը հիմնականում կախված է ձեռներեցների և ղեկավարների անձնական նախաձեռնությունից։

Զեկույցում բերված օրինակներից է գյուղատնտեսական խոշոր հոլդինգը, որը կրելի սարքերով հետևում է կովերի ֆիզիոլոգիական ցուցանիշներին և դրանք կապում կաթի որակի ու ծավալի հետ։ Մեկ այլ ԱԲ ընկերության գործիքը փոքր և միջին ընկերություններին թույլ է տալիս հեռախոսով լուսանկարել հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների հաշվետվությունը և վայրկյանների ընթացքում նախնական տեղեկություն ստանալ՝ արդյոք կարող են վարկ ստանալ։

Հարավային Կովկասի համար զեկույցը նշում է սփյուռքի ցանցերը, որոնք ամենաուժեղն են Հայաստանի և Վրաստանի դեպքում։ Զեկույցի գնահատմամբ՝ հիմնական սահմանափակումը կապիտալն է. փոքր շուկաներում բացակայում են աճի փուլի ինստիտուցիոնալ ներդրողները, ուստի առաջնահերթություն պետք է լինեն օտարերկրյա ինստիտուցիոնալ կապիտալ ներգրավող գործիքները՝ համատեղ ներդրումային միջոցներն ու տարածաշրջանային ֆոնդերը։

Աճը 2026-ին՝ 5,6%

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,6%-ով, 2027-ին՝ 5,3%-ով, 2028-ին՝ 5,1%-ով։ Բանկի գնահատմամբ՝ 2025-ին ՀՆԱ-ն աճել է 7,1%-ով (ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 7,2%-ով)։

Հարավային Կովկասում աճը 2026-ին կդանդաղի 3,9%-ից մինչև 3,5%։ 2027–2028-ին Հայաստանում և Վրաստանում այն միջինում կկազմի մոտ 5,2%. սպառման աճը կթուլանա նախորդ տարիների բարձր տեմպերից, որոնք ապահովում էին վերաարտահանումը, դրամական փոխանցումները և միգրանտների ներհոսքը, իսկ ներդրումները կմնան կայուն։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում աճը 2026-ին կդանդաղի 2,6%-ից մինչև 2,2%։

Վերաարտահանումը նվազում է, շինարարությունն աճում

Զեկույցի համաձայն՝ թանկարժեք մետաղների վերաարտահանումից նախորդ տարիների շահույթը շարունակում է նվազել։ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը կտրուկ կրճատվել է, քանի որ ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանումը նախորդ տարիների աճից հետո վերադարձել է սովորական մակարդակի։ Գյուղատնտեսությունում ակտիվությունը թուլացել է եղանակային պայմանների և հայկական սննդամթերքի ներմուծման նկատմամբ Ռուսաստանի խստացված սահմանափակումների պատճառով։

Աճի հիմնական շարժիչները մնում են ծառայությունները՝ հատկապես տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, տրանսպորտը և զբոսաշրջությանն առնչվող ոլորտները, իսկ Հայաստանում լրացուցիչ թափ է հաղորդել բնակարանային և ենթակառուցվածքային շինարարությունը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,3%-ով, շինարարությունը՝ 24,7%-ով։

Փոխանցումներն աճել են մոտ 30%-ով

2026-ի առաջին կիսամյակում արտերկրից անհատական փոխանցումներն աճել են մոտ 30%-ով, իսկ Ռուսաստանից ներհոսքը՝ 36%-ով։ Զեկույցի գնահատմամբ՝ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստան ուղարկվող փոխանցումների մոտ 70%-ը։

Այլ կանխատեսումների ֆոնին

Համաշխարհային բանկի 5,6%-ը բարձր է 2026-ի պետբյուջեում դրված 5,4%-ից (ՀՀ կենտրոնական բանկի՝ 2027-ի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրակացության համաձայն՝ 2026-ի աճն այժմ սպասվում է նույնպես 5,6%) և Արժույթի միջազգային հիմնադրամի (5,25%) գնահատականից, բայց ցածր է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) 5,8%-ից և Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) 6%-ից։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}