Regulation

ՀՀ կառավարությունը որոշել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը դարձնել անժամկետ

2027-ի հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը կտրամադրվի անժամկետ՝ 12 ամսվա փոխարեն, իսկ հարկային մարմինը եռամսյակը մեկ կստուգի՝ արդյոք հավաստագիր ունեցող ընկերությունը շարունակում է բավարարել չափանիշներին։ Միաժամանակ խստացվում են հավաստագիր ստանալու պահանջները. ավելանում են նոր չափանիշներ, իսկ ներդրումային ֆոնդերը հավաստագիր չեն ստանա։

Կառավարությունը հոկտեմբերի 8-ին ընդունել է 2021-ի N 1324-Ն որոշման փոփոխությունները։ Հիմնավորման համաձայն՝ նպատակն օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելն է, ինչպես նաև որոշումը համապատասխանեցնելը 2026-ի հուլիսի 3-ին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններին (ՀՕ-344-Ն օրենք)։ Նախագիծը մշակել է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։

Թույլատրելի խախտումների շեմը բարձրանում է։ Ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված պարտավորությունները չպետք է գերազանցեն դիտարկվող ժամանակահատվածի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) հարկման բազայի 0,1%-ը (նախկինում՝ 0,05%) և 10 մլն դրամը (մոտ 27,6 հազար ԱՄՆ դոլար)՝ նախկին 4 մլն դրամի փոխարեն։ Հաշվարկներն ու հարկերը ժամանակին ներկայացնելու և վճարելու չափանիշները կհամարվեն բավարարված, եթե խախտումներն արձանագրվել են 2-ից ոչ ավելի անգամ։

Նոր չափանիշներով հավաստագիր կստանա ԱԱՀ վճարողը, որը դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարում անընդմեջ հարկային վնաս չի ունեցել, ամիսների կեսից ավելիի համար հաշվարկել է առնվազն 2 աշխատողի աշխատավարձ՝ նվազագույն աշխատավարձից բարձր, և ունի իր գործունեության համար պահանջվող բոլոր լիցենզիաները, արտոնագրերն ու ծանուցումները։

Խախտումների ցանկն ընդլայնվում է. դիտարկվող ժամանակահատվածում չպետք է լինեն Հարկային օրենսգրքի 407-409-րդ հոդվածներով նախատեսված խախտումներ, իսկ 412-րդ, 416-րդ, 419-րդ, 424-րդ հոդվածների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկի խախտումը թույլատրվում է առավելագույնը մեկ անգամ։ Փոխկապակցված հարկ վճարողների տվյալները կգնահատվեն նաև այս չափանիշներով։

Որոշմամբ հաստատվել է նաև հավաստագրի գործողության դադարեցման կարգը։ Մշտադիտարկումը կանցկացվի յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, և կընդգրկի նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև մշտադիտարկման վերջին օրն ընկած ժամանակահատվածը։ Հավաստագիրը կդադարեցվի, եթե հարկ վճարողն այլևս չի բավարարում չափանիշներից որևէ մեկին, այդ թվում՝ ունի ժամկետանց պարտավորություններ, լրացուցիչ պարտավորությունները գերազանցել են 0,1%-ը կամ 10 մլն դրամը, կամ տնտեսական հանցագործության կամ մաքսանենգության վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվել նախաձեռնման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ի դրությամբ։ Դադարեցման մասին ՊԵԿ նախագահի հրամանը հարկ վճարողին կուղարկվի էլեկտրոնային եղանակով, իսկ նոր հավաստագրի համար կարելի է դիմել դադարեցման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա 1-ից։ Հավաստագիրը կորցրած հարկ վճարողների ցանկը կհրապարակվի ՊԵԿ կայքում։

Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրվող հավաստագիրը կգործի նախկինի պես՝ մինչև տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջը։ Նոր կարգը կկիրառվի 2027-ի հունվարի 1-ից հետո դիմած ԱԱՀ վճարող ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ։ Հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}