IntensiveAgro

Սերմարտադրողների ասոցիացիան հետագծելիությունը համարում է Հայաստանի սերմերի շուկայի թույլ օղակ

Հայաստանում սերմերի վաճառքի հետագծելիության մեխանիզմը դեռ կանոնակարգված չէ։ Այս մասին BusinessDaily-ին հայտնեց Սերմեր և տնկանյութեր արտադրողների ասոցիացիայի նախագահ Իշխան Հովսեփյանը՝ Երևանում անցկացվող AGRO EXPO-ի շրջանակում։ Ասոցիացիան բարձրացրել է այդ հարցը և ուսումնասիրում է միջազգային փորձը։

«Շատ կարևոր է սերմի վաճառքի հետագծելիության մեխանիզմը, որը այս պահին, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում դեռ կանոնակարգված չէ»,- նշեց Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ անբարեխղճություն կարող է լինել բոլոր շղթաներում։ «Դա արդեն մարդկային գործոն է, որտեղ կա մարդ, այնտեղ դա հնարավոր է։ Բայց դա օրենսդրական բաց է այդ սերմերի շրջանառության, որովհետև հետագծելիությունը շատ կարևոր է»,- ընդգծեց նա։

Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել սելեկցիոներից սերմարտադրող և ֆերմեր տանող շղթան։ Հովսեփյանի խոսքով՝ սելեկցիոներների ստեղծած սորտերը պետք է ֆերմերին վաճառվեն հեղինակային իրավունքի պահպանմամբ, իսկ սերմարտադրողը սորտի հեղինակին պետք է վճարի ռոյալթի՝ լիցենզիոն վճար։ «Սերմարտադրողը սերմը ստանում է, և ռոյալթին արդեն փոխանցում է սելեկցիոներին։ Այդ շղթան, այդ արժեշղթան պետք է ինքը զարգացնի, և ասոցիացիայի նպատակը դա է՝ այդ շղթան զարգացնելը»,- հավելեց նա։

Ասոցիացիան ստեղծվել է երկու տարի առաջ և ունի 32 անդամ՝ սերմարտադրողներ, սերմեր վաճառող ընկերություններ և ֆերմերներ։ Հովսեփյանի խոսքով՝ 2024-ից Հայաստանը Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) անդամ է։ «Միջազգային կազմակերպություն է, որտեղ բույսերի հեղինակային իրավունքի պաշտպանությունն է։ Բոլոր սերմերը և տնկանյութերը ունեն իրենց անձնագիրը»,- նշեց նա։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025-ին Հայաստանը ներմուծել է 10,5 մլն ԱՄՆ դոլարի ցանքի սերմեր (ԱՏԳ ԱԱ 1209 ծածկագիր), 2024-ի համեմատ 1,6%-ով պակաս (10,7 մլն դոլար)։ Խոշորագույն մատակարարներն էին Պերուն (973,5 հազ. դոլար), Ֆրանսիան (901 հազ. դոլար), Չիլին (898 հազ. դոլար) և Նիդերլանդները (883,6 հազ. դոլար)։ Կենդանի բույսերի, կտրոնների և տնկիների (0602) ներմուծումը կազմել է 18,9 մլն դոլար՝ 2,8%-ով պակաս, որից 7,8 մլն դոլարը (41,4%)՝ Նիդերլանդներից։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ին հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունը 2024-ի համեմատ կրճատվել է 5,1%-ով՝ մինչև 110,5 հազ. հեկտար, սակայն բերքատվությունը 19,6-ից բարձրացել է մինչև 24,1 ց/հա, և համախառն բերքն ավելացել է 15,9%-ով՝ հասնելով 253 հազ. տոննայի։ Կարտոֆիլի տարածությունը պակասել է 7,5%-ով՝ մինչև 16,2 հազ. հեկտար, իսկ բերքն աճել է 1,4%-ով՝ մինչև 342,4 հազ. տոննա (բերքատվությունը՝ 210,8 ց/հա)։ Բանջարանոցային մշակաբույսերի բերքը 17,7 հազ. հեկտարից ավելացել է 3,0%-ով՝ մինչև 668,8 հազ. տոննա, իսկ բոստանայիններինը նվազել է 5,4%-ով՝ մինչև 116,1 հազ. տոննա։

Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանում կան մրցունակ տեղական սերմեր կարտոֆիլի, հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի մասով, և դրանց մի մասն արտահանվում է։ Ընկերությունների և սորտերի անունները նա չտվեց։ «Մեր բանջարաբոստանային շատ լավ սերմեր ունենք տեղական արտադրանքի, մրցունակ են, արտահանվում են նույնիսկ»,- տեղեկացրեց նա։ «Մեր սելեկցիոներները բավականին մեծ հաջողություններ են գրանցում»,- ընդգծեց Հովսեփյանը։

Ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության հետ ունի գործընկերային հարաբերություններ։ «Բոլոր խնդիրները բարձրացնում է ասոցիացիան, և փորձում ենք այդ խնդիրներին լուծում տալ՝ միջազգային, եվրոպական փորձի հիման վրա»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ փորձի փոխանակման նպատակով ասոցիացիայի ներկայացուցիչները օրերս Հունգարիայում հանդիպել են տեղի սերմարտադրողների ասոցիացիայի հետ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}