Հայաստանում 2027-ին հարկային եկամուտների բաժինը ՀՆԱ-ում նախատեսվում է մեծացնել 0,6%-ով

Հայաստանի 2027-ի պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 3 տրլն 604 մլրդ դրամ (մոտ 9,86 մլրդ ԱՄՆ դոլար)՝ ՀՆԱ-ի 26,5%-ը, իսկ ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 29,9%-ը։
Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն՝ տվյալները ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2027-ին ՀՆԱ-ն կանխատեսվում է 13 տրլն 614 մլրդ դրամ։ Հարկային եկամուտները կկազմեն 3 տրլն 463 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 25,4%-ը. 2026-ի համեմատ այս ցուցանիշը պլանավորվում է բարելավել 0,6 տոկոսային կետով։
Կապիտալ ծախսերը կկազմեն 761 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 5,6%-ը, 2026-ի բյուջեով նախատեսված 704 մլրդ դրամի դիմաց։ Կապիտալ ծախսերի 44%-ը պաշտպանության ծախսեր են։
2026-ի համեմատ ծախսերը կավելանան Առողջապահության նախարարությունում՝ 136 մլրդ դրամով, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունում՝ 91 մլրդ դրամով, Պաշտպանության նախարարությունում՝ 53 մլրդ դրամով։ Ըստ ոլորտների՝
- սոցիալական ոլորտ՝ 1 տրլն 868 մլրդ դրամ, 15% աճ,
- ուժային ոլորտ՝ 835 մլրդ դրամ, 13% աճ,
- օրենսդիր և գործադիր ծախսեր՝ 668 մլրդ դրամ, 5% աճ,
- տնտեսական ոլորտ՝ 496 մլրդ դրամ, 10% աճ,
- Կառավարության պահուստային ֆոնդ՝ 93 մլրդ դրամ,
- արդարադատություն՝ 82 մլրդ դրամ,
- ապարատային մարմիններ՝ 29 մլրդ դրամ, 10% նվազում։
Նախարարը խոսել է նաև տնտեսական զարգացումների և միջազգային շուկաներում իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ 2026-ին արձանագրվել է դրական տնտեսական զարգացում, իսկ միջազգային շուկաներում առկա է գնաճային միջավայր, աճել են պղնձի և նավթի գները։ Կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում նավթի գները կնվազեն. նախորդ շաբաթ այդ նվազումը նկատելի էր։
«Հայաստանից արտահանման ծավալները նվազում են, բայց եթե մենք մաքրում ենք վերաարտահանումը, ապա արտահանման ծավալներն աճում են։ Մենք կառուցել ենք մեր ենթադրություններն այն հանգամանքի վրա, որ հաջորդ տարի այդ վերաարտահանման գործոնն ավելի փոքր կլինի կամ ընդհանրապես չի լինի»,- նշել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ դրամական փոխանցումները շարունակում են աճել 21,5%-ով, և այս պայմաններում Կենտրոնական բանկն իրականացրել է միջամտություններ, որոնց արդյունքում ռեզերվներն էականորեն աճել են։
Պատգամավորների հարցերին պատասխանելիս Հովհաննիսյանն անդրադարձել է արտաքին միջավայրի կանխատեսումներին և բյուջեի վրա դրանց ազդեցությանը, ծրագրային ցուցանիշներին, վերջին շրջանում որոշ բիզնեսների փակման՝ տնտեսության վրա ազդեցությանը, ծրագրային բյուջետավորման առանձնահատկություններին, արտահանման ուղղություններին և ոլորտային այլ հարցերի։



