Binance-ը 6,3 մլրդ դոլարի նախնական վնասով անվտանգության միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Binance կրիպտոարժութային բորսայում անվտանգության միջադեպի ընդհանուր վնասը, նախնական գնահատմամբ, կազմում է շուրջ 6,3 մլրդ ԱՄՆ դոլար։
Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ։ Binance-ի հետաքննության նախնական արդյունքները վկայում են, որ միջադեպը կարող էր կապված լինել DevOps ինժեների նոթբուքի նկատմամբ չարտոնված հասանելիություն ստանալու հետ, ինչի հետևանքով չարագործը մուտք է գործել ծառայության կոնտեյներ և կարողացել նախաձեռնել միջոցների դուրսբերման չարտոնված գործարքներ։ Այս պահի դրությամբ դրամապանակների մասնավոր բանալիների արտահոսքի մասին վկայություններ չեն հայտնաբերվել։ Հետաքննության ավարտից և բոլոր փաստերի ամբողջական ստուգումից հետո ընկերությունը կհրապարակի միջադեպի վերաբերյալ մանրամասն տեխնիկական հաշվետվություն։
Բլոկչեյն ոլորտի գործընկերների հետ համատեղ Binance-ը միջոցներ է ձեռնարկել միջադեպին առնչվող ակտիվները սառեցնելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ բլոկչեյնում սառեցվել են շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։
Binance-ն ամբողջությամբ կփոխհատուցի բոլոր վնասները՝ օգտատերերի ակտիվների ապահովագրական հիմնադրամի (Secure Asset Fund for Users, SAFU) և ընկերության սեփական միջոցների հաշվին։ Ընկերության համաձայն՝ օգտատերերի միջոցներն ապահով են։ Միջադեպը չի ազդել միջոցների մուտքագրման գործառնությունների վրա, որոնք շարունակվում են բնականոն ռեժիմով։ Միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներն ավարտելուց հետո Binance-ը կներկայացնի նաև պահուստների հաստատման թարմացված հաշվետվությունը (Proof of Reserves)։
Որպես անհապաղ նախազգուշական միջոցներ՝ Binance-ը՝
- ժամանակավորապես կասեցրել է միջոցների դուրսբերումը՝ դուրսբերման ծառայության և դրա հետ կապված հասցեների անվտանգության համակարգի համապարփակ վերանայման ընթացքում,
- չեղարկել է միջադեպին առնչվող հասցեին տրված թույլտվությունը,
- ներգրավել է իրավապահ մարմիններին և բլոկչեյն վերլուծության ոլորտի գործընկերներին՝ միջոցների շարժին հետևելու և դրանց վերադարձն ապահովելու նպատակով։
«Մեր թիմերն աշխատում են շուրջօրյա՝ միջադեպի հետևանքների անվտանգ և համապարփակ վերացումն ապահովելու համար։ Մենք սերտորեն համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ՝ չարագործների ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։



