ԵՄ առևտրային արտոնությունները հայկական արտահանման 80%-ի համար ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 10-ից

Հայկական ապրանքների համար Եվրոպական միության ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 10-ից և կգործեն երկու տարի։ Եվրոպական հանձնաժողովի հաղորդմամբ՝ դրանք ազատականացնում են Հայաստանից ԵՄ արտահանման գրեթե 80%-ը, այդ թվում Ռուսաստանի սահմանափակումներից տուժած թարմ մրգերի, բանջարեղենի և ծաղիկների գրեթե ողջ արտահանումը, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91%-ը։
Արտոնությունները տրամադրվում են՝ աջակցելու հայ արտադրողներին և արտահանողներին Ռուսաստանի վերջերս կիրառած առևտրային սահմանափակումներից հետո։ Ըստ հանձնաժողովի՝ միջոցները կհեշտացնեն մուտքը ԵՄ շուկա և կնպաստեն Հայաստանի տնտեսության կայունությանը։
Արտոնյալ ռեժիմը նախատեսում է պայմաններ, ինչպես նաև պաշտպանական միջոցներ այն դեպքի համար, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա։ Արտոնությունները Հայաստանին աջակցության ավելի լայն փաթեթի մաս են, որը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Թվեր և համատեքստ
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-օգոստոսին Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 66,4%-ով՝ մինչև 650 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստան արտահանումը նվազել է 9,1%-ով՝ մինչև 1,65 մլրդ դոլար։ ԵՄ կշիռը Հայաստանի արտաքին առևտրում աճել է 12,3%-ից մինչև 19%։ Այս տվյալները վերաբերում են արտոնությունների ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածին (մանրամասները)։
2026-ի հունիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական բուսական և կենդանական ծագման արտադրանքի ներմուծման նկատմամբ։ ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ դրանք վերաբերում են արտադրանքի, որի արտահանումը 2025-ին կազմել է ՀՆԱ-ի մոտ 1,2%-ը։ Ծաղիկների, ձկնամթերքի և կորիզավոր մրգերի արտադրության մեծ մասն արտահանվում է Ռուսաստան։
ԵՄ խորհուրդը միջոցները վերջնականապես հաստատել է սեպտեմբերի 24-ին։
Քվոտավորման ենթակա ապրանքների ամբողջական ցանկն՝ այստեղ։
TRIPP-ի, ԵՄ արտոնությունների և ՌԴ ճնշումների հետ կապված Հայաստանի հնարավոր գործողությունների վերաբերյալ ստուգացանկը՝ այստեղ։



