Markets

Հայաստանի ԿԲ-ն բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը բարձրացրել է մինչև 2,25%

Հայաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը 0,25 տոկոսային կետով բարձրացրել է՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 2,25%-ի չափով։ ԿԲ խորհուրդը որոշումն ընդունել է հոկտեմբերի 20-ի նիստում, նոր դրույքաչափը պարտադիր կլինի կատարման 2027-ի մայիսի 1-ից (որոշում թիվ 282-Ն)։

Մինչ այդ ուժի մեջ է ԿԲ խորհրդի 2026-ի հուլիսի 28-ի որոշումը (050.0202 Ն), որի համաձայն՝ 2027-ի փետրվարի 1-ի դրությամբ բանկերը պետք է բավարարեն 2% հակացիկլիկ բուֆերի պահանջը։

Ինչու է բարձրացվել բուֆերը

Ըստ ԿԲ հիմնավորման՝ որոշումը կայացվել է մակրոֆինանսական իրավիճակի և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծության հիման վրա։

2026-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերը կազմել են ՀՆԱ-ի շուրջ 87%-ը։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքը մեծացել է և կազմել մոտ 6,6 տոկոսային կետ։ Աճել է նաև ֆինանսական ցիկլի ինդեքսը, ինչը, ԿԲ գնահատմամբ, հիմնականում պայմանավորված է անշարժ գույքի շուկայի ակտիվությամբ և վարկավորման բարձր աճի տեմպերով։

Վարկային պորտֆելի տարեկան աճը պահպանվել է նախորդ տարիների հետ համադրելի բարձր մակարդակում։ Սպառողական վարկերի աճը բարձր է, թեև տարեսկզբից որոշակի դանդաղել է։ Հիպոտեկային վարկերի աճը, նախորդ տարվա նվազումից հետո, տարեսկզբից արագացել է։

Տարեսկզբից էականորեն աճել է անշարժ գույքի միջին գինը։ ԿԲ գնահատմամբ դա կարող է պայմանավորված լինել արտաքին պահանջարկի մեծացմամբ և անշարժ գույքի նկատմամբ որպես ներդրումային ակտիվի հետաքրքրության աճով։ Հիպոտեկային վարկավորման ակտիվացման և շինարարական վարկերի բարձր աճի հետ միասին այս զարգացումները կարող են ազդակներ լինել անշարժ գույքի շուկայում արագացման նոր փուլի և ռիսկերի հնարավոր կուտակման մասին։

ԿԲ-ն ընդգծում է, որ բուֆերի դրույքաչափի հետագա փոփոխությունները՝ թե՛ բարձրացման, թե՛ իջեցման ուղղությամբ, կախված կլինեն մակրոֆինանսական պայմաններից, անորոշություններից և համակարգային ռիսկերի զարգացումից։

Բանկային համակարգը թվերով

ԿԲ ներկայացման տվյալներով՝ 2026-ի օգոստոսի դրությամբ (փակագծերում՝ տարեկան փոփոխությունը).

  • ակտիվներ՝ 13 տրլն 770 մլրդ դրամ (մոտ 37,7 մլրդ ԱՄՆ դոլար, +18,94%)
  • տրամադրված վարկեր՝ 8 տրլն 440 մլրդ դրամ (+23,39%)
  • վատորակ վարկերի կշիռ՝ 1,5% (+0,25 տոկոսային կետ)
  • պարտավորություններ՝ 11 տրլն 690 մլրդ դրամ (+19,95%)
  • ներգրավված ավանդներ՝ 7 տրլն 350 մլրդ դրամ (+20,83%)
  • հաշվեկշռային կապիտալ՝ 2 տրլն 80 մլրդ դրամ (+13,58%)
  • ընդհանուր կապիտալի համարժեքություն՝ 20,4% (+0,17 տոկոսային կետ)
  • իրացվելիության ծածկույթի գործակից՝ 200,8%
  • կապիտալի շահութաբերություն (ROE)՝ 18,29% (−2,5 տոկոսային կետ)
  • ակտիվների շահութաբերություն (ROA)՝ 2,9% (−0,45 տոկոսային կետ)

Շինարարության ոլորտի վարկերի ծավալը օգոստոսի դրությամբ գերազանցել է 1 տրլն դրամը։

Երևանում բնակարանների գներն աճել են միջինում 23,5%-ով

ԿԲ ներկայացման մեջ բերված ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Երևանի բազմաբնակարան շենքերում բնակարանների 1 քառակուսի մետրի միջին գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23,5%-ով, իսկ տարեվերջի համեմատ՝ 20,32%-ով։

Վարչական շրջաններից ամենաշատը գները բարձրացել են Շենգավիթում (29,2%), Էրեբունիում (29%), Նոր Նորքում (28,8%) և Նորք-Մարաշում (28,7%), ամենաքիչը՝ Կենտրոնում (12,7%) և Արաբկիրում (18,6%)։

Անշարժ գույքի գնի աճի ենթադրյալ գործոններից մեկը դեպի ՀՀ բնակչության զուտ ներհոսքով պայմանավորված պահանջարկի աճն է։ Անշարժ գույքի ոլորտում ներդրումային պահանջարկի աճի ազդակները պահպանվում են։ Միևնույն ժամանակ, 2020–2025-ին շահագործման է հանձնվել 5 մլն 86,2 հազ. քմ բնակելի մակերես, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է 2006–2011-ի շինարարական ակտիվության շրջանի ցուցանիշը (2 մլն 388,7 հազ. քմ)։

Անշարժ գույքի գնի աճի ենթադրյալ գործոններից մեկը դեպի ՀՀ բնակչության զուտ ներհոսքով պայմանավորված պահանջարկի աճն է
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ
Անշարժ գույքի ոլորտում ներդրումային պահանջարկի աճի ազդակները պահպանվում են
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ, ՀՀ կադաստրի կոմիտե

Ինչ է հակացիկլիկ բուֆերը

Կապիտալի հակացիկլիկ բուֆերը լրացուցիչ կապիտալ է, որը բանկերից պահանջվում է վարկավորման արագ աճի և համակարգային ռիսկերի կուտակման շրջանում։ Դրա նպատակն է անկման փուլում կլանել հնարավոր կորուստները և ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը։ ԿԲ-ն հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը վերանայում է յուրաքանչյուր եռամսյակ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}