Markets

Բիթքոյնը վերականգնվում է, սակայն ԱՄՆ պարտատոմսերի 5%-ից բարձր եկամտաբերությունը զսպում է աճը

Բիթքոյնը վերականգնվում է սեպտեմբերյան անկումից հետո, սակայն ամերիկյան պետական պարտատոմսերի 5%-ից բարձր եկամտաբերությունը լուրջ մրցակցություն է ստեղծում ռիսկային ակտիվների համար։ «Binance Research»-ի վերլուծաբաններ Մուլիկ Նագեշը և Քեն Լամը սեպտեմբերի 28-ի գրառման մեջ մատնանշել են աճի օգտին երեք ազդակ, բայց գլխավոր խոչընդոտ են համարել երկարաժամկետ պարտատոմսերի ճնշումը։

Սեպտեմբերը բիթքոյնի համար կտրուկ տատանումների ամիս էր։ Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Սենատը չհավաքեց բավարար ձայներ կրիպտոշուկայի կարգավորման CLARITY օրինագիծն առաջ մղելու համար. ընթացակարգային քվեարկությունն ավարտվեց 49 դեմ 50 հաշվով։ Նույն օրը բիթքոյնն իջնում էր 76 հազար դոլարից ցածր, հաղորդում էր CoinDesk-ը։ Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) 2023-ից ի վեր առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ մինչև 3,75–4%։ Սեպտեմբերի 21-ին BTC-ն բարձրանում էր 86 հազար դոլարից վեր, ապա նահանջեց մինչև մոտ 84 հազար դոլար։

Երկարաժամկետ պարտատոմսերի ճնշումը

«Binance Research»-ի գնահատմամբ՝ այժմ բիթքոյնի համար երկարաժամկետ պարտատոմսերի ճնշումն ավելի կարևոր է, քան ԴՊՀ-ի որոշումն ինքնին։ Սեպտեմբերի 23-ին Brent նավթի գինը բարձրացավ մինչև մեկ բարելի դիմաց 103,08 դոլար, իսկ ԱՄՆ գործարար ակտիվության տվյալները սպասվածից ուժեղ էին։ Գրառման համաձայն՝ 5-ամյա գանձապետական պարտատոմսերի թույլ աճուրդից հետո շուկան հոկտեմբերին տոկոսադրույքի ևս մեկ բարձրացման հավանականությունը գնահատեց մոտ 70%, իսկ 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունն աճեց մինչև 5,17%։

Եկամտաբերության աճը շարունակվեց։ Սեպտեմբերի 28-ին 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը փակվեց 5,24%-ի վրա, հաղորդում է Yahoo Finance-ը, իսկ հոկտեմբերի 1-ին բարձրանում էր մինչև 5,34%՝ գերազանցելով 2007-ի գագաթնակետը։ Սա 2002-ից ի վեր ամենաբարձր մակարդակն է, հաղորդում է Reuters-ը։

Երբ ԱՄՆ պետական պարտատոմսերը դոլարով առաջարկում են տարեկան ավելի քան 5% եկամտաբերություն, ներդրողների համար ավելի դժվար է հիմնավորել մեծ տատանումներով ակտիվներում ներդրումների ռիսկը, նշում են վերլուծաբանները։

Աճի օգտին երեք ազդակ

Առաջին ազդակը վերլուծաբանները տեսնում են բիթքոյնի սփոթ ETF-ներում։ «Binance Research»-ի տվյալներով՝ հուլիսի 13-ի դրությամբ դրանցից տարեսկզբից կուտակված արտահոսքը հասել էր 5,69 մլրդ դոլարի։ SoSoValue-ի տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին ֆոնդերը ներգրավեցին 999 մլն դոլար՝ ամենամեծ օրական ներհոսքը 2025-ի հոկտեմբերի 6-ից ի վեր։ Ներհոսքը շարունակվեց մինչև շաբաթվա վերջ. սեպտեմբերի 25-ին այն կազմեց 134 մլն դոլար։

Երկրորդ ազդակը. սեպտեմբերի 20-ին BTC-ն շաբաթն ավարտեց 81 159 դոլարի մակարդակում՝ 2025-ի նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ փակվելով 50-շաբաթյա շարժվող միջինից վեր։ Ավելի ամուր հաստատում կլինի այդ գծից վեր մնալը գնաճի և զբաղվածության տվյալների հրապարակման ֆոնին։

Երրորդ ազդակը. սեպտեմբերի 8-ին 50-օրյա շարժվող միջինը ներքևից վեր հատեց 200-օրյա միջինը («ոսկե խաչ»)՝ նախորդ տարվա ընթացքում 293 օր դրանից ներքև մնալուց հետո։ «Binance Research»-ը իրավիճակը համեմատել է նախորդ 12 հատումների հետ. դրանցից նրանց դեպքում, որոնք տեղի էին ունեցել 200-օրյա միջինից ներքև առնվազն 150 օր մնալուց հետո, հաջորդ տարվա ընթացքում բիթքոյնի առավելագույն աճը կազմել էր մոտ 100%-ից 600%։ Վերլուծաբանները նշում են, որ դեպքերի թիվը փոքր է։

Ինչ է սպասվում

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոն հրապարակեց օգոստոսի PCE գնաճի տվյալները և երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի երրորդ գնահատականը։ ՀՆԱ-ի աճը վերանայվեց դեպի վեր 0,7 տոկոսային կետով՝ մինչև տարեկան կտրվածքով 2,2%։ «Binance Research»-ի սցենարներում ՀՆԱ-ի վերանայումը դեպի վեր բացասական է բիթքոյնի համար, քանի որ ամրապնդում է տոկոսադրույքի նոր բարձրացման փաստարկները։ Հաջորդ ուղենիշը ԱՄՆ սեպտեմբերյան զբաղվածության տվյալներն են, որոնք կհրապարակվեն հոկտեմբերի 2-ին, Հայաստանի ժամանակով 16:30-ին։ Աշխատատեղերի թվի ուժեղ աճը նույնպես տեղավորվում է բացասական սցենարի մեջ, իսկ գնաճի և զբաղվածության ավելի մեղմ տվյալները կաջակցեին վերականգնմանը։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}