Macro

Փաշինյան. տնտեսական ռեկորդային ցուցանիշներից հետո Կառավարության առաջնահերթությունը Խաղաղության համաձայնագիրն է

Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով աշխատատեղերի և բյուջեի մուտքերի ռեկորդային ցուցանիշները, նշել է Կառավարության առաջիկա խնդիրները՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրում և վավերացում, հնամաշ բնակֆոնդի ռենովացիա և ստվերի դեմ ավելի արդյունավետ պայքար։

Խաղաղության համաձայնագիրը

Վարչապետի կարծիքով՝ տնտեսական ցուցանիշները վկայում են լավատեսության մասին. «Այս ցուցանիշները մի բանի մասին են վկայում, որ մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը։ Այս փուլի համար այս հավատը շատ լավ է և կարևոր, բայց մենք մարդկանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք։ Այս փուլում խաղաղություն կա, խաղաղությունը տեղում է, խաղաղություն առկա է, խաղաղություն իրականություն է, բայց խաղաղությունը մինչև վերջ ինստիտուցիոնալացված չէ, և Կառավարության մեծագույն խնդիրն է՝ մարդկանց սպասումը տանել մինչև վերջ և տեղ հասցնել»։

Փաշինյանն առաջիկա շրջանի հիմնարար գործողություն է անվանել Խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը. «Մենք այդ սպասումն առաջացրել ենք, մարդիկ արձագանքել, հավատացել են այդ սպասմանը, հիմա մարդիկ պետք է տեսնեն, որ մենք իրենց այս սպասումը՝ որպես քաղաքական կապիտալ, վերցնում ենք և տանում, հասցնում մինչև վերջ։ Եվ սա պետք է լինի մեր ռազմավարական առաջնահերթություններից մեկը, և այստեղից է, որ մեր քաղաքական ռազմավարությունները պետք է քաղենք և մշակենք»։

Բնակֆոնդի ռենովացիան

Անդրադառնալով վարձավճարների աճին և անշարժ գույքի բարձր գներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի բնակֆոնդը «ըստ էության՝ 90% հնամաշ է»։ «Ռենովացիայի ծրագիրը հետևյալն է, որ եղած բնակֆոնդի տեղում ներդրումային ծրագրեր են իրականացվում և նոր շենքեր են կառուցվում։ Երևան քաղաքում շատ հրատապ է այս խնդիրը, և դրա մասին մտածում ենք՝ մեր նախընտրական ծրագրում և Կառավարության ծրագրում այդ մասին կա»,- ասել է Փաշինյանը։

Ստվերի դեմ պայքարը

Բյուջեի մուտքերի աճի ֆոնին վարչապետն ընդգծել է, որ երկրում դեռ ահռելի ստվեր կա, և նա բավարարված չէ ստվերի դեմ պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով ու արդյունավետությամբ։

Ինչ ցուցանիշների վրա է հենվում Կառավարությունը

Վարչապետի տվյալներով՝ 2026-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է 830 417 աշխատատեղ՝ բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը և 307 130-ով ավելի, քան 2017-ի օգոստոսին։ Նույն համեմատությամբ աշխատավարձային ընդհանուր ֆոնդն աճել է 186 մլրդ դրամով (մոտ 509 մլն ԱՄՆ դոլար) կամ 208%-ով, միջին աշխատավարձը՝ 161 հազար դրամով կամ 94%-ով։

2026-ի առաջին 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14,7%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, և 126 մլրդ դրամով ավելի, քան նախատեսված էր 2025-ին Ազգային ժողովում ընդունված բյուջեով։

Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ վարչապետի, կազմել է 7,3%, օգոստոսին՝ 5,2%։ Արդյունաբերությունն աճել է 7,4%-ով, շինարարությունը՝ 24%-ով, ծառայությունները՝ 12%-ով։ Օգոստոսին արտահանումն աճել է 1,3%-ով։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}